![]()
Հայաստանում Միացյալ Նահագների դեսպանատնից հայտնում են, որ հետևում են Երևանում ընթացող ցույցերին և ցուցարարներին հորդորում են հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։
Միաժամանակ դեսպանատնից հավելել են, որ քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
«Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»,- ասվում է հայտարարության մեջ:
Հունիսի 12-ին հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:
Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 18-ը՝ ոստիկան:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել քննչական խումբ, անհատականացվել են բռնություններն ու գույքի վնասումը կատարած չորս տասնյակից ավելի անձինք:
![]()