![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման նպատակը Ռոբերտ Քոչարյանին կրկին իշխանության բերելն էր, որի հրահանգիչը Ռուսաստանն է:
Տեսակետը Խաչատրյանը հայտնում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
Հարցադրմանը, թե ինչի՞ հասավ շարժումը այս ընթացքում, զրուցակիցն ասում է. «Հասան նրան, որ իրենք և իրենց տերերի տերերը հասկացան՝ ՀՀ-ում այլևս անելիք չունեն, և Հայաստանը չի գնալու այն ճանապարհով, որով գնացել է տարիներ շարունակ՝ ստրուկի, ստիպված լինելու ճանապարհով: Տարիներ շարունակ գնացել ենք այդ ճանապարհով, որովհետև 5-10 հազար դրամով կեղծված ընտրություններ ենք ունեցել, և այդ իշխանությունները չէին կարող ՀՀ շահերից որևէ բան անել, իսկ հիմա ունենք այլ իրականություն»:
Խոսելով շարժման առաջնորդի՝ հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանի մասին՝ Խաչատրյանն ասում է, որ նա կերպարային առումով քաղաքական չէ, չգիտի՝ ինչ անել, ինչի մասին է վկայում փողոցում նրա շարժուձևը:
«Օրեր շարունակ ուզում էր հեռանալ, և պետք էր պատրվակ՝ մի քանի հարյուր կամ հազար համակիրներին մի բան ասելու համար: Ասելիք չկար, և այդ ասելիքի փոխարեն փորձում էին սադրել, որ բախում լինի, արդարանային՝ դե ստիպված են գնալ»,- կարծում է նա:
Վերջինս ԱԺ շենքի մոտ տեղի ունեցածի ֆոնին ոստիկանության գործողությունները որակում է օրինաչափ. «Ես տեսել եմ հենց Գալստանյանի տիրոջ հրահանգած՝ ընդդիմության ջարդերը, մենք այդ ամենը անցել ենք: ԱԺ-ի դիմաց հուլիսի 12-ին ոստիկանները կանանց չէին տանում ոստիկանական բաժիններ ու մահակներով ծեծում, մարդկանց շքամուտքերի մոտ չէին ծեծում, ընդամենը օրինաչափ գործողություն էր, որն իրենք բախում են անվանում, քանի որ նման մի բան պետք էր՝ տուն գնալու համար: Ընդդիմադիր պատգամավորներից մեկն էլ վարչապետին ասում էր, թե՝ բա չենք մոռանալու, հետք է թողնելու. տիկնոջ հիշողությունը պետք է թարմացնել, որ ՀՀ քաղաքացիների հիշողություններում հետք է թողել «Հոկտեմբերի 27»-ը, «Ապրիլի 12»-ը, «Մարտի 1»-ը: Այսօրվա կատարվելիքը զրո ամբողջ շատ զրոներով մեկ տոկոսն է այն ամենի, ինչ կատարվել է»:
Անի Խաչատրյանի խոսքով՝ շարժմանը միացած և սատարող ընդդիմադիր պատգամավորների համար մանդատները կյանքի նպատակ է և ամենամեծ ձեռքբերումը: Միանշանակ էր, որ նրանք չէին հրաժարվելու դրանցից՝ շատ լավ իմանալով, որ ԱԺ-ն շարունակելու է իր բնականոն աշխատանքը:
«Գալստանյանին իրենք բերել էին և օգտագոծեցին այնպես, ինչպես ցանկանում էին, թող չօգտագործվեր, թող մնար Աստծուն ծառայեր, որն իր առաքելությունն էր, չգար փողոցում արժեզրկեր թե՛ եկեղեցին, թե՛ հավատը: Ինքն է համաձայնվել օգտագործվելու: Ցանկացած մարդ, որը օգտագործման ենթակա է, հրահանգ կատարող է, օգտագործվում և շպրտվում է. ինքն ընտրեց այդ ճանապարհը՝ օգտագործվեց և ճանապարհվեց»,- ասում է Խաչատրյանը:
«Հանրապետություն» կուսակցության անդամի համոզմամբ՝ աշնանը վերոնշյալ ուժերը կվերադառնան նոր դերակատարներով. «Աշնանը կգտնեն նոր անձնական օգտագործման մեկին, կբերեն, նորից մի քանի օր այսպիսի շոուներ կանեն, որպեսզի փորձեն մնալ խաղի մեջ: Բայց ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիների 99 տոկոսը գիտակցում է և հասկանում ու դրա համար դուրս չի գալիս փողոց: Դա նույնն է, որ կարգին թողարկման կամ անորակ հեռուստասերիալների արանքում ամառային արձակուրդների են գնում»:
![]()