![]()
Իրավագետ Արտաշես Խալաթյանը կարծում է, որ Հայաստանի՝ վերջին շրջանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բարձր մակարդակով հանդիպումներին չմասնակցելու որոշումը կապված է առաջիկայում կառույցից դուրս գալու քաղաքականության հետ։
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով կազմակերպության նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը:
Ըստ նրա, սակայն, եթե նախկինում նմանատիպ քաղաքականությունը, այսինքն՝ հանդիպումներին չմասնակցելը, անհրաժեշտ էր և ըմբռնելի, ապա ժամանակի ընթացքում այն դարձել է անարդյունավետ՝ մանրամասնելով՝ ինչու:
«Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ հույս չկա, և այն դառնում է ոչ միայն կրավորական կեցվածք դրսևորող կառույց, այլ նաև ոչ բարեկամական գործողություններ է կատարում Հայաստանի հանդեպ։ Ուստի ժամանակն է այնտեղից հեռանալու, քանի որ անվտանգային քաղաքականության առումով կաշկանդում է Հայաստանին, մասնավորապես՝ արևմտյան գործընկերների հետ հստակ պայմանավորվածությունների համար, որպեսզի նրանք մեզ մատակարարեն ավելի արդյունավետ զինտեխնիկա, խնդիրներ են առաջանում։ Հստակ դիրքորոշում են ուզում տեսնել թե՛ Ռուսաստանը, թե՛ միջազգային գործընկերները»,- ասում է իրավագետը:
Ինչ վերաբերում է ամեն անգամ նման հանդիպումներին չմասնակցելու հետ կապված՝ Ռուսաստանից հնչող հայտարարություններին, վերջինս սա համարում է իրավիճակին համահունչ. «ՌԴ-ն չի կարող անձամբ ասել Երևանին ՀԱՊԿ-ից հեռացնելու մասին, հետևաբար մնում են միայն ճնշում գործադրող հայտարարությունները: Մի կողմից, եթե Մոսկվան նման քայլով հանդես գա, ապա հայ-ռուսական հարաբերությունները անդառնալի կլինեն, իսկ հակառակ պարագայում պետք է հնչեն նման հայտարարություններ, փորձ անեն ՀՀ-ին բանակցությունների միջոցով վերադարձնել ՀԱՊԿ, սակայն որևէ իրատեսություն դրա մեջ չկա»։
Զրուցակիցը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրել, որը կլինի տնտեսական ոլորտի մասով: Միաժամանակ Խալաթյանը կարևորում է, որ երկիրը հստակ պետք է ձևավորի այդ ճնշումների դեմ դիմակայելու մեխանիզմ:
«Կարծում եմ՝ զենքի մատակարարման գործընթացների արագացումը խոսում է Արևմուտքի՝ այդ սպասման մասին, թե երբ է ՀՀ-ն լքելու կառույցը։ Այդ աննախադեպ արագ գործընթացը ուղիղ կապված է նաև ՀՀ վարչապետի կողմից օրերս Ազգային ժողովում հնչեցված մտքերի և Բելառուսի հետ հարաբերությունները սառեցնելու հայտարարության հետ։ Կրկնում եմ՝ Արևմուտքը փոխադարձ քայլեր է ակնկալում»,- ասում է նա:
Անդրադառնալով Կապանում հյուպատոսություն բացելու՝ Ռուսաստանի ցանկությանը՝ իրավագետը նկատում է՝ սա ևս կապված է Հայաստանին վերադարձնելու և Սյունիքից կտրված չլինելու հետ:
«Սյունիքը գնալով դառնում է միջազգային տնտեսական առանցքային օղակներից մեկը, և Ռուսաստանը չի ցանկանում հետ մնալ այդ գործընթացներից։ Սակայն հյուպատոսության բացումը կարելի է հնարավոր համարել մի պարագայում, երբ ռուսական զորքը լքի հայ-իրանական սահմանը։ Ռուսաստանը փաստացի պաշտպանում է մեր սահմանները այն պարագայում, երբ դա մեր սուվերեն իրավունքն է»,- ընդգծում է նա:
Վերջինս այն համոզմանն է, որ այլընտրանք, քան ՀԱՊԿ-ից դուրս գալն է, Հայաստանը չունի, իսկ եթե չգնա այդ քայլին, ապա ՀՀ-ին միջազգային գործընկերները անլուրջ կընկալեն:
![]()