Զբոսաշրջային ոլորտը կարգավորելու, որակյալ ծառայություններ ապահովելու համար նոր նախագիծ է մշակվել. Ի՞նչ է առաջարկվում

ՀՀ կառավարությունը մտադիր է կարգավորել զբոսաշրջային ոլորտը՝ ապահովելու որակյալ ծառայությունների, ոլորտում հավասար մրցակցային դաշտի առկայությունը, ինչպես նաև սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոններն ու պահանջները։ Կարգավորման նպատակն է հստակ տարբերակել զբոսաշրջային օպերատորների և զբոսաշրջային գործակալների գործունեությունը։

Civic.am-ը էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված նախագծին կից հիմնավորումից տեղեկացավ, որ զբոսաշրջության ոլորտի նոր օրենսդրությամբ նախատեսված է 2024 թվականի սեպտեմբերի 1-ից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա։ Օրենսդրական վերոհիշյալ փոփոխությունը կնպաստի ՀՀ-ում զբոսաշրջային կազմակերպության կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում օրենքով հաստատված սպառողների շահերի պաշտպանությանը, Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տրամադրման վերահսկողության մեխանիզմների ներդրմանը։ «Հատկանշական է, որ ներկայումս զբոսաշրջության ոլորտում առկա է մի իրավիճակ, որը բացասական է ազդում մրցակցային միջավայրի վրա։ Բազմաթիվ սուբյեկտներ, մեծամասամբ նույնիսկ առանց պետական գրանցման, զբաղվում են զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի գործունեությամբ, մատուցում ցածրորակ ծառայություններ՝ ներգրավելով նաև ցածրորակ զբոսավարներ, Հայաստանն ու հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում են իրենց կարողությունների ու պատկերացումների շրջանակներում, որպես կանոն, աշխատակիցներ չունեն և աշխատատեղեր չեն էլ ստեղծում, հարկեր չեն վճարում, բնականաբար ծառայություններն առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով, քան բարեխիղճ գործարարները, որոնք արդեն կանգնած են շուկայից դուրսմղման վտանգի առաջ»,- նշված է հիմնավորման մեջ։
Չնայած օրենքով ներկայացված են զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հիմնական հատկանիշները, այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրի համար, ըստ հիմնավորման, անհրաժեշտ է սահմանել պահանջներ ու կանոններ։
Ներկայացված նախագծում առաջարկվում է սահմանել զբոսաշրջային օպերատորի համար պահանջները, զբոսաշրջային գործակալի համար պահանջները, ինչպես նաև զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները՝ ըստ կից հավելվածների։

Նախագծում մասնավորապես նշված է, որ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավարը չի կարող լինել՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտի կողմից իրականացման ենթակա գործունեության ծանուցման օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում սնանկ ճանաչված և չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձը։ Ինչպես նաև՝ իրավասու դատարանի կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով՝ ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձը, եթե համապատասխան դատական ակտով սահմանված ժամկետը չի լրացել կամ լրացել է զբոսաշրջային գործունեության սուբյեկտի ղեկավարի վերաբերյալ պետական գրանցումն իրականացնելու օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում։

Զբոսաշրջային օպերատորը, բացի դրանից, պարտավոր է մշակել և ընդունել իր ղեկավարների և աշխատողների համար էթիկայի կանոններ, որոնք պետք է սահմանեն՝ սպառողին տրամադրվող տեղեկատվությունը պատշաճ և ամբողջական ներկայացնելը, սպառողների մասնավոր կյանքի մասին տեղեկությունների հավաքագրումը բացառելը, սպառողի հետ հաղորդակցվելիս ձեռնպահ մնալ որևէ արտահայտությունից, կատակից, վարքագծից, որը կարող է վիրավորել սպառողի կրոնական, ազգային արժեքները կամ որը կարող է ընկալվել որպես սեռական ոտնձգություն։ Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, դրա պատմության կամ Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների մասին տեղեկություններ տրամադրելիս չաղավաղել դրանք, ներկայացնել բացառապես հավաստի աղբյուրներից ձեռք բերված տեղեկություն։

Առավել մանրամասն՝ այս հղումով՝ draft.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ