Տեղի ունեցող քննարկումներն ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը․ Փաշինյան

Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան։
Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:
Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը:

Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:
Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ