![]()
«Հանուն հանրապետության» փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի վաղը հրավիրած հանրահավաքից պետք է սպասել նույն բանը, ինչ նախորդ, ինչպես Գալստանյանը և նրա համակիրներն էին հայտարարում, «վճռորոշ» հանրահավաքներից:
Վերջինս շարունակում է այն համոզմանը մնալ, որ նրանք ո՛չ ասելիք ունեն, ո՛չ անելիք:
«Երևի ուղղակի դրսի տերերին պետք է զեկուցվի, որ արվել է «միտինգ համար 1», հետո՝ «միտինգ համար 2», ենթադրում եմ՝ «3-րդ միտինգ»-ի փող է վերցված, այժմ էլ դա են անում: Պետք է կատարողական ներկայացնել, դեմը «գալչկա» դնել: Սեզոնը պետք է փակեն, մինչև վերջ աշխատանք ցույց տան, որովհետև եղանակն էլ, որ շոգեց, էլ ոչ մի բան չեն անելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Միաժամանակ զրուցակիցը չի բացառում, որ նրանք կարող են դիմել սադրանքների, քանի որ, ըստ Մեհրաբյանի, ցանկանում են «կեղտոտել» Հայաստանի Հանրապետությունը. «Իսկ կեղտոտելու համար, այո, պետք է սադրանք, ուժի գործադրում, դրանից հետո՝ մեղադրանքներ իշխանության հասցեին, որ բռնակալ է, ճնշող, ժողովրդի վրա ուժ կիրառող, մի խոսքով՝ արյուն թափվի: Սա ավելի ցանկալի է իրենց համար, քանի որ, կրկնում եմ, նպատակը ՀՀ-ն կեղտոտելն է: Թե ինչ ճանապարհով կլինի, միևնույն է, կոմպրոմատներ, այլ եղանակներ չունեն: Քանի դեռ սեզոնը չի փակվել, փորձելու են, սեզոնը կփակեն, որից հետո նույն բանը պետք է սպասենք աշնանը»:
Հարցադրմանը, թե ինչո՞ւ աշնանը, վերջինս պատասխանում է. «Որովհետև եղանակը կհովանա, քաղաքականությունը կակտիվանա արձակուրդներից հետո, և ինչո՞ւ չանել»:
Խոսելով Գալստանյանի ավելի վաղ՝ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում արած այն հայտարարության մասին, թե ամեն ինչ կվերջանա 7-10 օրվա ընթացքում, ինքը «հավես չունի փողոցում ամիսներով քայլելու»՝ Մեհրաբյանը նկատում է՝ արդեն մի քանի 7-ից 10 օր է անցել. «Կարո՞ղ է մի հատ էլ անցնի, մինչև հրամայեն, որ՝ վերջ, քո 7-10 օրն անցել է: Նա մի անձ է, որի 10 բառից 11-ը սուտ է, ում մականունը նույնիսկ որոշ տելեգրամ ալիքներ կնքել են «սուտասան»: Այնպես որ նրա ասածներին լուրջ վերաբերվելու իմաստ չկա»:
Ըստ Մեհրաբյանի՝ հավաստիացնող փաստեր կան՝ մտածելու, որ սառեցված արքեպիսկոպոսով առաջնորդվող այս գործողությունները Ռուսաստանն է ուղղորդում:
Բանախոսի դիտարկմամբ՝ շարժման առաջնորդը և նրա համակիրները 2000 տարի առաջ Աստվածաշնչում նկարագրված փարիսեցիների վերամարմնավորումն են:
«Բոլորն էլ կարող են հետևություն անել՝ սա միասնությա՞ն շարժում է, թե՞ բոլորին բոլորի դեմ հանելու, էլ չեմ խոսում սադրանքների, մեր հարկերով վարձատրվող ոստիկաններին, որոնք մեզ համար կարգուկանոն են պահպանում, ենիչերիներ անվանելը, սա համերաշխությո՞ւն է: Տաճարը գողական է խոսում, խորհուրդ է տալիս «բերան լվալ», այդպես տաճա՞ր է լինում, որ թաղերի մութ անկյուններում պպզած խաժամուժի լեզվով և լեզվամտածողությամբ է առաջնորդվում»:
Ռուբեն Մեհրաբյանը կրկին համոզմունք է հայտնում, որ շարժման առաջնորդները սոցիալական հենարան չունեն և չեն էլ կարող ունենալ, որովհետև այս օրակարգով հնարավոր չէ Հայաստանում ստեղծել սոցիալական հենարան. «Սա ուղղակի կրկես է, կասեն, կխոսեն, իրենք իրենց ասածից կզարմանան՝ մինչև եղանակը շոգի, այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը կվավերացվեն խորհրդարանում, որից հետո կցրվեն տներով»:
Միևնույն ժամանակ կուսակցության փոխնախագահը ցավ է հայտնում, որ սա ծանր հարված է եկեղեցուն. «Այս մարդը ի՞նչ գործ ունի եկեղեցում, ինչո՞ւ է դուրս եկել փողոց, և հետո այդ խոսակցությունները որքանո՞վ են հարիր 1700 տարվա մեր ինքնության մասը հանդիսացող ինստիտուտին: Սակայն, ինչպես տեսնում ենք, Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ վեհափառը, կարծես համակարծիք է ու համախոհ այս ամենին, նույնիսկ նա է մասնակցում որոշ սադրիչ քայլերի և օրհնում»:
Վերադառնալով սպասվելիք հանրահավաքին՝ Մեհրաբյանը հորդորում է, որ իրավապահ համակարգը չկորցնի զգոնությունը. «Պետությունը պետք է շատ հստակ ուղերձ հղի այդ մարդկանց, որ օրենքի խախտման ցանկացած փորձ կասեցվելու է՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան»:
![]()