Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, թույլ չենք տա կղերապետություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման գործողություններին, մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում ոստիկանության նկատմամբ իրականացրած սադրանքներին:

«Այն, ինչ տեղի ունեցավ, տարօրինակ չէ, քանի որ մենք գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ մի սովորական, այլ երկրի քաղաքացի, ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ, ով իր օտարերկրյա տերերի միջոցով նպատակ ունի մեր երկիր նոր պատերազմ բերել, որի միջոցով էլ Հայաստանը կվերածի գուբեռնիայի։

Չի լինի։ Թույլ չենք տա կղերապետությանը, հետադիմությանը, ծայրագավառապետությանն ու գողերին, որ հաղթեն ժողովրդավարությանը, անկախությանն ու առաջադիմությանը։ Պետությունը շատ ամուր է»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայում Վազգեն Գալստանյանի գլխավորած հավաքի ժամանակ իրավիճակը լարվել էր, ցուցարարները դարձել էին անկառավարելի, նրանք շարունակաբար սադրել էին ոստիկաններին, հրել ու քաշքշել նրանց, նետել տարբեր իրեր, ապա՝ փորձել ճեղքել ոստիկանական պատը և հասնել Ազգային ժողովի շենք, որտեղ տեղի էր ունենում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը:

Ոստիկանությունը ստիպված էր եղել կիրառել հատուկ միջոցներ՝ լուսաձայնային և ծխարձակող նռնակներ: Գործողությունների հետևանքով տուժել են 100-ից ավելի անձինք, որոնցից 17-ը՝ ոստիկան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ