Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Գյումրիում «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ կազմակերպված համերգը կայացել է, սակայն առանց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի մասնակցության։
Բանն այն է, որ, ԿԳՄՍՆ-ն տեղեկանալով, որ իր համախոհների հետ հունիսի 1-ին Գյումրի ժամանող Վազգեն (Բագրատ) Գալստանյանը նպատակ ունի այն քաղաքականացնել, համերգի ժամը փոխել է՝ այդ մասին տեղեկացնելով երգչախմբի հարցերով զբաղվող պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանին։
Վերջինս Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տավուշի թեմի երեխաները չեն մասնակցել համերգին, քանի որ ֆիզիկապես չեն կարողացել կազմակերպվել և նախատեսված ժամին ելույթ ունենալ։
Նկատենք նաև, որ Վազգեն Գալստանյանը Գյումրիում հանդիպել է «ՏաԼույս» երգչախմբի սաներին, որոնք Գալստանյանի ներկայությամբ երգել են, հնչեցրել շարժման կոչերը:
Նշենք, որ այսօր հենց նույն վայրում տեղի է ունենալու Գալստանյանի հանրահավաքը։