Ինչու են ամռանն ակտիվանում առնետները. ինչով են նրանք վտանգավոր, ինչ հիվանդություններ են տարածում և ինչպես պայքարել

Վերջին շրջանում «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմում Երևանի բազմաբնակարան շենքերի բնակիչները՝ պնդելով, որ իրենց շենքերի նկուղներում հայտնվել են, այսպես ասած, «անցանկալի» բնակիչներ՝ առնետներ, որոնք ուղիղ սպառնալիք են թե՛ բնակիչների, թե՛ առհասարակ շրջակա միջավայրի համար:

«Հայկական ժամանակ»-ը համապատասխան կառույցներից փորձել է հասկանալ, թե ինչո՞վ կարող է պայմանավորված լինել առնետների ակտիվությունը, և որքանո՞վ են դրանք վտանգավոր:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմախչյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իրականում առնետների ակտիվացման համար կա սեզոնայնություն, այսինքն՝ եղանակի տաքացմանը զուգահեռ նրանց քանակն ավելանում է, քանի որ բազմացման ակտիվ շրջան է:

«Հայաստանում մոտավորապես 15 տեսակի կրծող կա, որոնցից մեկն էլ առնետն է, ընդհանուր առմամբ նրանց անվանում են սինանտրոպ կրծողներ, դրանք այն կրծողներն են, որոնց բնակավայրերը տեղակայվում են հենց մարդկանց բնակավայրերին մոտ, կամ զուգահեռ այն տարածքներում, որտեղ ապրում են մարդիկ»,- ասում է Չախմախչյանը:

Ըստ նրա՝ առնետն իրեն ավելի պաշտպանված է զգում բնակեցված վայրերում, քան բնության մեջ, քանի որ սնվում է մարդու արտադրած մթերքներով, թափոններով և մնացորդներով. «Առնետներին չգրավելու առումով մի քանի չի կարելիներ կան. չի կարելի թողնել կենսաբանական նյութ պարունակող աղբը բաց տարածքներում, չպետք է հակասանիտարական վիճակ ստեղծել և չպետք է սնունդը պահել բաց՝ կենդանիներին հասանելի վիճակում: Սակայն այս ամենը դեռ չի ապահովագրում, որ առնետներ չեն հայտնվելու»:

Առաջին հայացքից սովորական թվացող այս կրծողները, պարզվում է, մի շարք հիվանդություններ են տարածում բոլոր այն վայրերում, որտեղ հայտնվում են: Սերգեյ Չախմախչյանը թվարկում է դրանք:

«Կարող է լինել լեպտոսպիրոզը, մարդու ժանտախտը, կատաղություն հիվանդությունը, տուլարեմիան, բծավոր տիֆը և այլ հիվանդություններ: Բացի դրանից՝ նրանց մաշկի մազածածկի վրա գտնվում են արյունածուծ էկտոմակաբույծներ, նաև այդ մակաբույծներն են վտանգավոր մարդուն վարակելու առումով: Դրանք կարող են առաջանալ կրծողի հետ ուղիղ շփումից, կամ, օրինակ, եթե սննդամթերքը պահվել է պահեստում, որտեղ եղել են առնետներն ու կղանքով կամ մեզով աղտոտել են այն: Կարող է նաև լինել շնչուղիներով վարակման ուղի, այսինքն՝ օդի միջոցով»,- զգուշացնում է նա:

Զրուցակիցը նշում է նաև այն տարբերակներն ու գործոնները, որոնց միջոցով կարելի է պաշտպանվել կրծողներից. «Իհարկե, առաջին հերթին բնակարանը, պահեստը, հարակից տարածքները սանիտարական բարվոք վիճակում պահելն է: Սնունդը պետք է պահել փակ տարաներում, հնարավորինս զերծ նրանից, որ կենդանիները և միջատները չկարողանան թափանցել: Կան նաև մեթոդներ, որով հենց պայքարում են կրծողների դեմ. թունաքիմիկատների օգտագործումն է, որոնք ուտելու դեպքում առնետները ոչնչանում են: Դրանց ասում են ռոդենտոցիտներ, որոնք լայն կիրառում են ստացել: Կան նաև այլ՝ ալտերնատիվ մեթոդներ՝ գիտության զարգացման հետ կապված. դրանք ուլտրաձայնային հատուկ էլեկտրոնային սարքերն են, որոնք բարձր հաճախականության ձայն են առաջացնում: Այն մարդու ականջը չի ընկալում, բայց կենդանիներին վանում է»:

Միաժամանակ Չախմախչյանը նկատում է, որ առնետները բավական և՛ սոցիալական կենդանիներ են, և՛ ինտելեկտուալ. նրանք հասկանում են, որ իրենց ցանկանում են որսալ, ինչի արդյունքում խուսափում են թակարդներից. «Այս իսկ պատճառով տան պայմաններում նրանց որսալը բավական բարդ է, կարևոր է կրծողներին ոչնչացնող կազմակերպությանը դիմելը, որոնք մասնագիտացված են այդ ուղղությամբ: Պետք է կոմպլեքսային մոտեցում լինի, որն առանձին բնակարանի բնակիչը չի կարող նախաձեռնել»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ հարցը միանշանակ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է:

«Բնականաբար, կրծողների ավելացմամբ և հայտնվելով՝ հակասանիտարական և հակահիգիենիկ պայմաններ են ստեղծվում, և որպես դրա կանխարգելիչ միջոցառում ամեն տարի յուրաքանչյուր շենքի համատիրություն կամ լիազոր մարմին մրցույթ է հայտարարում՝ դերատիզացիա, նույնն է առնետազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով, և կրծողների դեմ պայքար է մղվում հատուկ նյութերի միջոցով: Այդ առումով նաև հանձնարարական կա, որպեսզի համատիրության նախագահներն ու լիազոր կառավարիչները ուշադիր լինեն, հատկապես ամռանը, երբ կրծողների ակտիվացման միտում կա»,- վստահեցնում է նա:

Ըստ Կարոյանի՝ խուճապային և անհանգստացնող իրավիճակ և վիճակագրություն այս առումով Երևանում չկա: Վերջինս հորդորում է քաղաքացիներին կրծողներ նկատելու դեպքում ոչ մի պարագայում չիրականացնել առնետազերծման գործառույթ, երեխաներին, ընտանի կենդանիներին հասանելի վայրերում չտեղադրել թունքիմիկատներ, քանի որ դրանք իրենց հերթին բարդություններ են առաջացնելու:

«Երբ նույն համատիրությունը կազմակերպում է դերատիզացիա, հատուկ մրցույթի շրջանակում պայմանագիր է կնքում մասնագիտացած կառույցի հետ, որն էլ գիտի, թե որտեղ և ինչ չափաբաժնով է պետք տեղադրել նմանօրինակ միջոցները: Եթե շարքային բնակիչը տեսանելի վայրում օրերից մի օր կրծող է տեսել և կանխարգելիչ միջոցառումներ է անում, բնականաբար, ընդունելի չէ, քանի որ բնակիչների մի որոշ զանգված էլ ունի ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, թռչուններ, պատկերացնում ե՞ք՝ հանկարծ մեկ այլ ընտանի կենդանու համար հասանելի տեղում լինի, էլ չեմ խոսում երեխաների մասին: Կրծողները երբևէ տեսանելի վայրից ոչ մի բան չեն վերցնում, չեն սնվում, մութ անկյուններից են սնվում և համապատասխանաբար այդտեղ են բազմանում: Դրա համար մասնագիտացված կազմակերպություններ կան, որոնք համապատասխան գործողություններ են իրականացնում և գիտեն, թե որտեղ և ինչ չափաբաժնով թունաքիմիկատներ պետք է դնեն՝ նրանց վերացնելու համար»,- հավաստիացնում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ