![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում կատարված ենթադրյալ խախտումների գործով մեղադրյլաներից 5-ը ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքներն ու գործուն զղջալու հիմքով նրանց նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։
Դատախազությունից Civic.am-ին հայտնեցին, որ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է առևտրային կազմակերպության երկու՝ այդ թվում Ալեն Սիմոնյանի հարսի և էկոնոմիկայի նախարարության 3 աշխատակցի նկատմամբ, իսկ էկոնոմիկայի նախարարության մեկ աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարված չլինելու հիմքով։
«Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները՝ հսկող դատախազի կողմից նշված անձանց կողմից ներկայացված միջնորդությունների քննարկման արդյունքում, որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ գործուն զղջալու հիմքով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», — նշված է դատախազության պատասխանում:
Չնայած ընդդիմադիր մամուլում նշվում է, թե Ալեն Սիմոնյանի հարսի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, սակայն, այդ պնդումը անտրամաբանական է, քանի որ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ընդունել է մեղքը, այլ ոչ արդարացվել։
Նշենք, որ այս գործով մեղադրյալների թվում են նաև «Սիներջի» ընկերության տնօրենն ու էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը, որոնց մասով քննությունը դեռ ընթանում է։
Սիներջիի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը կալանավորվել էր, ապա՝ ազատ արձակվել, իսկ Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվել էր 2 ամսով տնային կալանք խափանման միջոցը, որը հետո կրկին երկարացվեց ևս 2 ամսով։ Քերոբյանը դեռ գտնվում է տնային կալանքում։
Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ մեկնաբանելով այն, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքն ու զղջացել ասաց, որ գործի նյութերը նայելուց ակնհայտ է, որ աշխատակիցները գործարքի են գնացել։
«Վերնագիրը մի բան է՝ թվում է, թե տեսեք՝ մեղքն ընդունեցին, բայց գործի նյութը որ նայում ես՝ լրիվ այլ բան է։ Հասկանում ես, որ ոչ թե մեղքն ընդունելու հարց էր, այլ այս մարդիկ գործարքի են գնացել, քանի որ եթե մարդը ցուցմունքով ասում է բաներ, որ չեն համապատասխանում մեղադրանքին, պնդում է դրանք, բայց հետո ասում է՝ լավ ես մեղավոր եմ, դա լրիվ այլ պատմություն է», — ասաց Եգորյանը։
Քերոբյանի պաշտպանն ասաց, որ առաջիկայում իրենք հանդես կգան մամուլի ասուլիսով։
Ի դեպ՝ Եգորյանը նշեց նաև, որ Վահան Քերոբյանի տնային կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել, որը դատարանը մերժել է․ պատրաստվում են դիմել վճռաբեկ, ապա՝ ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված ենթադրյալ առերևույթ չարաշահումների վերաբերյալ հանրային քրեական վարույթ էր նախաձեռնվել այս տարվա փետրվարին։ Վերոնշյալ ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար համապատասխան մեղադրանքներ էին ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք էին, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ:
![]()