Ինչու էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները բախումներով ուզում գնալ ԱԺ. մանրամասնում է Խզմալյանը

«Հայկական ժամանակ»-ը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ զրուցել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլախվորած շարժման գործողությունների մասին: Այն ներկայացնում ենք՝ ստորև.

— Պարոն Խզմալյան, փողոցում տեղի ունեցող քաղաքական գործընթացները երեկ՝ հունիսի 12-ին, տարբերվեցին մինչ այդ տեղի ունեցած հանրահավաքներից և ակցիաներից. Ազգային ժողովի շենքը գրոհելու նպատակով հոգևորականի կարգավիճակը ժամանակավոր սառեցրած Գալստանյանը և նրա աջակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որը պատճառ դարձավ, որ ոստիկանությունը գործողություններ իրականացրի: Ըստ Ձեզ՝ ինչի՞ էր փորձում հասնել շարժման առաջնորդը:

— Սառեցված է, թե տաքացված, հոգևորական է, թե աշխարհիկ էական չէ, նա ընդամենը դերակատար է, իսկ ո՞վ է կանգնած նրա հետևում. մենք կտեսնենք շատ հետաքրքիր բան. ԱԺ շենքը փորձում են գրավել մարդիկ, որոնք ԱԺ շենքում աշխատում են, օրինակ՝ երեկ դա շատ վառ երևաց: Այսինքն՝ ինչի՞ մասին է կռիվը, այդ մարդիկ ունեն լիազորություն աշխատելու ԱԺ-ում, ի՞նչ են անում դրա պատերի տակ, պարզապես կարող են մտնել և աշխատել, բայց նրանց անհրաժեշտ է մտնել խաժամուժով: Այս մարդիկ ուզում են անիշխանություն, ոչ թե իշխանափոխություն:

— Ասում եք, որ փողոցում գտնվողները պարզապես դերակատարներ են, իսկ ովքե՞ր են կանգնած նրանց հետևում և ի՞նչ նպատակներ են հետապնդում:

— Եթե ուշադիր լսենք, կհասկանանք, որ նրանց ասածները ռուս-թուրքական, կամ ռուս-ադրբեջանական այն թեզերն են որ տարիներ շարունակ բարձրաձայնում են Պուտինը և նրա տեղակալ գործակալները: Եվ պատահական չէ, որ ի պատասխան դրա՝ հենց այս օրերին Փաշինյանը որոշեց հայտարարել, որ երբևէ չի գնա Բելառուս, պատրաստ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Վարչապետը սա ասում է ի պատասխան, որովհետև նրանք ասում են՝ վերադարձիր ՀԱՊԿ, ՌԴ, եղիր այն, ինչ եղել ենք մենք, տվեք մեզ մեր հանքերը, բանկերը, վերադարձրու մեզ մեր ավանդները, այսքան բան:

— ՀԱՊԿ-ից դուրս գալու և Բելառուս չմեկնելու հայտարարություններն ի՞նչ արտաքին և ներքին սպառնալիքներ և խոչընդոտներ կարող առաջացնել մեզ համար:

— Ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում՝ «եթե ասում եմ ես, Արուսն էլ հետս է». երբ որ մենք ասում ենք՝ ՀԱՊԿ, իրականում պետք է նկատի ունենք ռուսական ռազմաքաղաքական կառույց, որի 99 տոկոս կազմում է ՌԴ-ն, ՀԱՊԿ-ից դուրս գալ նշանակում է ՌԴ-ից դուրս գալ: Երկրորդը՝ երբ որ վարչապետն ասում է, որ չի գնալու Բելառուս՝ Լուկաշենկոյի մոտ, Լուկաշենկոն էլ ընդամենը Պուտինի մականունն է, և երբ որ նա ասում էր՝ «а куда вы денитес», իրականում Պուտինի խոսքերն էին: Նա ուղղակի այն «հիմարն» է, որ ասում է այն, ինչը խելացի տերը լեզվի տակ է պահում: Այսինքն՝ սա մարտահրավեր է Պուտինին: Սա համընկավ ևս մի բանի հետ. Երևան էր այցելել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը և հայկական պատվիրակության հետ շարունակել են այն աշխատանքը, որը սկսվեց Բրյուսելում, երբ Հայաստանին տրամադրվեց 15 կետից բաղկացած օգնության շատ լուրջ ծրագիր:

Մի քանի օր հետ այստեղ կգա ԵՄ հանձնաժողովը, որն իր մասով նույնպես կհաստատի, ուրեմն Փաշինյանը սպասում էր դրան, և ՀԱՊԿ-ից դուրս գալու համար ՀՀ-ին և գործադիր իշխանությանը պետք էր երաշխիք, որ Վրաստանի սահմանը փակելու դեպքում որտեղից պետք է ստանանք պարենը, վառելիքը. Թուրքիայով, ինչպես 1992-93 թվականներին, Ջեյմս Օ’Բրայենը, ըստ երևույթի, հայտնել է որոշ տեղեկություններ այդ ուղղությամբ, ինչը կարելի է դատել Փաշինյանի կտրուկ հռետորաբանությունից, որ ՀՀ-ն շատ ավելի վստահ է հիմա գործում: Եվ երբ տեսնենք, որ սահմանը բացվում է, և Միացյալ Նահանգները հսկում է թուրքական կողմից, այդ դեպքում դուրս կգանք և՛ ՀԱՊԿ-ից, և՛ մնացած տեղերից:

— Վերադառնալով շարժմանը. ինչ եք կարծում՝ դեռ որքա՞ն ժամանակ կշարունակեն նրանք:

— Հանգուցալուծում չի լինի՝ մինչև չլինի ժողովրդի միջամտությունը. դա կա՛մ արտահերթ ընտրություններն են, կա՛մ հանրաքվեն: Մենք վաղը 4 ժողովրդավարական ընդդիմադիր կուսակցություններով պատրաստվում ենք առաջարկել Կառավարությանը նոյեմբեր-հոկտեմբեր ամսին հանրաքվե անցկացնել, թե ցանկանո՞ւմ է արդյոք քաղաքացին, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ: Եթե ստանանք տպավորիչ պատասխան, հանգուցալուծումը կլինի դա:

— Փողոցում գտնվող զանգվածը կարծես այնքան էլ կողմ չէ Ռուսաստանից հեռանալուն: Թեպետ երեկ, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկի, ցուցարարների թիվը եղել է 3-4 հազար: Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ Եվրաինտեգրման նման հանրաքվեն կարող է առավել գրգռել նրանց:

— Դա կազմում է 0,1 տոկոսը, անգամ 30 հազարի դեպքում կազմում է 1 տոկոս: Որտե՞ղ է այն 99 տոկոսը, այդ 99 տոկոսը չի ցանկանում այն ամենը, ինչ առաջարկում, պահանջում և փորձում են անել խռովության մասնակիցները: Թողեք խոսի մեծամասնությունը՝ հանրաքվեով, ընտրության հնարավորությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ