![]()
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ինչպես հայտնի է, այսօր ակցիա իրականացրեց ԱԺ շենքի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում։ Նպատակն, ակնհայտորեն, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը «հարամելն» ու կառավարության ղեկավարի հրաժարականի՝ կեղծ հանրային պահանջի ցուցադրումն էր։ 96 ժամում (այդ ժամկետի հաշվարկը սկսվել էր հունիսի 9-ի հանրահավաքում), իշխանափոխություն անելու մասին փափագող «սրբազան պայքարի» կազմկոմիտեում, ենթադրում ենք, վերլուծել են իրավիճակն ու հետևություն արել՝ արդյոք անցած՝ առնազն երեք օրերի ընթացքում իրենց աջակիցների թիվն ավելացել է, թե՞ տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝ շարժման շարքերը ջլատվել են ու այսօրվա դրությամբ է՛լ ավելի նոսրացել, քան, ասենք, հունիսի 9-ի դրությամբ էր։
Նման վեջնաժամկետ նշանակելը տրամաբանական և հիմնավորված կլիներ մի դեպքում, երբ շարժումը, սկսած առնվազն մայիսի 9-ից, ամեն օր թափ հավաքեր, ամեն օր աջակիցների ու համակիրների նորանոր բանակներ «զինվորագրվեին» և «կրիտիկական մասսայի» ճնշումն այլևս անխուսափելի դարձներ գործող կառավարության կամ դրա ղեկավարի հեռացումը։ Ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ 2018-ին, երբ ողջ հանրապետությունն էր ոտքի կանգնել՝ այլընտրանք չթողնելով Սերժ Սարգսյանին, քան «պատմական ֆրազն» արտաբերելը՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։
Ի դեպ, «սրբազան» շարժման կազմկոմիտեին, որը փորձում է կուրորեն նմանակել 2018-ի հեղափոխության մեթոդները, թերևս պետք է նկատի առնի կարևոր մի հանգամանք՝ հեղափոխական մեթոդները կարող են հաջողություն երաշխավորել, իրենց առջև դրված նպատակին հասնել, եթե դրանք կիրառվեն համանման իրավիճակում, և ամենակարևորը՝ երկրում ճիշտ նույն մթնոլորտի առկայության դեպքում։ Այդ իրավիճակն ու մթնոլորտն, ի դեպ, լավագույնս ախտորոշված է հենց իր՝ Սերժ Սարգսյանի՝ «հրաժեշտի նամակում», որն էլ պարտավոր է վերհիշել ցանկացած սուբյեկտ կամ կոլեկտիվ, որը ետայսու փողոցային եղանակով իշխանափոխություն անելու հայտ կներկայացնի։ Նախկին նախագահը, ինչպես հայտնի է, մասնավորապես դիմել էր «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,․․․փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին, փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին․․․» և ազդարարել՝ «ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ ․․․Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։
Հարկ է նկատել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ առաջին անգամ չէ, որ փողոցային շարժում էր իրականացվում, ինչպես որ՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեմ, պարզապես 2018-ին տեղի ունեցող(ած)ը՝ թե՛ կիրառված տեխնոլոգիաների, թե բազմամարդության ու բողոքական զանգվածի կրիտիկական մասնակցության, թե՛, կրկնում ենք, երկրում առկա սոցիալ-հոգեբանական մթնոլորտի առումով բոլորովին այլ էր։ Արդ, արդյո՞ք այս օրերին ՀՀ-ում կան փակ փողոցներ ու ճանապարհներ (բացի Բաղրամյան պողոտայից), ինչի հետևանքով կաթածահար է հանրապետության երթևեկությունն ու կա՞ն այդ «փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող» պետական պաշտոնյաներ։ (Ի դեպ, Բագրատ Սրբազանը հունիսի 9-ի հանրահավաքի ժամանակ դիմելով իր աջակիցներն՝ հորդորել էր՝ հաջորդ օրվանից սկսած ամբողջ Հանրապետությունում իրականացնել անհնազանդության ակցիաներ։ Ցույց տվեք մեզ անհնազանդության այդպիսի ակցիաներ՝ ի կատարումն հիշյալ հորդորի, այն էլ՝ ողջ Հանրապետությունում իրականացվող)։ և բացի այս՝ արդյոք կա՞ն «սրբազան շարժմանը» միացած և «ստի ու կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է» կոչով «օր ու գիշեր» կանգնածներ (սրբազանն էր, չէ՞, հուշել իր հետևորդներին, որ «գիշերը քնելու համար է») և կամ «ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներ»․․․և, առհասարակ, երկրում տիրապետո՞ղ է, մասսայակա՞ն է այն կարծիքը կամ համոզմունքը, որ «փողոցի շարժումը» Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեմ է։ Նման համոզմունք ունեցողները, ենթադրում ենք, այս օրերին զանգվածաբար փողոցներ կթափվեին, կանգնած կլինեին կոչով իրենց դիմած սրբազանի կողքին, վերջինս էլ ստիպված չէր լինի մերթ ընդ մերթ թախանձել, թե «մենք այստեղ պետք է հավաքվենք մե՜ծ թվերով, ինչպես նախորդ անգամերը»։ Ի դեպ, «նախորդ անգամների» և «մեծ թվերի» մասին, որոնք էլ աղաղակող ապացույցն առ այն, որ «փողոցի շարժումը» եթե անգամ Փաշինյանի պաշտոնավարման դեմ է (այնքանով, որքանով նման պահանջ առաջադրում է մարդկանց որոշակի խումբ), սակայն այդ շարժման հետևանքով ի հայտ եկած իրավիճակն ունի ա՛յլ լուծումներ, քան՝ փոքրամասնության պահանջը գլխահակ կատարելը՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալը։ Եվս մեկ անգամ անցնենք թվերի վրայով՝ մայիսի 9-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքին, ըստ ԻՔՄ-ի, մասնակցում էր 31 հազար 700, մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքում՝ 23 հազար 100, հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքում՝ 15 հազար 400 մարդ։ Հունիսի 10-ին էլ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում հրավիրված հավաքի ժամանակ էլ հիշյալ վայրում գտնվել է շուրջ 2100 մարդ:
Ի դեպ, «96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի, առանց երկար-բարակ քնելու» փողոցում լինելու և իրենց կամքը պարտադրելու մասին սրբազանի հորդորին հաջորդած օրերին՝ ներառյալ 12-ը հունիսի, արձագանքածների թիվը պետք է լիներ առնվազն 96 հազար, մարդիկ, ովքեր կազմ-պատրաստ կլինեին պարտադրելու իրենց կամքը ՀՀ կառավարության ղեկավարին։ Կասկածներ ունենք, որ սահմանված վերջնաժամկետը՝ 96 ժամը լրանալուց հետո սրբազանի կողքին կանգնածների թիվը չի ձգի անգամ 9 հազար 600-ի շեմին։ Եվ կարճ ժամանակ անց ռևանշիստները ստիպված կլինեն հանգել հետևյալ դառը եզրակացությունը՝ Նիկոլ Փաշինյանը նորից ճիշտ էր, մենք էլի, հերթական անգամ սխալվեցինք։
![]()