«Օրերս «սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք են նետել ասպարեզ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ դրանց հետքերով նույնպես գնալու է, դատական կարգով հասնելու է նաև այդ ստերի հերքմանը:
«Մի «մաքսանենգության» պատմություն, կամ, ինչպես կասեր «դասականը» իր խոհանոցային եթերներոում՝ ՍՏԻ ՎԵՐՋԸ
Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց լուրեր տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ երկրներ, մասնավորապես՝ խոսում էր ինչ-որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը կանգնեցրել են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, եւ դա ներկայացնում որպես իմ «բիզնես»:
Այդ բովանդակությամբ հրապարակումներ եւ եթերներում դրա մասին հայտարարություններ սկսեցին անել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը, Մարինա Խաչատրյանը:
Այդ օրերին բազմիցս հերքել եմ եւ ապա հայց եմ ներկայացրել դատարան Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ Համբարյանի եւ Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:
Ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, եւ պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է՝ իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը:
Նարեկ Սամսոնյանն ու Մարինա Խաչատրյանն արդեն իսկ հանդես են եկել համապատասխան հերքումներով: Մյուսների մասով վճիռների կատարումն ընթացքի մեջ է:
Եվ ուրեմն՝ ինչու եմ այս ամենը պատմում: Օրերս «սրբազան պայքարի» շրջանակներում հայտնի ստախոսները իմ մասին հեքիաթների նոր շարք են նետել ասպարեզ: Տեղեկացնում եմ, որ սրանց հետքերով նույնպես գնալու եմ, դատական կարգով հասնելու եմ նաև այդ ստերի հերքմանը: Ստի ոտքը կարճ է: Ստի կյանքը կարճ է: Մինչ հանդիպում դատարանում»,- գրել է պատգամավորը: