![]()
«Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում «Հանուն Հայաստանի» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն ԱԺ ամբիոնից կախեց Եվրամիության դրոշը, ապա վրան «կալոշ» դրեց։
«Այս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական ու արատաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք է և այս «կալոշ» պետք է շպրտվի մեր իրականությունից։ Հույս ունեմ, որ մենք դրա շուրջ էլ քննարկում ենք ծավալելու, ժամանակն է վճռական գործողությունների։ Սա իրապես կենսական գոյաբանական հարց է»,- իր ելությում ասաց նա։
Նրա խոսքով՝ ամբիոնից կախելով ԵՄ դրոշը, դրա ներքո քննարկումները կանցկացվեն ավելի պատկերավոր։
Սակայն խորհրդարանական լսումները վարող ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատողություն արեց Բաբաջանյանին․ «Պարո՛ն Բաբաջանյան, ես խնդրեցի չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների և դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է։ Դրոշի հետ խնդիր չկա, երկու հատ էլ ես կարող եմ բերել»։
Տեղից արձագանքեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ինչին ի պատասխան Եղոյանն ասաց․ «Պարո՛ն Մկրտչյան, Դուք հիմա եկել ասում եք՝ փողոցում ՌԴ դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա փողոց չէ, սա ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճ է։ Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որն իմ կարծիքով կարող էր և չլինել։ Ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
![]()