![]()
ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ, հայտնել են ՀՀ քննչական կոմկտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի Վազգեն Սարգսյան փողոց 3 Կառավարական տուն 2 հասցեում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Արդյունքում, խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և նույն եղանակով խափանվել է հանրային միջոցառումը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նկարագրված խուլիգանական գործողությունների 5 մասնակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մայիսի 31-ի վաղ առավոտից Վազգեն Գալստանյանը համակրների հետ քայլերթով գնացել էր դատախազության շենք, նրանց մեղադրել անաչառ չլինելու հարցում, այնուհետև նա աջակիցներին ուղղորդել էր արտգործնախարարության շենք և շենքի դիմաց պահանջել հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունից հայտնել էին, որ տվյալ պահին նպատակահարմար չեն համարում հանդիպում կազմակերպել: Ոստիկանությունն էլ տեղեկացրել էր, որ Արտաքին գործերի նախարարությունը անցագրային ռեժիմային համակարգով գործող կառույց է, ցանկացած մուտք ենթադրում է ռեժիմի պահպանում՝ հորդորելով ցուցարարներին ձեռնպահ մնալ խախտման որևէ գործողությունից:
Գալստանյանը սկսել էր սպառնալ, որ լրագրողների և իր համակրների հետ կմտնի շենք:
Որոշ ժամանակ սպասելով՝ հոգևոր սպասավորի կարգավիճակը սառեցրած Գալստանյանը ոստիկանների հետ բախում էր հրահրել՝ փորձելով մտնել նախարարություն: Նրա համակիրները դարձել էին անկառավարելի, շշեր և այլ առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, հասցրել հարվածներ: Գործողությունների ժամանակ վիրավորվել էին ակտիվիստներ և ոստիկանության աշխատակիցներ՝ տեղափոխվելով բուժհաստատություններ:
Հասարակական կարգը պահելու համար ոստիկանությունը բերման էր ենթարկել անկառավարելի վարք դրսևորած ցուցարարներին:
Երեկ առավոտից էլ Վազգեն Գալստանյանը համակիրների հետ գնացել էր Քննչական կոմիտե, պահանջել հանդիպում կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի կամ կառույցի այլ պաշտոնյաների հետ:
Գալստանյանն ասել էր, որ այդ գործողություններով սատարում են այն անձանց, որոնք Արտաքին գործերի նախարարության դիմացից զանգվածային անկարգությունների մասնակից լինելու կասկածանքով ձերբակալվել են:
Նա և նրա համակրները կրկին վիրավորել էին ոստիկաններին, փորձել սադրել, ոստիկանությունն էլ իր հերթին պարբերաբար կոչ էր արել պահպանել զսպվածություն, չլարել իրավիճակը:
Մի քանի ժամ Քննչական կոմիտեի դիմաց ակցիա անելուց հետո Գալստանյանը աջակիցներին հորդորել էր հեռանալ՝ ասելով, որ թե հասել են իրենց նպատակին, ձերբակալվածներին մեղադրանք առաջադրված չէ, և նրանք ազատ կարձակվեն:
Գալստանյանը, սակայն, մանիպուլացրել էր, քանի որ, եթե ձերբակալումից հետո մեղադրանք չի առաջադրվում, ինքնաբերաբար ձերբակալվածները ազատ են արձակվում, և դա ոչ թե ճնշման, այլ օրենքի պահանջն է:
Միաժամանակ չէր բացառվել, որ նրանցից ոմանց նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել։
![]()