Մայիսի 26-ի հավաքի բազմամարդությունը ապահովելու և չխայտառակվելու համար ՀՅԴ-ն որոշել է «պակլոննիկներ» «ներմուծել» արտերկրից

Ակնհայտ է և անհերքելի, որ Տավուշի թեմի առաջնորդի գլխավորած շարժման ստվերային կառավարիչներից է նաև ՀՅԴ-ն՝ արտերկրի իր կառույց-մարմիններով, աջակից-համակիրներով։ Այո, ՀՅԴ-ի համար երկու անժամանցելի իրողություն կա՝ Հայոց ցեղասպանությունն ու… Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալումը։ Հայկական սփյուռքը, որն այսօր փորձ է արվում ներկայացնել ի դեմս միայն ՀՅԴ-ի, անթաքույց կերպով շահագրգռված է ՀՀ-ում իշխանազավթմամբ, որը, բնականաբար, ըստ հաշվարկի, պետք է տեղի ունենա ոչ թե բնականոն, սահմանադրական ճանապարհով՝ ընտրական հերթական գործընթացով, ժողովրդի իշխանությունը նորից ժողովրդին փոխանցելու եղանակով, այլ՝ ժողովրդի իշխանությունը արտահերթության կարգով վերցնելով՝ վարչապետ ու ժամանակավոր կառավարություն կարգելով։ Հենց այս նպատակին է ծառայում նաև այս օրերին գեներացվող իշխանազավթման օպերացիան, որի հերթական «ակտը» տեղի է ունենալու մայիսի 26-ին հրավիրված հանրահավաքում։ Այս օրերին, ի դեպ, ՀՀ-ում են գտնվում ՀՅԴ սփյուռքի մի շարք կառույցների՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ՝ ժամանած ավելի քան 20 երկրներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Ուշագրավ է, որ վաղը՝ մայիսի 25-ին, այսինքն՝ «վճռական» հանրահավաքից մեկ օր առաջ էլ Երևանում տեղի է ունենալու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ «Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը»,- նշված է ՀՅԴ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Սփյուռքից ՀՀ եկած ՀՅԴ ակտիվը, աներկբայորեն, ոչ միայն աջակցում, այլևս մասնակցելու է, ասել է թե՝ մարդաքանակ է ապահովելու մայիսի 26-ի հանրահավաքին։ Այնպես որ, նման մասշտաբային միջոցառումը հենց այս օրերին անցկացնելը բնավ պատահականություն չէ։ Ի դեպ, ՀՅԴ պաշտոնական էջը տեղեկացրել է նաև, որ ՌԴ-ից ավտոշարասյունով ՀՀ են գալիս տեղի հայերը՝ մասնակցելու «սրբազան շարժմանը», ինչի մասին, ի դեպ, տեղեկացրել է Հայ դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը: Այս՝ մոսկովյան աջակցությունը նույնպես պատահական լինել չի կարող՝ հաշվի առնելով ՌԴ-ի շահագրգռվածությունը ՀՀ-ում ամեն գնով իշխանությունը տապալելու ու դրածո իշխանություն ունենալու հարցում։ Հիշենք ու հիշեցնենք մեկ այլ անժամանցելի հայտարարություն՝ ՌԴ նախկին նախագահ, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի անուղղակի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին, ԼՂՀ-ում 2023 թ. սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո, թե՝ «Գուշակեք՝ ինչ ճակատագիր է սպասում նրան»:

«Այսօր կրկին հույս է առաջացել՝ հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմբվելու Սրբազանի շուրջ՝ սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաև Մոսկվա-Երևան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,- ասված է մոսկովյան հայազգի «փրկչի» ուղերձում։ Փաստորեն, հասկանալով, որ ՀՀ-ում եղած ընդդիմադիր էլեկտորատը բավականաչափ չէ՝ միտինգի բազմամարդությունը ապահովելու համար, ՀՅԴ-ն և իշխանափոխության մյուս շահառուները որոշել են մարդ «ներմուծել» դրսից՝ խայտառակ չլինելու համար։ Արդեն հայտնել ենք, որ այս օրերին ՀՀ-ում է գտնվում նաև մեկ այլ կարկառուն ՀՅԴ-ական՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, «մոլի հականիկոլական» Մուրադ Փափազյանը, որը արդեն իսկ հանդիպել է Բագրատ Գալստանյանին։ Հատկանշական է, որ Փափազյանի գլխավորած պատվիրակությանն օրերս ընդունել է «սրբազան շարժման» առաջ կանաչ լույս վառած, Գալստանյանի գործողությունները օրհնած Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վերջինիս մոտ ընդունելության արժանացածների թվում են նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև Ֆրանսիայի Սենատի պատգամավորներ։

«Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը և պատվիրակության անդամները քննարկեցին Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին առնչվող հարցեր՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը առկա խնդիրների հաղթահարման գործում»,- մասնավորապես ասված է ՀՅԴ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Ի դեպ, Ֆրանսիայում ապրող, բայց ՀՀ-ում իշխանափոխություն անել փորձող սույն «մըսյեն» կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Բագրատ սրբազանը կարող է լինել Հայաստանի հաջորդ ղեկավարը». «Մենք հանդիպեցինք Բագրատ սրբազանին։ Առաջին անգամն է, որ հանդիպում էի իրեն, շատ լրջորեն և մոտիկից հետևել եմ նրա քայլերին, հարցազրույցներին ու ելույթներին, իր ոճին և նկատել եմ, որ իսկապես մեծ մարդ է, և ինքը կարող է Հայաստանի առաջիկա ղեկավարը դառնալ, եթե ցանկանա։ Իր ծրագրով, իր տեսլականով նա կարող է վերամիավորել հայ ազգը։ Երբ որ ասում է, որ պետք է համերաշխություն լինի, երբ ասում է, որ ռազմավարական միաբանություն լինի հայ ազգի մեջ, երբ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պառակտեց հայ ժողովրդին՝ զատելով սևերի ու սպիտակների, ժողովուրդի և էլիտայի, նախկինների և նորերի, ներսի և դրսի հայերի, Հայաստանի և Արցախի հայերի»։

Եվ սա ասում է ՀՅԴ-ի «խելքի պուտուկներից» մեկը, որը լայնախոհության և քաղաքական բարձր ճաշակի էտալոն պիտի լիներ, բայց որը, փաստորեն, տեղյակ չէ, որ իր սիրելի սրբազանը շարժումն սկսել էր «եռագույնը հաղթելու է սևին և սպիտակին» լոզունգով, «հոգևոր» և «նոր» Հայաստանների հակադրություն քարոզելով, որի ղեկավարությամբ տեղի ունեցած միտինգի ժամանակ բեմահարթակից հնչել է ֆաշիստական հայտարարություն՝ «հայերի և չհայերի» մասին։ Եվ առհասարակ, Փափազյանը, ինչպես երևում է, սրբազան շարժման ընթացքին ու դրա ժամանակ կիրառված բառապաշարին չի հասցրել տեղեկանալ և տեղեկացնել ֆրանսիացի իր գործընկերներին։

Ի դեպ, այդ բառապաշարի «խտացվածքը» օրերս Հ1-ի տաղավարում շարժման համաառաջնորդ Սուրեն Պետրոսյանի հետ հարցազրույցի ժամանակ վերաշարադրեց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ «Դուք ասում եք, որ համերաշխություն եք քարոզում, շատ լավ եք անում, դա մեզ հիմա շատ պետք ա։ Հիմա եթե ես ձեզ խիստ պատկերավոր ասեմ՝ դուք «սատանա» եք, «չար» եք, «խամաճիկ» եք, «ողորմելի» եք, «դավադիր» եք, «կեղտաջուր զանգված» եք, «մոնղոլ» եք, «արաբ» եք, «փորները դուրս գցած խունտա» եք, «ծախու գրչակ» եք, «տականք» եք, «մարդասպան» եք, «կռապաշտ» եք, «փողոցային» եք, «շոշափուկ» եք… Դուք կընդունե՞ք, որ ես հաշտություն եմ քարոզում իմ և ձեր միջև»։ Սուրեն Պետրոսյանին ուղղված այս հարցադրմանը կարող է հանգիստ ու անկաշկանդ պատասխանել սրբազանի «պակլոննիկ» ընկեր Փափազյանը, որին, ի դեպ, ձեռնպահ ենք մնում անվանել ռուսաֆիլ, անադեկվատ, կուսակցա-կլանային շահերի գերի, արյունարբու հայդուկ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ