Վազգեն Գալստանյանը չի «մարսել». «Սրբազանը» դատի է տվել civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին ու ՔՊ-ին

Տավուշի թեմի նախկին առաջնորդ, օրըստօրե մարող «սրբազան շարժման» առաջնորդ Վազգեն Գալստանյանը, փաստորեն, որոշել է տեր կանգնել իր խոստմանն ու քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանի։ Դատի տալու իր մտադրության մասին արքեպիսկոպոսը հայտնել էր դեռ Կիրանցում՝ մինչև քայլերթով Երևան գալը։ datalex.am հարթակից տեղեկացանք, որ «սառեցված սրբազանի» անունից ներկայացված հայցը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել մայիսի 24-ին, սույն գործով նախագահող դատավորն է Աննա Սիլաջյանը։

Հայցապահանջն է. «Պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (civic.am լրատվական կայք) հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում՝ վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (civic.am լրատվական կայք) դեպքում՝ Civic.news յութուբյան ալիքում, հերքել Հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները. «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գործակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։ Հայցվորի ներկայացուցիչն է ԼՂՀ նախկին ՄԻՊ, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արդարադատության նախարարի տեղակալ աշխատած, ընդդիմադիր մի շարք ակտիվիստների և գործիչների գործերով փաստաբան Ռուբեն Մելիքյանի կինը՝ Աննա Փիլոսյանը։ Նշենք, որ Դավիթ Լևոնյանի կողմից՝ իր յութուբյան ալիքում Գալստանյանի վերաբերյալ անդրադարձից հետո լրագրողը բռնության ենթարկվեց։ Սրբազանի «թասիբը» պաշտպանելու «սուրբ գործն» իր վրա էր վերցրել ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական, նախկին դատավորի որդի Արթուր Սուքոյանը։ Վերջինս կալանավորված է։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) ապրիլի 30-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Լևոնյանը ճանաչվել է տուժող։ Նկատենք, որ լրագրողի նկատմամբ բռնության դեպքից անցել է մեկ ամիս, սակայն Վազգեն Գալստանյանն այդպես էլ չդատապարտեց լրագրողի նկատմամբ տեղի ունեցածը՝ այսպիսով հավանության արժանացնելով նմանօրինակ արարքները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ