«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» վանաձորյան գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն համոզմանն է, որ Հայ առաքելական եկեղեցու՝ ի դեմս Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գլխավորած շարժման միակ շահառուն Կրեմլն է:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ բերելով փաստարկներ:
«Առաջինը շարժման աջակից քաղաքական ուժերի ներկայությունն է՝ Դաշնակցություն, «Հանրապետական», «Բարգավաճ» և այլն, որոնք իրենց քաղաքական դիրքորոշումներով, որն ունեին և՛ այն ժամանակ, երբ կառավարող ուժ էին, և՛ հիմա, երբ ընդդիմություն են։ Նրանք մշտապես հանդես են գալիս որպես ռուսական կայսրության ու Պուտինի հետ սերտ համագործակցություն ունեցող աջակիցներ։ Նույնիսկ ղարաբաղյան հարցի հետ կապված ասելիքները նույն արտահայտություններն են, որոնք հնչեցնում և հնչեցրել է ՌԴ-ն։ Այս ամենից զատ՝ Ռուսաստանին ներկայացնում են Հայաստանի միակ փրկիչ»,- նշում է նա։
Երկրորդը, Սաքունցի խոսքով, նշված ուժերի ժամանակաշրջանում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այս իշխանությունների օրոք քրեական տարբեր հանցագործությունների համար մեղադրվող անձանց ապաստանելն է Ռուսաստանում․ «Ինչո՞ւ են պատսպարվել Մոսկվայում, որովհետև այն աստիճանի են նրանք Հայաստանին վերաբերվում, որ նույնիսկ հանցագործներին չեն հանձնում։ Այս բոլորը ապացուցում են, որ շարժման միակ շահառուն Մոսկվան է»։
Միևնույն ժամանակ, զրուցակիցը նկատում է, որ Ռուսաստանը այլևս որևէ ազդեցություն ու վճռորոշ դեր չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլապես շարժման ներկայացուցիչներին փողոց դուրս չէր բերի։
«Տեղյակ ենք, որ սկսվել է Մոսկվա-Երևան ավտոերթ, սա էլ ուղիղ ապացույց է, որ այս շարժման աջակիցները գտնվում են ռուսական կայսրության տիրույթում։ Իմանալով, որ հայաստանյան հասարակությունը բացասական վերաբերմունք ունի Ռուսաստանի հանդեպ՝ փորձում են օգնության բերել ՌԴ-ում ապրող հայերին։ ՌԴ-ում որևէ խոսք կամ կարծիք արտահայտելը հեշտ չէ, եթե կայսրության ռեժիմի հետ համահունչ չէ։ Ակնհայտ է, որ տարածվող տեսաուղերձներով կոչերի մասին Ռուսաստանը տեղյակ է, այդ երկրում մարդիկ մինչև կայսրությունից համաձայնություն չեն ունենում, որևէ բան չեն ձեռնարկում»,- նկատում է նա:
Վերջինիս համոզմամբ՝ այս անգամ Հայաստանում իրավիճակ փոխելու համար Ռուսաստանն ընտրել է եկեղեցու ներկայացուցիչներին՝ հաշվի առնելով կառույցի նկատմամբ հասարակության ունեցած հարգանքը: Սակայն, ըստ նրա, փաստ է, որ ՀՀ ղեկավար կամ, այսպես կոչված, անցումային կառավարության վարչապետ որևէ դեպքում չի կարող եկեղեցական լինել։
Իսկ թե ո՞վ կլինի վերջիններիս վարչապետի թեկնածուն, Սաքունցը դժվարանում է ենթադրություններ անել։ Նրա խոսքով՝ փաստ է այն, որ Հայ առաքելական եկեղեցին դառնում է քաղաքական ընդդիմադիր կուսակցության կարգավիճակ ունեցող կառույց, ինչը անթույլատրելի է․ «Իրենց կուսակցությունների բոլոր ջանքերը ներդնելով՝ չստացան այն աջակցությունը, որը ուզում էին ու հիմա փորձում են դրսից ջրհորում ջուր լցնել, ինչն արկածախնդրություն է։ Ռուսաստանի դերակատարումը նման շարժման մեջ ՀՀ ինքնիշխանության և անկախության դեմ է»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելը նույնպե՞ս կարող է առնչություն ունենալ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքի հետ, որը, շարժման առաջնորդների համոզմամբ, վճռորոշ է լինելու, Սաքունցը պատասխանում է․ «Մոսկվան մասնակցում է ՀՀ ներքին օրակարգի ձևավորմանը, իսկ թե դա ինչ ընթացք կունենա, այլ հարց է»։
Իրավապաշտպանը վստահ է, որ հանրահավաքին հնչելու են կոչեր, որ Հայաստանը դառնա Միութենական պետության անդամ։ Իսկ թե ի՞նչ քայլերի կարող են գնալ թե՛ Ռուսաստանը, թե՛ նախկին իշխանությունները, զրուցակիցը դժվարանում է ենթադրել:
«Այնուամենայնիվ, ոչ օրինական քայլերն ու վարքագիծը պետք է արժանանան համապատասխան գնահատականի։ Իսկ այս ամենից հիմնական ազատվելու համար Հայաստանը պետք է ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-իս դուրս գա, ինչպես նաև՝ ռուսական ռազմաբազայի հեռացումը պետության ներսից»,- համոզմունք է արտահայտում նա: