Բագրատ «невезунчик»-ը կամ՝ «սրբազան պայքարի» ձախողման քավության նոխազը

Քանի որ նախկին իշխանության ակտիվ աջակցությամբ տեղի ունեցող «սրբազան պայքարը» հայտնվել է ճգնաժամում, և այլևս նշմարելի է դրա ֆիասկոն, արդեն իսկ սկսվել է ձախողման պատասխանատուներին փնտրելու տհաճ պրոցեսը։ Եվ այդ մեկ մարդը, որի գլխին էլ պետք է ջարդել «կուժն ու կուլան», բնականաբար, Վազգեն Գալստանյանն է։ «Այս շարժումը եկեղեցու ամբողջականության հետ կապ չունի, սա իմ անձնական որոշումն է, այդ պատճառով խնդրել եմ, որպեսզի իմ լիազորությունները դադարեցնեն։

Ես չեմ կարող գլուխս հանգիստ դնել բարձին, երբ հայրենիքս կտրում են մեջտեղից։

Այս մարդիկ ծրագրել էին ամբողջ հարցերը լուծելուց հետո անցնել եկեղեցուն»,- այսօր սեփական «ինքնադատաստանն» է տեսել Տավուշի թեմի նախկին առաջնորդը։ Նրա հայտարարությունների այս հատվածը կարևորելով՝ այն տիրաժավորել է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը՝ այսպիսով քարոզչական ֆոն ապահովելով հետագա քայլերի համար։

Ինչ է ստացվում. «ստի և կեղծիքի» դեմ պայքարի դուրս եկած Գալստանյանը, փաստորեն, ստում և կեղծում էր, երբ հայտարարում էր, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է իր բռնած գործը՝ քաղաքական ավանտյուրան, նրա գիտությամբ է տեղի ունենում Կիրանցից մեկնարկած և Երևան հասած փողոցային պայքարը, ընդհուպ՝ եթե Վեհափառն օրհնի, պատրաստ է առաջադրվել նաև վարչապետի թեկնածու։ Փաստորեն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, Ամենայն Հայոց կաթողիկոսը, որը, ըստ Եկեղեցու կանոնադրության, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ամբողջության գլուխն է, Եպիսկոպոսապետը և բարձրագույն իշխանավորը՝ «եկեղեցու ամբողջականություն» չէ։ Եկեղեցու տարբեր թեմերի առաջնորդներն ու որոշ արքեպիսկոպոսներ էլ, որոնք այս ընթացքում իրենց հրապարակային սատարումն են արտահայտել Բագրատ սրբազանի քաղաքական պայքարին, ավելին՝ մասնակցել դրա տարբեր ակցիաների, նորեն ամբողջ եկեղեցին չեն։ Արդ, ի՞նչն է կամ ովքե՞ր են «եկեղեցու ամբողջականությունը»։ Եվ ուրեմն, կամ Բագրատ Գալստանյանը այս ողջ ընթացքում զրպարտել է եկեղեցուն և դրա Ծայրագույն Պատրիարքին՝ հավատացնելով իր հոտին, որ Կաթողիկոսի, թող ներվի օտար բառի գործածումը, «դաբրոյով» է նետվել հայրենյաց փրկության, «զոհաբերության», «չակնկալիքների պայքարի», որի արդյունքում իբրև թե «հոգևոր Հայաստանը» պետք է հաղթեր «նոր Հայաստանին», կամ էլ որոշել է քաղաքական պայքարում կրելիք ձախողման պատասխանատվությունից ազատել Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին։

Նկատենք, որ այս ընթացքում, ինչ Տավուշի թեմի երբեմնի առաջնորդը լքեց իր ծառայության վայրն ու փողոց դուրս եկավ «տաճարից», Մայր Աթոռը որևէ անգամ չի հայտարարել, որ Բագրատ սրբազանը ինքնագործունեությամբ է զբաղված, և նրա քայլերը համաձայնեցված չեն Մայր Աթոռի հետ։ Նշանակում է՝ համայն եկեղեցին՝ իր բարձրագույն իշխանությամբ հանդերձ, ոչ միայն կողմ է իշխանափոխության օրակարգով այս պայքարին, այլև պատասխանատու է դրա համար։ Պարզապես որոշել է Բագրատ Գալստանյանի այս կանխարգելիչ հայտարարությամբ դիստանցավորվել պարտությունից՝ այն ոչ թե բովանդակ եկեղեցու, այլ դրա մեկ սպասավորի անձնական ձախողումը համարելու հեռահար հաշվարկով։

Հ. Մ.

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ