![]()
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի խոսքով՝ այն փաստը, որ Հայաստանի պետականության կործանման դեմ արշավ սկսած Վազգեն (Բագրատ) Գալստանյանին Ռուսաստանի հայերի միությունն արժանացրել է «Ազգի պարծանք» պարգևի, հիմքեր է ստեղծում բարձրացնելու մի հարց՝ «իսկ ո՞ր ազգի»։
Ըստ նրա՝ այս քայլը կրկին ապացուցում է, որ անձամբ Գալստանյանն ու նրա ղեկավարած շարժումը ուղղորդվում են Ռուսաստանի Դաշնությունից։
«Եթե հաշվի առնենք, որ այդ միության նախագահ Արա Աբրահամյանը թեև «յան» ազգանունն ունի, բայց պարզ չէ՝ ՌԴ, թե՞ ՀՀ քաղաքացի է, ազգությամբ ռո՞ւս է, թե՞ հայ, ո՛չ տիրապետում է հայերենին, ո՛չ էլ ռուսերենին, չնայած երկար տարիներ է՝ այնտեղ է ապրում, ապա հարցն իսկապես տեղին է, գուցե հենց ՌԴ-ի համար է Գալստանյանը պարծանք։ Աբրահամյանը առաջնորդվում է «Վերևը՝ Աստված, ներքևը՝ Վլադիմիր Պուտինը» կարգախոսով։ Այսինքն՝ Ռուսաստանի իշխանության ձեռքին խամաճիկ է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Վերջինիս կարծիքով՝ Արա Աբրահամյանը հայկական ազգանունով ինքնահռչակ միության ինքնահռչակ նախագահ է, որն այժմ էլ, այսպես ասած, «տաքսի ծառայություններ» է մատուցում Գալստանյանին, սակայն նա չի կարող համարվել շարժմանը աջակցող նոր դեմք, ինչի մասին հայտարարել էր քաղաքական գործիչ նախկին հոգևորականը, թե շարժմանը նոր դեմքեր են միանալու․ «Աբրահամյանը չի կարող նոր դեմք լինել, նրանից նավթալինի հոտ է փչում։ Պետք է սպասենք տեսնենք, թե իրենց հաջորդ հանրահավաքին ո՞ւմ են բերելու։ Ես միշտ բարձրաձայնել եմ նաև այդ հարցը, որ Գալստանյանը հոգեկան հիվանդությամբ է տառապում, ուստի հռետորական հարց ՀՀ բոլոր հոգեբույժներին ու հոգեբաններին, որպեսզի դիտարկեն նրա հրապարակային ելույթներն ու ՀՀ քաղաքացիներին հրապարակային մասնագիտական եզրակացություն տրամադրեն»։
Քաղաքագետն իր օրինակով է ներկայացնում, որ Ռուսաստանի հայերի ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ ՌԴ հայերի միության կառույցին․ «Ես երկար տարիներ ապրել եմ Ռուսաստանում և հավաստիացնում եմ, որ նույնիսկ Աբրահամյանին չեն ճանաչում։ Նա արդեն ապացուցում է, որ իրականում զբաղված է ոչ թե հայերի խնդիրներով, այլ Ռուսաստանի ծրագրով է առաջնորդվում, սակայն ձախողելու են, ինչ էլ ձեռնարկեն։ Խորհուրդ եմ տալիս նրան վերադառնալ Մոսկվա և տաջիկների ու կիրգիզների հետ օգտվել ՌԴ-ի տված միլիարդներից»։
Մկրտչյանի խոսքով՝ Աբրահամյանի և ՌԴ-ում բնակվող ազգությամբ հայ, բայց Հայաստանի դեմ գործող անձանց մուտքը ՀՀ իշխանությունները պետք է արգելեն։ Այդ արգելքի համար, ըստ նրա, լեգիտիմ հիմք կարող են լինել Արա Աբրահամյանի և Վլադիմիր Պուտինի միջև առկա սերտ կապերը։
Խոսելով Աբրահամյանի այն հայտարարությունից, թե պետք է օգնեն և պաշտպանեն Գալստանյանին՝ Մկրտչյանը նկատում է․ «Սկսենք նրանից, որ այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, բայց հետաքրքիր է, թե ումի՞ց են պաշտպանելու։ Ընդամենը երկու խեղկատակ ՌԴ ներգործությամբ խոսում են միմյանց պաշտպանելու մասին։ Ռուսաստանը չի կարող որևէ կերպ Հայաստանում խժդժություններ առաջացնել, 300-2000 քաղաքացի չի կարող քաղաքական օրակարգ թելադրել։ Թե՛ հայերի այդ միության նախագահը, թե՛ Գալստանյանը իրավունք չունեն խոսել ժողովրդի պահանջից, քանի որ ժողովուրդն արդեն իր տեսակետը հայտնել է»։
Զրուցակիցն ընդգծում է՝ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները գտնվում են Ռուսաստանի իրավապահ համակարգի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և ծառայում են Կրեմլին։ Նա փաստում է, որ 30 տարիների ընթացքում այդ միությունը որևէ օգնություն չի տրամադրել Հայաստանին․ «Գալստանյանի ոճով ասում եմ՝ սուտ են այն պնդումները, թե նրանք օգնություն են տվել երկրին։ Ես տեսել եմ, թե ինչերով են զբաղված և թույլ չեն տալիս համայնքը միավորել և մեկ միլիոնից ավելի քաղաքացիներին Ռուսաստանում փաստի առաջ են կանգնեցնում։ Աբրահամյանը թող պատասխանի, թե ինչո՞ւ ՌԴ խորհրդարանում ազգությամբ հայ որևէ պատգամավոր չկա, արդյոք ունե՞նք պետական ստատուսով հայկական դպրոց, թե՞ ոչ»։
![]()