![]()
Իրավագետ Արտաշես Խալաթյանն իրավական տեսանկյունից որոշիչ չի համարում Վազգեն (Բագրատ) Գալստանյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ խնդրել է կաթողիկոսին սառեցնել որպես հոգևորական իր կապը։
Նրա կարծիքով՝ անլուրջ է նաև դրա վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքը, թե վերջինիս եպիսկոպոսական կարգը պահպանվում է, բայց դադարեցված է նրա՝ եկեղեցական և վարչական ծառայությունը։
Ըստ զրուցակցի՝ եկեղեցական իրավունքով «կարգավիճակի սառեցում» հասկացություն չկա, այդ նույն իրավունքով նախատեսված չէ նաև կարգի պահպանումը։ Այստեղից էլ տեղի ունեցող իրադարձությունները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խալաթյանը համարում է անտրամաբանական:
«Այսինքն՝ կա՛մ Գալստանյանը ինքն է իր կամքով դադարեցնում հոգևոր ծառայությունը ու վերահաստատում աշխարհիկ անունը, կա՛մ իրեն կարգալույծ են անում։ Աշխարհիկ ու հոգևոր կյանքն իրարից շատ տարբեր են․ եթե Գալստանյանը կուսակրոն հոգևորական է, ապա դառնում է աշխարհիկ կյանքին, հետո ուզում է նորից վերականգնել իր հոգևոր կարգը, հնարավոր չի լինի, քանի որ հնարավոր չի լինի նաև ասել, թե նա աշխարհիկ անձին բնորոշ ինչ գործունեությամբ է ապրել։ Հետևաբար քանի դեռ կարգալույծ բառը չի օգտագործվել, նա հոգևոր սպասավոր է»,- ասում է նա:
Խալաթյանը անտրամաբանական է համարում նաև այն, որ նմանատիպ հայտարարություններից հետո Գալստանյանը դեռևս շարունակում է մնալ հոգևոր հագուստով՝ կրելով խաչը։ Նրա դիտարկմամբ՝ եկեղեցու խնդիրն է, որ իր անունից հանդես եկող անձը լինի հոգևորական։
Հարցին՝ Գալստանյանի վերաբերյալ նման որոշում կայացնելով՝ Մայր Աթոռը արդյոք փորձո՞ւմ է հեռացնել իր վրայից շարժման հետագա պատասխանատվությունն ու վերականգնել եկեղեցու հեղինակությունը, իրավագետը նշում է․ «Այո՛, եկեղեցին այս ամենով ընդգծում է իր հեռավորությունը շարժման կազմակերպիչներից, որովհետև որոշ հոգևորականների ջանքերով փորձ էր արվում եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ՝ հետագայում ամբողջ պատասխանատվությունը կաթողիկոսի հետ կիսելու նպատակով։ Հիմա շարժման հետագա գործողությունների պատասխանատուն միայն Վազգեն Գալստանյանն է լինելու։ Եկեղեցու հոգևոր բարոյականությունը ժողովրդի մեջ անգնահատելի է։ Սակայն, եթե որոշակիություն լինի, որ վերջինս կարգալույծ է արվել, նրա բոլոր արարքները հոգևոր ու խորհրդանշական առումով կապված չեն լինի հոգևորականության հետ»։
Բացի դա, զրուցակիցը ընդգծում է, որ ՀՀ Սահմանադրության հետ էլ Գալստանյանի ասածները որևէ առնչություն չունեն․ եթե հայտարարվել է հոգևոր գործից հրաժարվելու մասին, ապա չի բարձրաձայնվել Կանադայի քաղաքացիության հարցը, սակայն, եթե անգամ Գալստանյանը օրեր հետո այդ մասին էլ խոսի, ապա դա պետք է ապացուցվի համապատասխան թղթաբանությամբ. Կանադայի ղեկավարությունը գուցե մերժի նրա դիմումը՝ պետության առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Միևնույն ժամանակ բանախոսը վկայակոչում է Սահմանադրության այն դրույթը, որ վարչապետի պաշտոնին հավակնող մարդը պետք է վերջին 4 տարին միայն Հայաստանի քաղաքացի լինի:
«Հոգևորականի դերը հասարակության մեջ օգտագործելով՝ գուցե փորձում են մանիպուլյացիաների գնալ, տեսեք՝ Գալստանյանը հրաժարվել է իր հոգևորական ծառայությունից, բայց չի ստացվում, որ հավակնի վարչապետի թեկնածուի պաշտոնին։ Իրավիճակը փրկելու համար իր փոխարեն կառաջարկենք այլ թեկնածուի»,- ասում է նա:
Միևնույն ժամանակ Խալաթյանը նկատում է՝ դա է պատճառը, որ եկեղեցուց զատ, Գալստանյանի կողքին այսօր երևում են միայն դաշնակցական պատգամավորներն ու ներկայացուցիչները։
Այս պայքարը ունի հոգևոր ու վտանգավոր ծիլեր, կարծում է իրավագետը, ուստի այլ հայտնի ուժերը թեև աջակցություն են հայտնել, բայց չեն ուզում կրել սահմանադրական պատասխանատվություն ու հայտնվել անհաղթահարելի խոչընդոտներում։
Ինչ վերաբերում է ռուսական կողմից հնչող մտահոգություններին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու տեսանկյունից, զրուցակիցը վստահ է՝ այս հայտարարությունները միայն ավելի են խորացնում այն ընկալումը, որ շարժումը ուղղորդվում է դրսից։
![]()