![]()
«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը ենթադրում է, որ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա կողքին գտնվող որոշ մարդիկ շարունակում են մնալ փողոցում, քանի որ ռուսական պարտադրանք կա:
«Մինչև վերջ մաշել՝ բարոյապես, քաղաքականապես, ֆիզիկապես, որպես մարդ, որովհետև իրականում իրենց գոյությունն անիմաստ է: Սահմանել էին նիշ (-խմբ նկատի ունի Վազգեն Գալստանյանի այն հայտարարությունը, որ 7-10 օրվա ընթացքում հասնելու է իշխանափոխության), որը չկարողացան բավարարել: Մաշվե՜լ, մաշվե՜լ են, կողքներն էլ մարդ չի մնացել: Եթե մի ձևական պատրվակ ունենային տուն գնալու, կգնային: Այդ մարդուն (Վազգեն Գալստանյանին), որ նայում ես, իրականում դա է ուզում, որովհետև ինքն այլևս վերածվել է խեղկատակի, ստիպված գնում է սադրանքների, որ հավանաբար իրեն հավաքեն տանեն, ինքն էլ պրծնի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Հայկ Սուքիասյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ Գալստանյանի գործողությունները ղեկավարում է Ռուսաստանը. «Իր գլխավոր ֆունկցիան չի հաջողել՝ պետության տապալումը, չի կարողացել և չի կարողանալու, բայց մինիմում հաջողություն ունի, այն է՝ այլասերել հոգևորականի կերպարը, եկեղեցու հեղինակությունը, մեր ժողովրդի նյարդերի հետ խաղալ, պետությունը պահել անկայուն վիճակում: Օրինակ՝ ես այդ մարդուն, երբ տեսնում եմ, խոր զզվանք եմ ապրում, նյարդերս տեղի են տալիս»:
Անդրադառնալով Գալստանյանի այն հայտարարություններին, թե իրեն առաջնորդում է Աստված, զրուցակիցն ասում է՝ նա կապը Աստծո և Քրիստոսի հետ խզել է, հարաբերությունները «սառեցված» են:
«Ինքը եկել է, աշխարհիկ կյանքն է վայելում, թող սրա պատասխանը տա: Ես իրեն հարց եմ տալիս՝ հնարավո՞ր է որևէ գործընթաց առաջնորդի Աստված, և այդ գործընթացը տապալվի: Դա հնարավոր բան չէ: Հիմա, իր ասելով, իր շարժումը առաջնորդում է Աստված, կամ իր հետ քայլում է Հիսուսը, և սա չի հաջողվում, այսինքն՝ այս մարդը Հիսուսի հեղինակության հետ էլ է խաղում, ցնդել է, երևի հոգեբանական խնդիր ունի արդեն: Ամեն ինչ վերածել է բեմականացման, հասել է ֆարսի ժանրին»,- տեսակետ է հայտնում նա:
Խոսելով շարժումը սպասարկող ուժերի հայտարարությունների և լրատվամիջոցների գլխագրերում հայտնվող այն պնդումների մասին, թե իշխանությունները վախեցած են, և որ շարժումը հաջողելու է, Սուքիասյանն ասում է՝ տեղեկատվական ահաբեկիչները ուղեղային տեղեկատվական տեռոր են կազմակերպում. ««Շողակաթ»-ը կարող է Բագրատի մասին գրի, որ Աստծո որդին է Հայաստանում, իրենք պարզապես տեղեկատվական ապահովում են անում այդ մարդու շուրջ, բայց այդ մարդն ի՞նչ է արել, բացարձակ տապալվել է, ինչ հայտարարել է՝ տապալել է, մնացել է որպես ուրվական, որ քայլում է Երևանի փողոցներում: Բագրատը արդեն հալվել-մաշվել է, ես առաջարկում եմ՝ վերադառնա ճգնավորության, բարձրանա լեռան գագաթ ու աղոթի Հայաստանի փրկության համար, դա կլինի իր ծառայությունը Հայաստանին»:
Զրուցակցի կարծիքով՝ շարժումը օրերի կյանք ունի, մի օր ավել, մի օր պակաս էական չէ, այն սպառել է իրեն ամբողջությամբ:
«Եթե իրենց մասին քիչ խոսենք, քաղաքական իմաստով կմեռնեն կգնան, ներքին միգրացիա՝ «չուվ» է կազմակերպել, երամով հիմա էլ չվում է Վարդենիս, երևի այնտեղից հետ չգա, մի քանի օր էլ կանցնի, այս մարդիկ կգնան իրենց ճանապարհով, որովհետև ժողովրդի աջակցությունը չկա, կա հակակրանք այն ամեն ինչի նկատմամբ, ինչ անում է ինքը: Կարծում եմ՝ նաև ատելություն կա նրա նկատմամբ, ենթադրում եմ, որ եթե չափն անցնի, կարող է մարդիկ վրեժ էլ ունենան՝ մեր եկեղեցին այլանդակելու, այլասերելու, հեղինակազրկելու համար»,- ասում է Սուքիասյանը:
![]()