![]()
Գյումրու նախկին փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն անընդունելի է համարում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի և նրա համակիրների՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին բարձրաձայնած ցանկացած հայտարարություն կամ պնդում, թե իշխանությունը նրանց հետ կապված որևէ քայլ չի ձեռնարկում։
Վերջինս հավաստիացնում է, որ Գյումրիում հունիսի 1-ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հնչեցրած այն միտքը, թե շիրակցի գերիները մինչ օրս չեն վերադարձել, ու որևէ հարթակից նրանց մասին չի բարձրաձայնվում, սուտ է:
Պատգամավորը հիշեցնում է, որ 44-օրյա պատերազմից հետո գերիների մեծաթիվ քանակ եղել է հենց Գյումրիից, և հարցը զգայուն ու էմոցիոնալ է գյումրեցիների համար, այժմ այն կրկին թարմացնելն անթույլատրելի է։
«Միայն Խծաբերդում ունեցել ենք 62 գերի, նրանից 26-ը վերադարձել են 2023 թվականի դեկտեմբերին, երբ ՀՀ վարչապետը հայտնեց, որ Ադրբեջանից վերադառնում են մեր 32 գերիները։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ թե՛ Կարմիր խաչի, թե՛ այլ միջազգային կառույցների միջոցով հաստատված մեր բոլոր գերիները վերադարձել են, Շիրակի մարզից այլևս գերիներ չկան»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Ըստ պատգամավորի՝ պատերազմի ընթացքում մարզից անհետ կորածներ ևս կան։ Վերջինս վստահեցնում է՝ նրանց հետ կապված հարցերն ամեն վայրկյան ուշադրության կենտրոնում են. աշխատանքներ են իրականացվում, քննարկումներ. «Գերիների հարցը նախևառաջ շատ նուրբ թեմա է, և պետք չէ յուրաքանչյուր քաղաքական հարցով կազմակերպած փոքրաթիվ հավաքներին այդ մասին խոսել՝ հաշվի առնելով միայն սեփական շահը: Ցանկացած անզգույշ խոսք, անմտածված արարք կարող է որևէ պահի վնասել Ադրբեջանում պահվող մեր մյուս գերիներին»:
Առուշանյանի խոսքով՝ հայտարարությունները, թե Ադրբեջանում դեռ շիրակցի շատ գերիներ կան, հոգեբանորեն բացասաբար ազդեցություն կարող է թողնել գյումրեցի անհետ կորածների ծնողների հոգեվիճակի վրա։ Վերջինս ասում է՝ հայտարարությունը, որ գուցե իրոք գերիներ կան, խաթարում է որդու՝ կորստի հետ արդեն համակերպված ծնողի միտքը, նրա մեջ անհույս հույս արթնացնում ու ստիպում ապրել այդ ցավով:
«Մի դեպք պատմեմ․ երբ 2023 թվականին 32 գերիները վերադարձել էին, ես հոսպիտալում էի՝ նրանց կողքին, ու այնտեղ տեսա մի խումբ մարդկանց, որոնց հայացքները մինչ այսօր իմ աչքի առջև են։ Հարցրի ռազմական ոստիկանին, թե ովքեր են նրանք, ասաց՝ անհետ կորած տղաների ծնողներն են, եկել են գերիների հետ խոսեն, փորձեն տեղեկություններ իմանալ։ Հանդիպումը եղավ, խոսեցին։ Հիմա այդ մարդկանց էմոցիաների հետ խաղալը փոխելու է նրանց կյանքի ողջ ընթացքը։ Մի ավելորդ տառ, հայտարարություն ստիպելու է վերապրել ամեն ինչ ու ենթադրություններ անել, որ իրենց երեխան ողջ է։ Ո՞նց են հետո այդ մարդկանց աչքերի մեջ նայելու»,- նկատում է նա:
Զրուցակիցն ընդգծում է, որ կարելի է շահարկել ցանկացած հարց, բայց այն, ինչ կապված է մարդկանց հույզերի, էմոցիաների հետ, անթույլատրելի է. «Ես տղաների դիմավորմանը ներկա եմ եղել, տեսել եմ ծնողների հույզերը, նրանց հետ միասին ապրել եմ այդ զգացումը։ Կան մարդիկ, որոնց հետ մինչ այժմ էլ կապի մեջ եմ։ Հիմա փորձում են մոռանալ ամեն ինչ, ու հոգեբանորեն հաղթահարման փուլում են։ Շահարկումները գերիների հետ կապված խնդիրներ են առաջացնում նաև բանակցություններում»։
Ինչ վերաբերում է Գյումրիում Գալստանյանի կազմակերպած հավաքին, ապա, ըստ Առուշանյանի, գյումրեցին ևս գիտեր, որ այնտեղ, բացի փուչ խոսքերից, որևէ գաղափարական լուծումներ չեն սպասվում։ Ըստ պատգամավորի՝ եթե ընդդիմությունը չի կարողանում այլընտրանքային քաղաքականություն ներկայացնել, նշանակում է, որ իշխանությունը գնում է ճիշտ ճանապարհով:
Առուշանյանը նկատում է՝ այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ «սրբազան» կոչվող շարժումը չի համապատասխանում իր անվանմանը։
![]()