![]()
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն այն համոզմանն է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժումը Երևանում այլևս անելիք չունի, դրա համար այցելում են մարզեր:
Նա կարծում է, որ վերջինիս այցը նախ Գյումրի, այսօր արդեն Վարդենիս ընդամենը գործողությունները դադարեցնելու ժամանակահատվածը ձգձգելն է:
«Իրենց մոտ բոլոր ռեսուրսները քիչ են մնացել, նույնիսկ՝ աղմկելունը, դրա համար փորձում են օգտագործել մարզերը։ Զուգահեռ անում են անլուրջ հայտարարություններ, որոնցից մեկը, օրինակ, այն խոսույթն է, թե սա ընդդիմադիրների ակցիա չէ․ եթե այդպես է, ինչո՞ւ էին շարժման առաջին օրը պահանջում իշխանափոխություն։ Եթե նույնիսկ ընդունենք այն հայտարարությունը, թե ինչ-որ բան հաշվի չեն առել ու սխալվել են՝ հայտարարելով, որ իրենց պետք է 7-10 օր, ևս ապացուցում է, որ քաղաքական կանխատեսումների մասով կոմպոնենտ չեն»,- «Հայկական ժամանակ»-ի ասում է նա։
Ըստ զրուցակցի՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ հետագայում էլ ընդդիմադիր այս ուժերը կոմպոնենտ չեն լինելու։ Նրա խոսքով՝ կազմակերպիչներին հնարավորություն է տրվել միայն իրականացնել նեղ անձնական նպատակներ, իսկ այն հայտարարված նպատակները, որոնց համար ի սկզբանե կյանքի էր կոչվել շարժումը, մոռացվել են։
«Պատվիրատուներ ունեն, որոնց առջև կարողացել են հաջողել մեկ առաքելություն․ որոշակի մարդկանց քանակ են հավաքել իրենց շուրջ, ՀՀ քաղաքական դաշտում անորոշություններ են ստեղծել, հնարավոր է կարողացել են հաշվառել իրենց կողմնակիցների քանակը, ինչ նպատակներ կարելի է իրացնել մոբիլիզացված մարդկանց հետ։ Պատվիրատուններից էլ ստացել են ինչ-որ բան ու դրա դիմաց իրականացնում են տարբեր գործողություններ, որոնք մասամբ հաջողվել են։ Այսինքն՝ անում են ամեն ինչ, որպեսզի ՀՀ իշխանություններին մեղադրեն ոչ ժողովրդավար լինելու հարցում, փորձեն հասնել ձերբակալումների, որ հայտարարեն, թե հոգևորական քաղբանտարկյալ էլ ունեն Հայաստանում»,- նկատում է նա:
Զրուցակիցը կարծում է, որ շարժման մասնակիցների կողմից բռնությունների և սադրանքների գնալը նույնպես աղմուկ բարձրացնելու նպատակ ունի, ինչը հնարավորություն կտա պատվիրատուններին ցույց տալ, որ իրենց ձեռքից եկած բոլոր հնարավոր միջոցներին դիմում են։ Ըստ նրա՝ այդ միջոցներից է, օրինակ, շարժմանը մասնակցելու համար մարդկանց գումար վճարելը։
ՀՀ քննչական կոմիտեն հրապարակվել են ձայնագրություն, ըստ որի՝ բացահայտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր։
Ղևոնդյանը նշում է, որ նման շարժումների գինը վճարում է հասարակությունը. «Այս շարժումների հետևանքով մարդիկ հիասթափվում են քաղաքական ուժերից, ձևավորվում է մարգինալ հատված։ Սա լուրջ խնդիր է Հայաստանի համար»:
Բանախոսի խոսքով՝ երբ շարժումն ավարտելու գործընթացը անխուսափելի լինի, այս փողոցային պայքարը ևս կունենա այն ավարտը, ինչ ընդդիմության մյուս նախաձեռնություններն ու ակցիաները. «Գլխավոր շեշտադրումը կրկին կլինի այն հանգամանքը, թե կարողացել են մեկ քայլով էլ մոտենալ իրենց վերջնական նպատակին, աշնանը կսկսեն այդ նպատակի իրականացման շարունակությունը»:
Հարցադրմանը՝ շարժումը դադարելուց հետո արդյոք Գալստանյանը կվերադառնա՞ եկեղեցի, թե՞ ոչ, քաղաքագետն ասում է, որ անգամ հոգևոր գործունեության վերադառնալու դեպքում վերջինս չի կարողանալու մոռացնել տալ իր անցած ճանապարհը․ «Հայ առաքելական եկեղեցու հետևորդը, եկեղեցում նրան հանդիպելով, հիշելու է այդ մարդու քայլերի մեծ մասը, որոնք չեն համատեղվում հոգևոր ծառայողի կոչման հետ, և դա խնդիրներ է ստեղծելու եկեղեցի-հասարակություն հարաբերություններում»։
![]()