![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը մանիպուլյացիա է որակում Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե իբր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարող էին մեղմացվել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացման միջոցառումների համալիր իրականացնելու առաջարկին:
«Դրանք պարզ ու պրիմիտիվ մանիպուլյացիաներ են: Վերջին 4 տարիները խոսում են այն մասին, թե ինչպես է ՌԴ-ն վերաբերվում ինքն իր ստեղծած անվտանգային համակարգերին՝ ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական երկկողմ պայմանագրին. ինքն է փլուզում իր իսկ ստեղծած անվտանգային համակարգերը և դրանում մեղադրում հակառակ կողմին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը՝ հավելելով. «Հաջորդը՝ եթե իսկապես ՌԴ-ն ցանկանում էր անվտանգային համակարգում օգնել ՀՀ-ին, ապա ընդամենը պետք էր մատակարարել Հայաստանի համար անհրաժեշտ զենքը և զինամթերքը, որի համար ՀՀ-ն մի քանի միլիոն դոլար վճարում էր կատարել: Փորձել ամեն ինչ բարդել Հայաստանի վրա, և չտեսնել սեփական բացթողումները, նույնպես մանիպուլյացիա է և ոչ մի տեղ տանող մանիպուլյացիա»:
Անդրադառնալով Գալուզինի այն դիտարկմանը, թե եթե ՀՀ-ն անվտանգությանը վերաբերող տեղեկությունները հասանելի դարձնի Արևմուտքին, դա ոչ միայն կվնասի ՀՀ ինքնիշխանությանը, այլև լուրջ հարված կհասցնի Մոսկվա-Երևան հարաբերություններին՝ Առաքելյանն ասում է, որ որպես սուվերեն պետություն՝ Հայաստանն ինքն է որոշելու, թե ինչ տեղեկատվություն, ում, ինչպես և երբ կփոխանցի, ինչ տեղեկատվություն ումից, ինչպես և երբ ստանա, որը պետք է բխի ՀՀ ազգային անվտանգության շահերից:
«Նույն ՌԴ-ն և Ադրբեջանը ստորագրել են պայմանագիր, որով պարտավորվել են միմյանց փոխանցել գաղտնի տեղեկատվություն, իսկ սա նշանակում է, որ այն տեղեկատվությունը, որը ՌԴ-ն կստանա, կհավաքի, կունենա ՀՀ անվտանգային միջավայրի և կառույցների վերաբերյալ, կարող է փոխանցել Ադրբեջանին, Ադրբեջանն էլ իր հերթին՝ Թուրքիային, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան նույնպես ունեն նման պայմանագրեր: Այսինքն՝ Ադրբեջանը դա կարող է փոխանցել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ՌԴ-ի չափանիշներով՝ Արևմուտքին, և հետևաբար այստեղ մեղադրել Հայաստանին ինչ-որ մտացածին բաների համար, նույնպես մանիպուլյացիա է»,- կարծում է քաղաքագետը:
Խոսելով ռուս պաշտոնյայի այն հայտարարությունների մասին, որ Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի հետ շփումների նկատմամբ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջոցով, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է, զրուցակիցը նկատում է՝ Ռուսաստանի կարծիքով՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից:
«ՌԴ արտգործնախարարությունն ու Պաշտպանության նախարարությունը կարծես թե վերածվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի կցորդ կառույցների, և նրանք, ըստ էության, հայտարարում ու անում են այն, ինչ փաստացի անում կամ ցանկանում է ադրբեջանական կողմը: Այսինքն՝ ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն դարձել են փաստացի կողմ՝ ադրբեջանաթուրքական կողմ, և հետևաբար գործ ունենալ ՌԴ ՊՆ-ի և ԱԳՆ-ի հետ՝ ի դեմս դրանց ղեկավարների, նշանակում է գործ ունենալ Ադրբեջանի ԱԳՆ-ի և ՊՆ-ի տեսակետների հետ: Իմաստ չկա միջնորդավորված առնչվել Ադրբեջանի հետ այն պարագայում, երբ որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն ուղիղ առնչություն և կապեր ունի Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ: Այլևս երկրորդական միջնորդ օղակի անհրաժեշտություն չկա, քանի որ կա երկու կողմ և կարող են ուղիղ շփվել միմյանց հետ, արտահայտել իրենց տեսակետները և բանակցություններ վարել կոնկրետ հարցերի շուրջ»,- նշում է նա:
Իսկ թե ինչո՞ւ է ՌԴ-ն խանդով վերաբերվում այս ամենին, ըստ Առաքելյանի, ակնհայտ է. «Քանի որ իրենք միշտ ունեին տրադիցիոն իրավիճակ, երբ ՀՀ-ին որպես առանձին կողմ չէին դիտարկում, և ՀՀ-ն մի երկիր էր, որի իշխանությունները, կորցնելով պետական արժանապատվությունը, իրենց ամեն քայլը զեկուցում էին ՌԴ-ին և այնտեղից թույլտվություն ու ցուցումներ ստանում որևէ քայլ կատարելու համար: Այսօր ՌԴ-ի համար անսովոր իրավիճակ է և դիսկոմֆորտ, երբ ՀՀ-ն ինքնուրույն քայլեր է կատարում, երբ ՀՀ սուվերենությունը մի քանի քայլ բարձրացել է, և այլևս իրենք չեն կարող ՀՀ-ին անիրագործելի խոստումներ տալ, կոնֆլիկտի մեջ մտցնել իր հարևանի հետ, հետո գնալ ՀՀ-ի հաշվին սեփական խնդիրները լուծելու»:
Խոսելով ԵՄ դիտորդական առաքելությանը՝ ՌԴ-ի կողմից տարբեր պիտակավորումների մասին՝ վերջինս նկատում է. «ԵՄ դիտորդական առաքելությանը դեմ են ովքեր՝ ՌԴ-ն, Ադրբեջանը և ՀՀ ընդդիմադիր թևը, որոնք ամեն առիթ օգտագործում են, որպեսզի վարկաբեկեն այն, և այսօրվա, այսպես կոչված, «սրբազան» շարժումն էլ հենց դրա դեմ է ուղղված. այդտեղ հավաքված քաղաքական ուժերն ու անհատները մշտապես իրենց բացասական վերաբերմունքն են հայտնել ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ: Բնականաբար, ցանկացած գործիք, որը կֆիքսի ՀՀ սահմանները, ՌԴ-ն դրան պետք է դեմ արտահայտվի, ինչն անում է նաև իր այստեղի պրոքսի ուժերով, ովքեր հայտարարում են, թե ՀՀ սահմանը այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, և որ իրենք չեն ճանաչում ՀՀ այս սահմանը, որը մեծ նվեր է և պարգև Ադրբեջանին՝ սկսելու հերթական էսկալացիան»,- տեսակետ է հայտնում նա:
![]()