Հարություն Մկրտչյանն իրատեսական է համարում՝ ՌԴ-ից հատուկ խմբեր են գալիս՝ ՀՀ-ում քաղաքացիական բախումներ հրահրելու համար

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա շուրջ հավաքված մարդիկ, որը, քաղաքագետի խոսքով, «ստախոսների խմբակ» է, այժմ էլ փորձում է 96 ժամի մասին հայտարարությունը խեղաթյուրել, երկարաձգել ինչ-որ կերպ: Մկրտչյանը, սակայն, այն համոզմանն է, որ այս անգամ նրանց չի հաջողվելու՝ հավելելով, որ վաղը՝ հունիսի 12-ին, կտեսնենք այս ամենի կուլմինացիան:

«Ոչ թե հույս ունեմ, որ այս մարդկանց մոտ ողջախոհությունը կարթնանա, և կսկսեն ավելի ադեկվատ աչքերով իրականությանը նայել, ինչու՝ ոչ, ներողություն խնդրել, այսպես ասած՝ ապաշխարել, այլ ակնհայտ է, որ նրանց առաջնորդը վաղը պատրաստվում է տանել բախման, իսկ ես կարծում եմ, որ ոստիկանությունը իր ուսերի վրա դրված սահմանադրական պարտականությունը պատվով կկատարի, և զանգվածային անկարգություններ իրականացնելու համար ոմանք կհայտնվեն իրենց տեղում: Նման սցենարի դեպքում պետք է տրվի իրավական գնահատական»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Ըստ քաղաքագետի՝ Գալստանյանը և նրա հետևում կանգնած ուժերը խնդիր են դրել իշխանությունների վրա արյուն քսելու:

«Ակնհայտ է, որ ինքը հետևողականորեն այդ ճանապարհով է գնում՝ մի պարզ պատճառով, քանի որ զոռբայությամբ ուզում է իշխանություն վերցնել, վարչապետ փոխել, աթոռը ուզուրպացնել՝ հաշվի չառնելով, որ Բաղրամյան պողոտան «օկուպացրել» է ընդամենը մի քանի հարյուր քաղաքացիներով»,- նկատում է զրուցակիցը:

Հարցադրմանը, որ վերջիններս պնդում են, թե իշխանափոխությունը համաժողովրդական պահանջ է, Մկրտչյանը շեշտում է՝ ստում են:

Անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ Ռուսաստանից, այսպես ասած, զինված մարդիկ, խմբավորումներ են գալու՝ բախումներ հրահրելու նպատակով, նա այս լուրերը իրատեսական է համարում:

«Միանշանակ է, որովհետև տեսնում ենք Վազգեն Գալստանյանին ինչպիսի քրեական անցյալ ունեցող տարրեր են աջակցություն հայտնում: Ակնհայտ է, որ նման միտում կա՝ անկախ նրանից՝ նրանք կգան Մոզմբիկի՞ց, ՌԴ-ի՞ց, թե՞ աֆրիկական որևէ երկրից: Ուրախալի է, որ ՀՀ իրավապահ համակարգը ապացուցել է՝ Հայաստանում բացառապես գործում է օրենքը, դրանից դուրս ամեն բան ստանալու է իրավական գնահատական»,- համոզմունք է հայտնում նա:

Կրկին անդրադառնալով «96 ժամի» հետ կապված հայտարարությանը՝ քաղաքագետն ընդգծում է, որ դրանով Գալստանյանն իրեն դրել է փակուղային իրավիճակում. «96 ժամից հետո, եթե Վազգեն Գալստանյանի մոտ տղամարդկությունը չարթնանա և գործողությունների ծրագիր չներկայացնի, իր կողմնակիցների առաջ պիտի պատասխան տա: Ես նրան հասու լեքսիկոնով՝ բլոտային լեզվով կասեմ՝ թող սրի իրավիճակը, մենք կքուանշենք, ու արդյունքը ակնհայտ է: Ակնկալում եմ՝ նրա մեջ տղամարդկային հատկանիշները կարթնանան, և իր խոսքի տերը կլինի՝ 96 ժամ հետո ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու»:

Հարցադրմանը՝ ներքաղաքական իրադարձությունների հետ կապված ինչո՞ւ է Գալստանյանը ռուսերեն և անգլերեն ուղերձներով դիմում միջազգային լսարանին, Մկրտչյանն այն, այսպես ասած, «օգնության ճիչ» է որակում:

«Մի կողմից կարելի է դիտարկել օգնություն, որ, օրինակ, ոստիկանների սպասվելիք բիրտ ուժին արձագանքի ոչ թե Մարիա Զախարովան, այլ Պեսկովը կամ Լավրովը: Կարելի է անգամ ենթադրել, որ այն ուղղված է ՌԴ-ի իրենց տերերին, կամ, ինչպես Կորոտչենկոն է ասել, վճարող տերերին, որպեսզի խղճան իրենց և թողնեն տուն գնալ, որովհետև իրականում խղճուկ իրավիճակում են»,- կարծում է նա:

Հարություն Մկրտչյանը կրկին համոզմունք է հայտնում, որ Վազգեն Գալստանյանն իր գիշերային վրանային ավանի (եթե այդտեղ է գիշերում, իհարկե) երազներում առնվազն տեսնում է, որ ոստիկանությունն իրեն ձերբակալում է և մեկուսացնում իր խմբակից. «Սա նրա համար լավագույն տարբերակն է: Սակայն ես իրավապահներին հորդորում եմ Գալստանյանի բոլոր գերագրեսիվ կողմնակիցներին մեկուսացնել, իսկ նրան թողնել փողոցներում. Գալստանյանը պետք է մաշվի մինչև վերջ, մաշվի այնքան, որքան Ռոբերտ Քոչարյանն էր ասում, այսինքն՝ մինչև քոքը: Այդ երազը չպիտի կատարվի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ