2018-ի հեղափոխության ժամանակ մեկ դեպք չի եղել, որ մարդիկ գումարով գան հրապարակ, սա շատ բանի մասին է խոսում. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի և նրա համակրների խոսքում և գործողություններում իրարամերժ հայտարարությունները և գործողությունները անհաշվելի են:

«Սկզբում ասեցին՝ խնդիր ունեն Տավուշի սահմանազատումը չեղարկելու, իշխանափոխության խնդիր չունեն, հետո եկան Երևան, հասկացան, որ, չէ՛, խնդիրը իշխանափոխությունն է այնուամենայնիվ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Միաժամանակ վերջինս նկատում է, որ հակասությունները տրամաբանական են, քանի որ շարժման առաջնորդը և նրա համակիրները չունեն հստակ ճանապարհային քարտեզ:

«Իշխանափոխությունից բացի՝ այլ նպատակ չկա, իսկ երբ դու փորձում ես այդ ամենը կոծկել, ասում ես՝ մենք ընդդիմադիր չենք, նախկին չենք, ռուսամետ չենք, գնում ես ԱԱԾ, տեղեկանք ես վերցնում, ներկայացնում հանրությանը, որ մենք ռուսի ագենտ չենք, ռուսից փող չենք ստանում, ծիծաղելի և շատ դեպքերում անտրամաբանական քայլեր ես անում: Այս անտրամաբանության հիմքում կա հստակ տրամաբանություն՝ այս մարդիկ հստակ օրակարգ չեն կարողանում ներկայացնել, որովհետև այն որևէ ընդհանրություն չունի հայ ժողովրդի շահերի հետ»,- կարծում է նա:

Անդրադառնալով շարժման մարզային այցելություններին՝ Ստեփանյանն ասում, որ կրկնելու է ասածը, սակայն այս դեպքում ևս տրամաբանություն չի տեսնում, որովհետև նույն մարդիկ են գնում Գյումրի, Վարդենիս, որոնք Երևանում են. «Աշխարհաքաղաքական լոկացիան փոխելիս մարդկանց քանակը և որակը, ինչպես նաև անունները չեն փոխվում, նույն մարդիկ են, նույն բանն են անում»:

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի բացահայտումներին, որ շարժումը նաև գումարի դիմաց է մասնակիցներ մոբիլիզացնում, քաղաքագետն ասում է, որ որևէ պատճառ չունի իրավապահների փաստերին չհավատալու՝ հավելելով, որ սա շատ բան է ասում շարժման մասին:

«Ես, օրինակ, վստահ եմ, որ գոնե մեկ դեպք չի եղել 2018 թվականի հեղափոխության ժամանակ, որ մարդիկ գումարով գային հրապարակ, 100 տոկոսով վստահ եմ, և դա շատ բանի մասին է խոսում: Այն փաստը, որ հիմա նրանք դրամով մարդկանց բերում են միտինգների, խոսում է մեկ բանի մասին՝ այդ մարդիկ հասարակական լայն աջակցություն չունեն, իսկ եթե չունեն աջակցություն, նշանակում է՝ նրանց օրակարգը ֆալշ է, հասարակության իրական պահանջը չէ»,- ասում է Ստեփանյանը:

Խոսելով Գալստանյանի այն հայտարարության մասին, թե իրենց օրակարգային ամենակարևոր երեք կետը հաշտության կառավարության ստեղծումն է, երկրի աշխարհաքաղաքական ճիշտ դիրքավորումն ու արտահերթ ընտրությունները, զրուցակիցն ասում է, որ արտահերթ ընտրությունների համար երկրում այսօր հիմք չկա:

«2021 թվականին էլ ենք ունեցել արտահերթ ընտրություն, ես այն ժամանակ էլ եմ դեմ եղել, որովհետև արտահերթ ընտրություններով մեր երկրում ծառացած ո՛չ ներքին, ո՛չ արտաքին խնդիրները չեն լուծվել, և այդ նույն ընդդիմությունը, ում բերանը պիտի փակվեր, արտահերթ ընտրություններից հետո շարունակում է պետության, իշխանության դեմ սադրիչ գործողությունները, ինչի ամենավառ վկայությունը այս շարժման գործունեությունն է եղել՝ Գալստանյանի առկայությունը: Մնացածը ինչ-որ ասում են՝ համերաշխություն, արտաքին քաղաքականություն, շատ լավ բառեր են, բայց Գալստանյանը իր գործունեությամբ հակասում է ինքն իրեն, որովհետև այդ բառապաշարը, մարդկանց, ոստիկանների վրա ծիծաղելը, հեգնանքը, այդ խամաճիկությունն ու քաղաքական կլոունադան համերաշխության մասին չեն, այլ ատելության մթնոլորտի գեներացման»,- ասում է նա:

Ըստ Ստեփանյանի՝ Գալստանյանի շարժումը առաջին օրվանից սերմանում է ատելություն, ինչը անընդունելի է. «Ես չափազանց մեծ վտանգ եմ տեսնում, չի կարելի հասարակությանը պառակտել. ի՞նչ համերաշխություն, ի՞նչ արտաքին քաղաքականություն, իրենց արտաքին քաղաքականությունը Մոսկվա զանգն է: Մոսկվա զանգով մենք արտաքին քաղաքականություն չենք կարող ունենալ, արդեն ունեցել ենք 30 տարի, զանգել ենք Մոսկվա, տեսել ենք՝ ուր ենք հասել, գրեթե երկիրը կորցրել ենք: Այժմ երկրի ղեկավարությունը փորձում է ինքնիշխանության մնացորդները հավաքել, ամրապնդել, իրենք էլ իրենց հին երգն են երգում ու փորձում արտաքին քաղաքականությունը տեղավորել մի պարզունակ ճղճիմ բանաձևի մեջ՝ զանգ Մոսկվա»:

Հարցին, թե ի՞նչ է պետք շարժման առաջնորդին ու աջակիցներին՝ հասկանալու համար, որ հանրային լայն աջակցություն չունեն և տուն գնալու ժամանակն է, Ստեփանյանը պատասխանում է. «Երբ փողը վերջանա, այդ մարդիկ «կցրվեն տներով»: Քաղաքական պատվերը պետք է հանվի, փողը վերջանա, մինչև մյուս շարժումը: Պետք է գումարը ռեալիզացնեն և հաշվետվություն տան, և արդեն շարժումը իսկապես կմարի և՛ օբյեկտիվ և՛ սուբյեկտիվ պատճառներով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ