Չենք պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բելառուսը հետ է կանչել իր դեսպանին Երևանից

Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին։

Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Բոլորս տեսնում ենք, թե այսօր Հայաստանում որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը, որքան արագ է սրվում առճակատումը երկրի ներսում։ Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ։ Մենք կարող ենք սա հասկանալ։ Բայց մենք չենք հասկանում՝ ի՞նչ կապ ունի Բելառուսը դրա հետ»,- ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ փորձելով պարզաբանել այս հարցը։

«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից։

Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի հետ ունենք երկարամյա սերտ, բարեկամական հարաբերություններ և ընդհանուր պատմություն, իսկ այսօր նաև փոխշահավետ առևտուր, ինչպես նաև սերտ գործարար կապեր։ Մենք չենք պատրաստվում վատթարացնել այդ հարաբերությունները, որքան էլ արտաքին խաղացողները դրան դրդեն Հայաստանի ղեկավարությանը։

Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար, մենք չենք խառնվում ներքին գործերին, մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում առաջնորդներ, ովքեր իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ասել է Անատոլի Գլազը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:

«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել, — «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։

Բելառուսից հայտարարել են, թե Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ