![]()
«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունների, դրանում եղած արտաքին և ներքին ազդակների, ինչպես նաև ԱՄՆ ընտրությունների մասին:
Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.
— Պարոն Հովհաննիսյան, հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններն ի՞նչ նշանակություն ունեն մեզ համար, և արդյոք պատահակա՞ն է, որ դրանք հիմա են անցկացվում:
— Սա որոշակի անվտանգային մեսիջ ունի, որովհետև հայ-ամերիկյան զորավարժությունները կարծես թե հակընդդեմ զորավարժություններ են Ադրբեջանի և թուրքալեզու պետությունների հետ միասին կազմակերպվող զորավարժություններին, բնականաբար, նաև նկատի ունեմ Թուրքիային: Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Ադրբեջանը և Թուրքիան 2020 թվականից հետո գրեթե ամեն ամիս համատեղ զորավարժություններ են անցկացնում: Սա նաև ազդակ է առ այն, որ ամեն դեպքում ամերիկյան կողմը ՀՀ զինված ուժերին տարածաշրջանում դիտարկում է որպես սուվերեն ԶՈՒ, որպես զարգացող ԶՈՒ և համատեղ գործողություններ է իրականացնում: Սա իրականում մեր բանակի համար կարևորագույն փուլ է, և պետք է գիտակցեն Զինված ուժերում զորավարժություն անցնողները, կամ հրահանգավորում ստացողները: Պետք է կարողանան առավելագույնս վերցնել այս զորավարժություններից և ներդնեն հայկական բանակում:
— Թիրախը միայն Ադրբեջա՞նն է, թե՞ Ռուսաստանն էլ, Ադրբեջանին որևէ կերպ կարո՞ղ է զսպել:
— Կարելի է նաև ՌԴ-ին համարել թիրախ, իսկ Ադրբեջանի համար իսկապես կարող է որոշակիորեն զսպող մեխանիզմ լինել: Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ զորավարժություններն անցկացվում են խաղաղապահ բրիգադի, այլ ոչ թե մյուս ստորաբաժանումների հետ: Երբ մնացած ստորաբաժանումների հետ լինեն զորավարժություններ, ապա Ադրբեջանը միանշանակ կընդունի, որ սա մեսիջ է ՀՀ պաշտպանողականության բարձրացման առումով և թե՛ ռազմադաշտում, թե՛ քաղաքական հռետորաբանության մեջ փոփոխություն կմտցնի:
— Իսկ առաջիկայում ի՞նչ զարգացումների սպասել. արդյոք հնարավո՞ր են նոր փոքր էսկալացիաներ՝ հաշվի առնելով, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Ադրբեջանը նմանօրինակ զորավարժություններին մեծ խանդով են վերաբերվում: ՌԴ-ն կարո՞ղ է դրդել Ադրբեջանին գնալ որոշակի քայլերի:
— Այստեղ ոչ թե ՌԴ-ին, այլ Թուրքիային պետք է դիտարկեմ. ՌԴ-ն ոչ թե դրդում է Ադրբեջանին, այլ պարզապես մի կողմ է քաշվում տվյալ դեպքում՝ կանաչ լույս վառելով Ադրբեջանի համար: Դրդող կամ թելադրող կողմը Թուրքիան է: Մեծ հաշվով մեր տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության թեժացումը ես ավելի շատ կապում եմ ԱՄՆ նախագահի ընտրությունների հետ, թե ով կընտրվի, դրանով են պայմանավորված լինելու հետագա գործողությունները: Անկեղծ ասած՝ Թրամփի ընտրվելու պարագայում կարծում եմ, որ որոշակի լարվածություն կլինի, որովհետև գաղտնիք չեմ բացահայտի, որ Թրամփը վարում է իզոլացիոն քաղաքականություն, այսինքն՝ որոշակի առումով զորքերը հետ է քաշում տարածաշրջաններից: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, թե ինչ դիրքորոշում կունենա այն դեպքում, եթե տեղի ունենա որոշակի լարվածություն, ապա կարծում եմ, որ ամեն դեպքում ՌԴ-ն կփորձի Հայաստանին պարտադրել ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցություն և կփորձի ՀՀ ներկայացվածությունը ՀԱՊԿ-ում ավելի ներկայանալի դարձնել: Այս իմաստով կարծում եմ՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ տարածաշրջանում հակամարտությունը չսառի, որովհետև հակամարտության բացակայության դեպքում կարող է ընդհանրապես տարածաշրջանից դուրս գալ:
— Խոսեցիք Թուրքիայի մասին. այդ երկրի հռետորաբանության ու դիրքորոշման մեջ վերջին շրջանում տեսնում ենք փոփոխություն, մասնավորապես, որ իր համար կարևոր է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումը: Սա ի՞նչ միտում ունի և որևէ կերպ կապվա՞ծ է ԱՄՆ ընտրությունների հետ:
— Իրականում ամեն ինչ կախված է ԱՄՆ նախագահական ընտրություններից: Երբ որ Թրմափն էր ԱՄՆ նախագահ, Թուրքիան կարողացավ մի քանի ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հատվածում և Իրաքում: Սա դրա վառ ապացույցն է, որ իրականում Թրամփը և իր վարած քաղաքականությունը թույլ է տալիս կամ արձակում է Թուրքիայի ձեռքերը, նույնն էլ 2020 թվականին էր, երբ որ ընտրություն էր ԱՄՆ-ում, Հարավային Կովկասում լայնածավալ գործողություններ էին: Թուրքիան իրականում փորձում է այս հայտարարության տակ թաքցնել իր նկրտումները՝ կապված տարածաշրջանի հետ, փորձում՝ վերականգնել իր երբեմնի դիրքը:
— Կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ ընտրությունների պատճառով է ձգվում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումը:
— Ոչ, խաղաղության պայմանագիրը կապ չունի դրա հետ: Ես բազմիցս եմ ասել, որ, որպես այդպիսին, Խաղաղության պայմանագիր Ադրբեջանը չի կնքելու, չի գնալու դրան, անընդհատ նոր պահանջներ է ներկայացնելու, որովհետև Ադրբեջանի նպատակը ոչ թե Խաղաղության պայմանագիրն է, այլ միջանցքի ձեռքբերումը: Խաղաղության պայմանագիր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի վրա հստակ արտաքին ճնշումներ չկան
![]()