Սամսոնյանի և Սաղաթելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննության համար հրատապ նիստ է նշանակվել. հայտնի է պատճառը

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։

Այս մասին հայտարարել են Սամսոնյանն ու Սաղաթելյանը:

Միջնորդության փաստական հիմքն այն է, որ, ըստ դատախազի, նրանք խախտել են վարչական հսկողության պայմանները։

Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։

Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին՝ ժամը 13:00-ին, Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»:

Օրերս հայտնել էինք, որ «Իմնեմնիմ»-ի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվել է։ Նրանց նկատմամբ որպես խափանման նոր միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ սահմանափակվել է նրանց հաղորդումներ վարելը, ինչպես նաև վերջիններս պետք է զերծ մնային հրապարակային վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցնելուց:

Նախորդ ամիս հայտնել էինք, որ ձերբակալվել էին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը և «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը:

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել Սամսոնյանի և Սաղաթելյանի ձերբակալման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2024թ. մարտի 20-ին՝ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ էին հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դատարանը Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ