Պատվիրատուներն անհանգստացած են շարժման արդյունքներից, մտածում են նոր դեմքեր ներգրավելու մասին. Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը չի համակերպվում իր գլխավորած շարժման ձախողման հետ: Ըստ զրուցակցի՝ այս օրերին նրա յուրաքանչյուր հայտարարություն նպատակ ունի հարթել այն հիասթափությունը, որն առաջացել է իրեն աջակցող փոքրաթիվ մարդկանց շրջանում։

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Գալստանայնի հրավիրած ասուլիսը, որտեղ վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Գալաստանյանը հայտարարել է, թե «շարժումը չի մարել, և այն շարունակելու է «օրակարգ թելադրել ողջ երկրում»։

«Հունիսի 12-ին չհաջողելով երկրում կազմակերպել նոր «Մարտի 1»՝ այժմ Գալստանյանը փորձում է իր հետևորդներին գոնե ինչ-որ բան ցույց տալ»,- ասում է նա:

Զրուցակիցը նկատում է, որ ինչպես շատ անգամներ, այսօրվա ասուլիսին ևս ընդդիմության վարչապետի թեկնածուն չուներ հստակ ասելիք: Ըստ նրա՝ նա ամեն անգամ ավելի է հայտնվում ծիծաղելի իրավիճակում։

«Այսօր հայտարարում է, որ իրենց շարժումը հաշտության օրակարգի մասին է, մինչդեռ արդեն սկսել են թիրախավորել նաև լրագրողներին, հետո խոսում է, թե դառնալու են երկրում օրակարգ թելադրող ուժ․ այս բոլոր հայտարարություններում ռացիոնալ բան չկա։ Ենթադրվում է, որ պատվիրատուներն արդեն բացասաբար են տրամադրված և անհանգստացած են շարժման արդյունքներից, որոնք չկան, ուստի այս մարդն էլ իր հնարավորությունների չափով փորձում է գործել։ Փաստ է, որ նա քաղաքական առումով և ընդհանրապես կորցրել է իր վարկանիշը»,- նկատում է նա։

Գուցե հենց սա է պատճառը, որ ընդդիմությունն արդեն մտածում է շարժման մեջ նոր դեմքեր ներգրավելու մասին, ասում է Ղևոնդյանը։

Ինչ վերաբերում է նոր մարտավարությանը. քաղաքագետը համոզված է, որ ընդդիմությանը չի հաջողվի որևէ նոր ծրագիր մտածել իշխանափոխության համար, իսկ հնարավոր ջանքերը կրկին կձախողեն, քանի որ շարժումն արդեն մոտեցել է իր տրամաբանական ավարտին։

Անդրադառնալով Գալստանյանի այն հայտարարությանը, թե եկեղեցին շարժման մեջ չի ունեցել և չունի որևէ ներգրավվածություն՝ զրուցակիցը նկատում է․ «Եկեղեցին կհրաժարվեր այս շարժումից միայն այն դեպքում, երբ հայտարարեր Գալստանյանին կարգալույծ անելու մասին: Քանի դեռ չի արել, և Գալստանյանը շարունակում է մնալ հոգևոր սպասավոր, պետք է նշել, որ որոշ չափով նրա գործողությունների պատասխանատվությունը կրում է նաև Մայր Աթոռը»։

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Սուրեն Պետրոսյանի «անհետանալու» մասին, որին ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Գալստանյանը՝ հայտարարելով, թե Պետրոսյանի՝ արտերկրից վերադառնալուն պես կորոշեն՝ ճանապարհը միասի՞ն են անցնում, թե՞ ոչ, Ղևոնդյանն ասում է, որ հարցի վերաբերյալ իր պատկերացումներն ունի․ «Չցանկանալով իր ժամանակը անիմաստ անցկացնել, ծախսել ու դրա փոխարեն գնալ իր գործերով՝ Պետրոսյանը կատակել է և Գալստանյանին ասել իրեն առևանգելու մասին, վերջինս, լինելով էությամբ սահմանափակ մարդ, դա լուրջ է ընդունել, հայտարարել դրա մասին։ Հիմա էլ այդ իրավիճակից դուրս գալու համար ստիպված նմանատիպ հայտարարություններ է անում»։

Անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրություններին, որտեղ դաշնակցական, կալանավորված Գերասիմ Վարդանյանը ուշագրավ հայտարարություններ է անում և փակագծեր բացում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի շարժման գործողությունների և դրանում ներգրավված քաղաքական, հասարակական գործիչների վերաբերյալ՝ քաղաքագետը նկատում է. «Այն, որ այս ամենը ի սկզբանե կազմակերպել էր Դաշնակցությունը, նկատելի էր առաջին օրվանից։ Ընդդիմությունը բավական լուրջ խնդիրներ ունի ներսում, և դա էլ նորություն չէ։ Խնդիրները ոչ միայն կոնկրետ գործողություններին են վերաբերում, այլ նաև սկզբունքներին։ Սարգսյանն այստեղ չեզոք դիրքում է, Քոչարյանը ընտրել է բևեռացումը Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում։ Իսկ երեք ուժերով, եթե փորձեն ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա միմյանց միջև չեն կարող կոնսեսուս ձևավորել ու կսկսեն իրար դեմ պայքարել իշխանության համար։ Եթե տեսնեն, որ այլ ուժ որևէ հաջողության է հասնում ինչ-որ գործում, ապա այդ դեպքում էլ անմիջապես կմիանան։ Նրանք որևէ դեպքում չեն թողնի այլ քաղաքական ուժի վերահսկողություն ունենալ պայքարում»:

Վերադառնալով Գալաստանյանի հնչեցրած մտքերին, նրա կողմից Արևմուտքի և ԱՄՆ-ի հասցեին հնչող մեղադրանքներին, Խաղաղության օրակարգի, ՀՀ բանակի և Հնդկաստանից գնած զենքերի վերաբերյալ քննադատություններին՝ քաղաքագետն ասում է, որ այս ամենը կարող է պայմանավորված լինել հենց այդ հիասթափված պատվիրատունների պարտադրանքով, օրինակ՝ Ռուսաստան, Հայաստանի ներսում իշխանափոխության հասնելու համար ներդրումներ արած որոշ ուժեր, ինչպես նաև՝ անձինք Թուրքիայից և Ադրբեջանից․ «Մոսկվայում շատ են նեղսրտում, որ Հայաստանը այլ ուղղություններից է զենք ձեռք բերում, երկար տարիներ ՀՀ-ին արգելված էր նման գործունեություն ծավալել։ Հետևաբար այդ մասին խոսելու և Արևմուտքին մեղադրելու պահանջը եկել է Ռուսաստանից, Գալստանյանն էլ փորձում է բավարարել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ