![]()
Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի նորարական գոտու տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Պանայոտիս Կետիկիդիսի հետ։
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած վերջին ձեռքբերումները, ընդգծել դրա` որպես երկրի համար ռազմավարական կարևորագույն ուղղության նշանակությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է թվայնացման էական դերը կրթության, տնտեսության գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման գործում։
Պրոֆեսոր Կետիկիդիսը նշել է, որ տարբեր առիթներով հնարավորություն է ունեցել այցելելու Հայաստան և կարող է հաստատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի արձանագրած մեծ առաջընթացը։ Նա նաև ներկայացրել է Սալոնիկը որպես տեխնոլոգիական գոտի վերածելու իր կազմակերպության հայեցակարգը`պատրաստակամություն հայտնելով հայկական ընկերությունների հետ համագործակցել տեղական, համազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում կապերի հաստատման և փորձի փոխանակման հարցերում։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Խաղաղության խաչմերուկի հայեցակարգին և խոսեց տարածաշրջանի զարգացման հեռանկարում դրա կարևորության մասին։
Հանդիպմանը մասնակցել է նաև Սալոնիկում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։
![]()