ՀՀ վարչապետին չշփոթեք ձեր մարդակեր առաջնորդի հետ. Արուսյակ Ջուլհակյան

 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական Հայաստանի դեմ ներքին ճակատ բացածներն այսօր ամեն բան արեցին թե՛ Ազգային ժողովի ներսում, թե՛ Ազգային ժողովի շուրջ բախում հրահրելու և մարդկանց զանվածային անկարգությունների դրդելու համար: Դեռ 90-ականներից ներքաղաքական հարցերը բռնությամբ լուծելու պաթոլոգիա ունեցող այս խմբակի որոշ առաջնորդներ դեռ 2020-ին էին ասում. «գազազած ամբոխը հոշոտելու է…»: Ասում էին ու հետևողականորեն անում ամեն բան հավաքված մարդկանց ամբոխի վերածելու, ապա գազազացնելու, հետո «հոշոտելու» ուղարկելու համար:

Եվ ահա այսօր, մեկ ամիս շարունակ ատելություն և բռնություն քարոզելուց հետո, ԱԳՆ շենքի մոտ բախում սադրելուց հետո, ընդդիմության՝ վարչապետի հակասահմանադրական Չթեկնածուն և նրա սատելիտները իրենց իսկ կողմից գազազեցրած ամբոխին առաջնորդեցին «հոշոտելու», ասպատակելու Ազգային ժողովի շենքը, ներսում գտնվող պատգամավորներին, կառավարության ղեկավարին և անդամներին: Բնականաբար ոստիկանությունը, տեսնելով, որ ամեն բան արվում է իրավիճակը վերահսկողությունից հանելու և քաոս ստեղծելու համար, արել է օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ երկրում իրավակարգը ապահովելու համար: Եվ սկսեց վայնասունը, պրիվետռոբի սազանդարները մեկ մարդու պես սկսեցին խոսել մարտի 1-ից, վարչապետին մեղադրել նույնն անելու մեջ:

Տիկնայք և պարոնայք, մեզ չխառնեք ձեր վայրի ցեղերի հետ: ՀՀ վարչապետին չշփոթեք ձեր մարդակեր առաջնորդի հետ: Եվ նույնիսկ չհամարձակվեք խաղաղ քնած ցուցարարների վրա լուսադեմին մահակներով հարձակումը, նրանց ջարդը, հետապնդումը և ապա նրանցից 10-ի սպանությունը համեմատել պետական պահպանության ներքո գտնվող Ազգային ժողովի վրա նախապես գազազեցված ամբոխի հարձակումը զսպելուն ուղղված գործողությունների հետ:

Իսկ Հայաստանում մարտի 1 այլևս չի լինելու, ճիշտ այնպես, ինչպես այլևս իշխանություն չի զավթվելու հանցավոր խմբակների կողմից, և ճիշտ այնպես, ինչպես այլևս զավթված իշխանության դիմաց կայսերական նարատիվների աբոզին կապված ծայրագավառ չի լինելու:

Իրական Հայաստանն այլևս իրականություն է, և այդպես է լինելու միշտ: Համակերպվեք:

Հ.Գ. Շնորհակալություն ոստիկաններին Հայաստանի Հանրապետության իրավակարգը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ