![]()
Ալավերդիում ջրհեղեղի հետևանքներից տուժած քաղաքացիները դեռ սթրեսային վիճակում են, սակայն այնտեղ աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ ամենօրյա հետևողական աշխատանք է տարվում թե՛ պետության, թե՛ բնակիչների, թե՛ կամավորների կողմից։
Ալավերդիում առաջին հյուրատունը հիմնած Իրինա Իսրայելյանը, որը 2003 թվականին կորցրել է որդուն՝ Տիգրան Օմպոսյանին (նա բանակից չի վերադարձել), իսկ 2021 թվականին կորոնավիրուսից՝ ամուսնուն, որոշ մանրամասներ պատմեց ջրհեղեղից տուժած իրենց թաղամասի, ինչպես նաև իր դժվար կյանքի մասին, թե ինչպես է թավջութակահարից դարձել հյուրատան բիզնեսով զբաղվող մարդ։ Նրանց թաղամասը՝ Սանահինը, ջրհեղեղից ամենաշատն է տուժել, բարեբախտաբար այստեղ մարդկային զոհեր չեն եղել։
Իրինա Իսրայելյանի հիմնադրած IRIS B&B Guest house-ը ջրհեղեղից չի վնասվել, քանի որ գտնվում է ավելի բարձր դիրքում, սակայն անցյալ տարվա օգոստոսի 4-ին էր այն վնասվել ուժգին կարկուտից, և նա կրել էր մոտ 16 000 դոլարի վնաս։
«Անցյալ տարվա կարկուտի ժամանակ իմ տունն էլ էր վնասվել, բայց չէի ապահովագրել, ոչ մեկին չեմ դիմել, իմ ուժերով եմ վերականգնել, որովհետև շրջակայքում կային մարդիկ, որոնք առանց տանիքի էին մնացել ու հնարավորություն չունեին վերականգնելու, թոշակառու մարդիկ են։ Իմը, ճիշտ է, փոքրիկ բիզնես է, բայց կարողանում եմ իմ կարիքները հոգալ. մտածեցի՝ եթե պետությունն աջակցություն տա, ապա ավելի լավ է ավելի թույլ օղակներին աջակցի, ես իմ գլխի ճարը կտեսնեմ, թեև դեռ բաներ կան, որ չեմ հասցրել վերականգնել»,- ասաց Իրինա Իսրայելյանը։
2003 թվականին որդու կորստից հետո Իրինան ստիպված է եղել փոխել իր մասնագիտությունը. նա երաժիշտ էր, թավջութակահար և դասավանդում էր դպրոցում, սակայն այլևս ի վիճակի չլինելով դասավանդել՝ Իրինան սկզբում զբաղվել է տոնական տորթեր պատրաստելով, այնուհետև իր տունը վերածել է հյուրատան։
«2009 թվականի դեկտեմբերին ես գրանցել եմ իմ հյուրատունը, այն Ալավերդու առաջին գրանցված հյուրատունն է, եթե չասենք՝ շրջանի առաջին գրանցված հյուրատունը։ Ես չեմ խուսափել ոչ գրանցվելուց, ոչ հարկեր վճարելուց։ Երեքհարկանի սեփական ամառանոց էր, հիմա այն 12-սենյականոց հյուրատուն է, ունեմ նաև առանձին մասնաշենք։ Բավականին ծրագրերի եմ մասնակցել, որոնք նպաստել են իմ հյուրատան զարգացմանը։ Եվ այս ջրհեղեղից հետո ուզում եմ բոլոր տուժած մարդկանց ասել, որ նախ պետք է ունենալ լուսավոր նպատակներ, անկախ ամեն ինչից՝ պետք է ապրելու ցանկություն ունենալ. եթե դուք ապրելու, արարելու ցանկություն չունենաք, ոչ մի բան չի ստացվի»,- ասաց Իրինա Իսրայելյանը։
Բերելով իր օրինակը՝ նա ասաց, որ որդուց հետո ամենակարևոր բանը իր ընտանիքի համար այն էր, որ իր որդու՝ Տիգրանի տան դուռը միշտ բաց լինի, և այդ նպատակով էլ ստեղծեցին այս հյուրատունը։
Ի դեպ, տիկին Իրինան 44-օրյա պատերազմի ժամանակ իր հյուրատանը պատսպարել էր Ղարաբաղից եկած 14 քաղաքացու և ցանկացած խնդրի պարագայում իր օգնությունն ու աջակցությունն առաջինն է հայտնում։
«Ջրհեղեղի օրը գետը քշեց տարավ իմ տան դիմացի տունը։ Մեր թաղամասն ամենատուժած թաղամասն է, բայց Սանահինը Ալավերդու ամենաջիգյարով թաղամասն է ի վերուստ, սովետից սկսած, մի տան պես են եղել։ Ինչից շատ հուզվեցի. մեր թաղամասում մի կին կա, որը ուղեղի հետ կապված խնդիրներ ունի և չէր գիտակցել, որ ջրհեղեղ է, վերջին պահին էլ ամբողջ թաղամասը գնացել էր այդ կնոջը փրկելու, պատկերացնում եք, չէ՞, այդ թաղամասի մեծ սիրտը։ Հիմա այդ թաղամասում, փառք Աստծու, մարդկային զոհեր չեն եղել, երկրորդ հարկից բարձր չի վնասվել։ Ու այնպես է, որ բոլորը դառը աշխատանքով են ստեղծել»,- ասաց տիկին Իրինան։
Նա նաև նշեց, որ ինքը այս ժողովրդին լավ է ճանաչում՝ ստեղծող են, արարող են, ուժեղ են, և համոզված է, որ մեր պետությունն այդ հարցերը շրջանցող չի, և մի փոքր աջակցություն էլ լինի՝ մարդիկ կոգևորվեն, նորից կստեղծեն։ Մեր զրուցակցի խոսքով՝ ամենակարևոր բանն այն է, որ այս թաղամասում մարդկային կորուստ չկա։
«Ես համոզված եմ, որ մի քանի օրից երբ սթրեսից դուրս գան, կհամոզվեն, որ իրենք երջանիկներից մեկն են, որ նման արհավիրքներից կարող են նաև փրկվել։ Շատ թանկ բաներ կան, պետք է իմաստուն լինել ուրիշների փորձի վրա։ Իմ ցավն իսկապես մեծ ցավ է։ Ես իմ ամբողջ եղած-չեղածը կտայի, որ իմ երեխան իմ կողքին լիներ, իմ ամուսինն իմ կողքին լիներ։ Այնպես չէ, որ ես տուժած մարդկանց կորցրածին թեթև եմ նայում, ամենևին, ինքս էլ աշխատող, ստեղծող եմ, շատ դժվարին կացության մեջ եմ, բայց եթե կյանքում տրվելու է ընտրություն, ոչ մեկը ընտրության վրա չի կասկածում»,- եզրափակեց Իրինա Իսրայելյանը։
Ի դեպ, Իրինա Իսրայելյանի որդու մահվան օրը ծնվել է առաջին թոռնիկը՝ Համլետը, սակայն, դեռևս վշտի մեջ լինելով՝ նա չի հասկացել այդ երջանկությունը, իսկ 2008 թվականին ծնվել է նրա երկրորդ թոռնիկը, որին անվանել են Տիգրան, և միայն այդ ժամանակվանից է իր համար սկսվել նոր կյանք։
![]()