«Հոգևորական երբեք չեմ ուզեցել դառնալ». «սառեցված» Գալստանյանը եկեղեցի է մտել ֆուտբոլի պատճառով

Ուշադիր հետևելով Տավուշի թեմի նախկին առաջնորդ Վազգեն Գալստանյանի՝ վերջին շաբաթներին ցուցաբերվող վարքագծին՝ տպավորություն ունենք, որ նրա համար այլևս վաղուց խորթ է հոգևորականի կարգավիճակը, այլապես Աստծուն ծառայելու պատվից չէր հրաժարվի՝ ոտք դնելով քաղաքականություն։ Եվ իզուր չէ, որ իր 30-ամյա ծառայությունը սառեցնելու, այսինքն՝ իրեն աշխարհիկ կյանք արձակելու խնդրանքով դիմել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Տպավորություն ունենք, որ Վազգեն Գալստանյանը մեծ սիրով հոգևորականի հանդերձանքը կփոխարիներ աշխարհականի հագուստ-կապուստով ու ջինս-սպորտային շապիկով, Գառնիկ Դանիելյանի և մյուսների պես «ազատ հագուստով» կլծվեր երկիրը փրկելու դժվարին գործին։ Նա, ինչպես օրերս տեսանք, ռոքի հնչյունների ներքո ազատ ճախրելու, չարաճճիություններ անելու կարոտ (Գառնիկ Դանիելյանի գլխին շշից ջուր լցնելը), իրեն գաղտնալսելու համար իբրև թե «բզեզիկներ» տեղադրելու հեքիաթին հավատացող «մեծ երեխա» է, որը, այո՛, պահի տակ ոգևորվել ու պարծեցել է, թե կարող է իր ուժերից վեր ծանրություն բարձրացնել, բայց գերագնահատել է իր ուժերը։ Այժմ էլ, առերեսվելով այդ ծանրության գնալով սաստկացմանը, մտադիր է փախուստի դիմել, սակայն պատանեկան միամտությամբ… վախենում է վախկոտ կոչվելուց։

Ի դեպ, Գալստանյանը հոգևորական դարձել է, այսպես ասած, հանգամանքների բերումով։ Չի ցանկացել դառնալ, բայց դարձել է։ 88-ին եղել է Արցախյան շարժման մասնակից, ընդհուպ՝ ԱԻՄ-ական։ 2019-ին Հ1-ով ցուցադրված «Կեսգիշերն անց» հաղորդման շրջանակներում, ի պատասխան հարցի՝ «ինչպե՞ս որոշեցիք դառնալ հոգևորական, աշխարհը մեծ էր, ընտրությունը՝ մեծ», այն ժամանակ դեռևս ոչ ընդդիմադիր Գալստանյանն անկեղծացել է. «Ես կամ զինվոր կդառնայի կամ… Հոգևորական չեմ ուզեցել դառալ, անկեղծ խոստովանեմ, կեսգիշերն անց է, ասեմ, չեմ ուզեցել երբեք հոգևորական դառնալ, զանազան պատճառներով, երևի ինչ-որ չափով էլ խորհրդային քարոզչության տակ մնացած երիտասարդ էի, խանդավառ, և երբեք չեմ ուզեցել հոգևորական դառնալ։ Բայց երբ ճեմարան ընդունվեցի, նույնիսկ ճեմարան ընդունվելուց չեմ ուզեցել դառնալ, զուտ կրթության համար էի, որովհետև շատ բաղձալի վայր էր ինձ համար ճեմարանը։ Եվ ընդունվելուց հետո մեկ-երկու տարի հետո երբ խորությամբ սկսեցի ուսումնասիրել, հայ եկեղեցու պատմությունը սկսեցի կարդալ, հասկանալ՝ մեր մեծ վարդապետները, մեծ հայրերն ինչո՞ւ են այս ճանապարհը ընտրել։ Հարցադրումն է եղել, որ ես ընտրել եմ այս ճանապարհը՝ ինչու են այս մարդիկ ընտրել այս ճանապարհը։ Էդ տարավ ինձ դեպի սուրբ գիրք, դեպի «Նոր կտակարան», տարավ կյանքի ճշմարտության գիտությունը ճանաչելու։ Եվ էս համոզումով հավատքի ճանապարհի մեջ մտա ոչ թե միայն տեսականորեն։ Եվ ինձ համար հավատքը, Քրիստոսի հետևողությունը դարձավ կարևորագույն պայման, ինքնության ճանաչման հետ էր կապված, որը նաև ծառայություն է մեր ժողովրդին։ Եվ մի պահի հասկացա, որ ես չեմ կարող ընտանիք ունենալ, որովհետև չեմ կարող, այսպես ասած, կիսվել։ Ճիշտ էր, սխալ էր՝ դա երկրորդն է, բայց իմ համոզումը, կենսակերպը այսօր վկայում է դրա մասին, որ ճիշտ եմ արել, որովհետև դժվար պիտի լիներ թե՛ ընտանիքի համար, թե՛ ինձ համար։ Կոնկրետ մի ընտանիքի հետ խնամք տանելը և ունենալը դա, իմ կարծիքով, նաև նկարագրի հարց էր, և ինձ իմ Սուրբ եկեղեցու ամբողջական, որքան որ արժանի եղել եմ, այդ ճանապարհի մեջ տեսնելն էր»։ Մեկ այլ հաղորդման շրջանակներում էլ Գալստանյանը նշում է՝ կար ժամանակ, երբ ճեմարանի կողքով անտարբեր էր անցնում, իր ապագան էլ տեսնում էր ֆուտբոլում։ Դպրոցն ավարտելուց հետո էլ կանգնել է երկընտրանքի առջև՝ կամ պետք է ընդունվեր բուհ, կամ՝ բանակ գնար։ Խորհրդային բանակին ծառայելը միանգամից բացառել է։ Դիմել է Ժողտնտեսության ինստիտուտ, մտածել է, որ բարձր թվանշաններով կընդունվի, բայց մաթեմատիկայի քննությունից ցածր է ստացել, իսկ գրականությունից «կտրվել» է։ Հետո պատահաբար հայտնվել է ճեմարանում ու զմայլվել ներսի արձագանքով, պատին գրվածով՝ «սերտարան»։ Եվ այսպես, նախախնամության կամոք ընդունվել է ճեմարան ու դարձել հոգևորական։

«Մայրս հատկապես ամեն ավագ հինգշաբթի կամ ավագ շաբաթ ինձ ստիպում էր եկեղեցի գնալ, որովհետև ինձ ոչինչ հասանելի չէր, ոչինչ չէի հասկանում, բայց ես չէի գնում, բնականաբար։ Առաջին անգամ շատ մեծ տարիքում եմ եկեղեցի մտել»,- պատմում է այսօր ընդդիմադիր շարժում առաջնորդող հոգևորականը՝ հավելելով. «Ֆուտբոլն է պատճառ եղել, որ ես առաջին անգամ գիտակցված եկեղեցի եմ մտել։ Մենք մի հակառակորդ թիմ ունեինք, որի հետ անընդհատ, շատ զորավոր մրցակցություն էր մեր միջև, և անընդհատ փոքր հաշիվների տարբերություն էր լինում՝ երբեմն «ոչ-ոքի» էր լինում, երբեմն մենք էինք պարտվում, երբեմն՝ իրենք… բայց՝ փոքր հաշիվներով։ Եվ տղաներով՝ 3, 4 ընկերներով որոշեցինք խաղի նախօրյակին գնալ Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մոմ վառելու, քանի որ մեր դիմացն էր։ Նույնիսկ եկեղեցի մտնելուց, ես հիմա որ վերլուծում եմ, ամաչում էինք խաչ անենք, չանենք, շնորհքով չգիտեի էլ՝ ինչպես խաչ անել։ Խաղը ավարտվեց 7/1 հաշվով՝ հօգուտ մեր հակառակորդի»։ Այն խաղը, որի մեջ ներքաշվել է Գալստանյանը, նույնպես ավարտվելու է։ Թե ինչ հաշվով՝ կդժվարանանք ասել, բայց բոլոր նախադրյալները կան կանխատեսելու, որ՝ հօգուտ «սրբազան շարժման» «հակառակորդների»։ Այսինքն՝ գործող իշխանության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ