Այդ մարդիկ, որոնք տառապում են իշխանության մոլուցքով, ամեն ինչի ընդունակ են

Բագրատ Գալստանյանը երեկ իր կազմակերպած հանրահավաքի ժամանակ վերջնագիր ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «4 օր մենք մնալու ենք փողոցներում ու հրապարակներում և մեր հաստատակամությամբ ու կամքով հասնելու ենք հաղթանակի»,- ասել էր Գալստանյանը՝ համարելով, որ դրանից հետո իրենք կհասնեն իշխանափոխության և վարչապետի հրաժարականին։ Նշենք, սակայն, որ ավելի քան մեկ ամիս տևող հավաքներից հետո մասնակիցների թիվը կրկնակի նվազել է: Մնում է հասկանալ, թե ինչ հույս ունի Գալստանյանը և ինչ նպատակ են հետապնդում նրա գործողությունները։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։

«Երբ ինքը դեռ նոր էր սկսել այդ շարժումը, կամ չգիտեմ՝ ով էր սկսել այդ շարժումը, ես դեռ այն ժամանակ եմ ասել, որ այս շարժումը չի կարող հաջողության հասնել, ինքն այդ ժամանակվանից արդեն իսկ դատապարտված էր անհաջողության։ Եվ այս առումով, երբ ինձ հարցնում են՝ նա ինչ պիտի անի, ես չգիտեմ՝ իրենք ինչ են անելու։ Նա մայիսի 9-ին էլ էր վերջնագիր ներկայացրել, երբ ասաց՝ մեկ ժամից թող հրաժարական տա։ Եվ մեկամսյա այդ չակերտավոր պայքարից հետո վերջին վերջնագիրը բնականաբար կարող եմ նույնպես որակել որպես անիմաստ։ Ես այս ամեն ինչում չեմ տեսնում ոչ միայն իմաստ, ես չեմ տեսնում նպատակահարմարություն և քաղաքական ռացիոնալիզմ։ Ես քաղաքականություն չեմ տեսնում։ Հա լավ, իշխանափոխություն են ուզում, շատ լավ, այդ նպատակին հասնելու քաղաքականությունը ո՞րն է։ Եվ ինչպես նկատում ենք, այդ բողոքավոր մասսան միայն ու միայն կրճատվում է. եթե նայենք մայիսի 9-ի և երեկվա հանրահավաքին, մասնակիցների թիվը երկու անգամ կրճատվել է»,- ասաց քաղաքագետը։

Նշենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորները փորձեցին նախաձեռնել խորհրդարանի արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու պահանջով, սակայն ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը։

Այս առումով քաղաքագետն ասաց, որ ի սկզբանե իմաստ չի տեսնում այդ գործողություններում, որովհետև, եթե անգամ չմերժեր, իրենք չունեն այդքան մանդատ, որպեսզի նախ իմպիչմենտի պահանջը դնեն, նույնիսկ այդ մեկ ձայնը չունեն, պատգամավորներից մեկը կորել է, չէ՞, ում վրա իրենք հույս են դրել, իսկ հետո՝ եթե նույնիսկ դրան էլ հասնեն, պարզ է, որ ՔՊ-ից որևէ մեկը ձայն չի տալու իրենց օգտին։

Քաղաքագետի խոսքով՝ այս ամենի վերջնարդյունքում ինքը կարող է գալ մեկ եզրահանգման՝ սա պայքարի, քաղաքական գործունեության իմիտացիա է, իսկ թե ինչի համար է դա արվում՝ դրա պատասխանը չունի։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմադիր գործիչների, պատգամավորների կողմից ոստիկաններին վիրավորելու, թիրախավորելու և առհասարակ նրանց կողմից արտահայտված ատելության խոսքը հանգեցնի բախման, քաղաքագետն ասաց, որ չի բացառում և երբեք պետք չէ դա բացառել:

«Այդ մարդիկ, որոնք տառապում են իշխանության մոլուցքով, ամեն ինչի ընդունակ են, նրանք ընդունակ են հայի արյուն թափելու, նրանց համար դա ոչ մի բան չի նշանակում։ Ես ուղղակի հուսով եմ, որ մեր ժողովուրդը, մեր ոստիկանությունն այնքան ողջամիտ են, որ դա թույլ չեն տա։ Եվ այո, հասարակության մեջ շատ մեծ է անհանգստությունը։ Ամեն անգամ, երբ այդպիսի գործընթացներ են սկսվում, մարդիկ ինձ գրում են, հարցնում են, թե հնարավո՞ր է բախումներ լինեն, կարո՞ղ է արյունահեղություն լինի։ Ժողովուրդը չի ուզում, որ դա լինի, ժողովուդը արյունահեղությունից վախենում է։ Մենք այնքան թշնամիներով ենք շրջապատված, որ հայը հայի վրա չպետք է ձեռք բարձրացնի, հայը հայի արյուն չպիտի թափի։ Այո, այդ մտավախությունը կա, և ես նույնպես կիսում եմ դա»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։

Ի հավելումն նա նշեց, որ իշխանությունը կոշտ միջոցների պետք է դիմի քաղաքական մակարդակով, և կա նաև օրենք, կարելի է օրինական պահանջներ ձևակերպել, որովհետև այս գործունեությունը չի կարելի շարունակել։

Քաղաքագետի խոսքով՝ այս շարժումը խարսխված է ատելության վրա և շուրջբոլորը տարածում է ատելության մթնոլորտ, ինչը անթույլատրելի է և շատ լուրջ վտանգ մեր երկրի համար՝ նույնիսկ ազգային անվտանգության տեսանկյունից, որովհետև երկրի ներսում խարխլում է հասարակության անվտանգության հիմնասյուները։

Խոսելով նաև Գալստանյանի ռուսերենով ուղերձի մասին և հարցին, թե արդյոք սրանով նա օգնությո՞ւն էր հայցում Մոսկվայից, Դավիթ Ստեփանյանն ասաց, որ տպավորություն է, որ օգնություն է հայցում, բայց չի կարծում, թե այդ օգնությունը նա կարող է ստանալ:

«Այն օգնությունը, որը նա կարող էր ստանալ, արդեն ստացել է և օգտագործել է ոչ էֆեկտիվ, ոչ պրոդուկտիվ, և մենք դա տեսնում ենք։ Այսինքն՝ սրանից ավելի իրեն ոչ մեկը ոչ մի բան չի տա։ Եվ ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այնքան է կորցրել ադեկվատությունը, որ կարող է ուղիղ խառնվել Հայաստանի ներքին գործերին, որովհետև դա որևէ լավ բանի չի բերի հենց Ռուսաստանին. Ռուսաստանի վարկանիշը, որ այսօր գտնվում է շրիշակի մակարդակի ՀՀ-ում, արդեն կիջնի դրանից ներքև։ Ես կարծում եմ՝ այդ քայլին չեն գնա։ Եվ այդ կոչը Ռուսաստանին ես չեմ կարողանում որևէ տրամաբանության մեջ տեղավորել, որովհետև սա անիմաստ գործողություն է, որովհետև որևէ օգնություն նրանք Ռուսաստանից չեն ստանա։ Նրանք արդեն ստացել են Ռուսաստանից օգնություն այնքան, որքան կարողացել են՝ լինի պրոպագանդիստական, տեղեկատվական աջակցության գծով, շատ է խոսվել, որ ինչ-որ տեղ նաև՝ ֆինանսական գծով։ Այն, որ Ռուսաստանը պաշտպանում է, աջակցում է այդ շարժմանը, դա փաստ է, նաև փաստ է այն, որ Ռուսաստանը սրանից ավելի անել չի կարող։ Եթե կարողանար, վստահ եմ՝ կաներ»,- եզրափակեց քաղաքագետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ