Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը շփոթում է ԱԺ-ն վարչական շրջանի հետ և փորձում միջամտել. Տեր-Մարգարյանը՝ ՌԴ բողոքի մասին

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակի հայտարարությանն այն մասին, որ գերատեսչությունը բողոքի նոտա է հղել հայ գործընկերներին այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը ուկրաինական Բուչա է այցելել։

Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այս քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ:

Տեր-Մարգարյսնը մի քանի ճշտում է արել «հատուկ տիկին Զախարովայի համար»:

«Որպես Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ` մեկնել եմ Ուկրաինա և հանդիպել եմ թե՛ ՏԻՄ իշխանությունների, թե՛ հայ համայնքի հետ: Եղել եմ նաև Բուչայում՝ մարդասիրական օգնություն փոխանցելու համար: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ նորից գնալ:

Իմ հանդիպումներում համոզվել եմ՝ Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինային. Ուկրաինայում բոլորը այս պատերազմը համարում են պայքար` հանուն անկախության և ինքնիշխանության:

Տարօրինակ է, որ ՌԴ ԱԳՆ խոսնակը նախ շփոթում է ՀՀ Ազգային ժողովը Երևանի վարչական շրջանի հետ, հետո էլ փորձում միջամտել կուսակցական գործունեությանը:

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես պաշտպանել է ժողովրդավարական արժեքները և՛ երկրում, և՛ երկրից դուրս»,-գրել է վարչական շրջանի ղեկավարը:

Ավելի վաղ վարչական շրջանի էջում հրապարակվել էր տեղեկատվություն Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի ունեցած հանդիպումների մասին: Պաշտոնյաներն այցելել են Բուչա, ծաղիկներ խոնարհել զոհվածների հուշակոթողին և հանդիպել Բուչայի քաղաքապետին։

Նաև նշվում էր, որ այցի շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։

Նկատենք՝ Բուչան ուկրաինական լրատվամիջոցները ներկայացնում են իբրև դիմադրության խորհրդանիշ։ Շուրջ երկու տարի է, ինչ քաղաքը պայքարի մեջ է ռուսական ուժերի հետ: Ինչպես պնդում են ուկրաինական իշխանությունները, 2022 թվականին՝ առաջին ուժգին հարձակման ժամանակ հրթիռակոծության հետևանքով սպանվել է ավելի քան 1,3 հազար մարդ, ավերվել են հարյուրավոր տներ:

Բուչան արդեն մաքրվել է ավերակներից, սակայն քաղաքի վերականգնումը դեռ շարունակվում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ