Վրաստանի նախագահը կդիմի ՍԴ՝ վիճարկելու «Օտարերկրյա գործակալների» օրենքի սահմանադրականությունը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղարկելու համար։

Երկրի ղեկավարի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընդունած օրենքը հակասահմանադրական է։ Զուրաբիշվիլին դատարանին կխնդրի պարզել՝ արդյոք այն համապատասխանում է երկրի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները երկիրը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու համար։

Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել էր:

Անկախ ստեղծված իրավիճակից, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական է համարում և համոզված է, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2030 թվականը՝ չնայած տարբեր խնդիրներին։

Ավելի վաղ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը վտանգի տակ է դնում իր ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ՝ կապված վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու հետ։

«Նրանք (Վրաստանի կառավարությունը) վտանգեցին եվրոպական ուղին՝ ընդունելով ռուսական օրենքը (օտարերկրյա գործակալների մասին օրենք) և այժմ սպառնալիքի տակ են դնում մեր ռազմավարական գործընկերությունը, որի վրա հիմնված է մեր պաշտպանական ուժերի հզորացումը և մերձեցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին»,- ասել էր Զուրաբիշվիլին:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ