Համացանցում լայնորեն տարածվում են Ռուսաստանից հայերի որոշ խմբի ավտոերթով և այլ եղանակներով Գալստանյանի ցույցի համար Հայաստան ժամանելու մասին լուրեր։
Իրավապահ մարմիններն արդեն որերորդ քրեական գործն են հարուցել սպասվող հանրահավաքի համար գումարի դիմաց մարդկանց հավաքագրելու մասով։
Ինչքան կարելի է հասկանալ Լեռնային Ղարաբաղի երկու նախկին քաղաքապետերի ձերբակալությունից՝ մարդ հավաքագրելու գործում լուրջ դեր ունեն հատկապես ԼՂ-ի նախկին ՏԻՄ ղեկավարները։
Այն, որ Գալստանյանի շարժումը մայիսի 9-ի հանրահավաքից հետո օրգանիկ եղանակով ոչ միայն չաճեց, այլև վերածվեց եկեղեցու բակում երեկոյան փոքրիկ հավաքույթների շարքի, տեսանելի է բոլորին, այն որ երկրորդ փորձից հետո ևս օրգանիկ աճ շարժումը չի ունենալու, ևս կանխատեսելի է։
Այդ դեպքում հարց է ծագում. ինչի՞ համար է այսքան գումար ու ռեսուրս ծախսվում նոր հանրահավաքի համար։ Ի՞նչ պիտի տա նոր հանրահավաքը՝ նույն մեծամասամբ իներտ, ակնհայտորեն ինչ-որ ոչ քաղաքական նպատակով-ակնկալիքով հանրահավաքի եկած քաղաքացիների մասնակցությամբ։ Ոչ մի ավել բան, քան կտար Սուրբ Աննայի բակում հերթական փոքրիկ հավաքույթը, եթե իհարկե տեղի չունենա այն, ինչը կանխատեսում են շատերը՝ բախում։
Մեր վերլուծությունը ևս ցույց է տալիս, որ վաղը Գալստանյանը փորձելու է բախում հրահրել՝ կլինի դա շենքեր գրոհելով, թե ուղղակի ոստիկանների վրա հարձակում կազմակերպելով, բայց միևնույն է նպատակը բախումն է լինելու։
Հայաստան ներմուծված կրիմինալ էլեմենտներն էլ իրենց հերթին ծառայելու են այս նպատակի լավագույն կատարմանը՝ Ռուսաստանի «մարզված տղերքը» ըստ կազմակերպիչների պիտի որոշիչ դեր խաղան բախումներում։
Իհարկե, կազմակերպիչներն էլ են հասկանում, որ պետական համակարգի դեմ «փողոցի տղերքով» հաղթանակել ֆիզիկապես չեն կարող, բայց նպատակը հաղթանակը չի, այլ քաոսը, նրանք նպատակ ունեն ստանալ հետնոյեմբերիննյան էֆեկտ՝ նույնական լարվածությամբ, ատելությամբ և մնացածով։
Եվ քանի դեռ կաթողիկոսը չի հերքել, որ ինչ անում է Բագրատը՝ իր օրհնությամբ է, մնում է ասել, որ վաղը տեղի ունենալիքի թե’ հոգևոր, թե’ ֆիզիկական պատասխանատվությունը ևս կրելու է կաթողիկսը։