Երբվանի՞ց Գալստանյանը չի գնում Կոնսերվատորիա աշխատանքի, վճարվո՞ւմ է, թե՞ ոչ, և ե՞րբ է ավարտվում նրա պայմանագրի ժամկետը

Հոգևորականի կարգավիճակը ժամանակավորապես սառեցրած և վարչապետ դառնալու հավակնություններ ունեցող Վազգեն (Բագրատ) Գալստանյանը մի քանի անգամ հայտարարել է, որ դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: Իր քաղաքական գործողությունների շրջանակում նա նաև այցելել էր կրթական հաստատություն՝ ուսանողներին կոչ անելով անհնազանդության գործողությունների, մասնավորապես՝ դասադուլի:

«Հայկական ժամանակ»-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից գրավոր հարցմամբ հետաքրքրվել է, թե ի՞նչ առարկա է դասավանդում Վազգեն (Բագրատ) Գալստանյանը բուհում՝ հարցումը ուղարկելով ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի անունով:

Բուհից մեզ ուղարկված պատասխանում ասվում է, որ վերջինս 2015 թվականից է համատեղության կարգով աշխատում հաստատությունում՝ որպես Հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս՝ դասխոսելով 2-րդ կուրսում 2-րդ կիսամյակի ուսումնական պլանով նախատեսված՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

Մեր հարցին՝ որքա՞ն ժամանակ է, որ նա բացակայում է դասերից, այլ կերպ ասած՝ աշխատանքից, բուհից հայտնել են՝ մայիսի 6-ից սկսած:

Գալստանյանի բացակայությունների ընթացքում արդյոք ուսանողները կարողանո՞ւմ են ամբողջությամբ իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքները: Մեր այս հարցին ի պատասխան՝ հաստատությունից հայտնել են՝ Գալստանյանի ժամերը, ռեկտորի հրամանով, փոխանցվել են Կոնսերվատորիայի Հումանիտար գիտությունների ամբիոնի մեկ այլ դասախոսի։

Վճարվո՞ւմ է Գալստանյանը դասերի համար, թե՞ ոչ, ուսումնական հաստատությունից տեղեկացրել են՝ Վազգեն Գալստանյանի աշխատավարձը հաշվարկվում է ուսումնական բեռնվածքի պայմանագրով նախատեսված ամիսների համար։

Պատասխանից կարելի է ենթադրել, որ փոխարինող դասախոսն է վճարվում Գալստանյանի փոխարեն:

Ի՞նչ է նախատեսում բուհի կանոնադրությունը հաստատության աշխատակիցների կամ այլ հիմունքներով աշխատակիցների հաճախակի բացակայությունների պարագայում: Բուհի ղեկավարի անունով ուղարկված հարցման և ստացած պատասխանում ասվում է, որ Գալստանյանի հետ բուհը կնքել է աշխատանքային պայմանագիր ընթացիկ ուս․ տարվա 2-րդ կիսամյակի սկզբնից մինչև 2-րդ կիսամյակի ավարտը։ Հետևաբար Վազգեն (Բագրատ) Գալստանյանի պայմանագիրը լրանում է այս տարվա հունիսի 29-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ