ՌԴ-ից հայրենասիրական ճառեր արտաբերող, բայց այդպես էլ ՀՀ չվերադարձող Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը որոշել է նոր համագումար անցկացնել՝ «сотрем заново начнём» սկզբունքով։ Արդեն հայտնել ենք, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել է՝ մի շարք պատճառներով։ Մասնավորապես շարժումը դիմումին կից ներկայացված ապրիլի 5-ի հիմնադիր համագումարի արձանագրության մեջ չի տվել 300 հիմնադրի մասնակցության վերաբերյալ տեղեկություն։ Եվ բացի սրանից՝ «Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրը և նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը պետք է լինեն նույնական։ Դիմումատուն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն իր ներկայացրած տեղեկանքում և կուսակցության կանոնադրությունում նույն հասցեի փոխարեն տարբեր հասցեներ է նշել, որով խախտվել է օրենքի նշված պահանջը։ Ավելին, որպես իրավաբանական անձի գտնվելու վայր նշվել է կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի տան հասցեն» (Հովսեփ Էմինի փողոց, 104/1 տուն):
Եվ ահա, Կարապետյանը նման անփութության հետևանքով ստիպված է կրկնակի ծախսի տակ ընկնել՝ նորից համագումարի պատրաստություն տեսնել, մարդ հավաքել և այլն, որպեսզի բավարարի կուսակցություն գրանցելու՝ օրենքով նախատեսված պահանջները։ Կուսակցության անունից «Ազդարար» հարթակում նախօրեին հայտարարություն է զետեղվել, ըստ որի՝ համագումարը տեղի կունենա հունիսի 21-ին, ժամը 18.00-ին ԼԱ ԴԵ Ֆանս հյուրանոցային համալիրի մեծ դահլիճում։ Ծանոթանալով կուսակցության կանոնադրությանը՝ civic.am-ը պարզեց, որ այս անգամ որպես կուսակցության իրավաբանական հասցե նշված է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բաղրամյան 76/3 շինությունը։ Սա այն հասցեն է, որտեղ գրանցված է Արշակ Կարապետյանի ընտանիքին պատկանող անվտանգության համակարգերի վաճառքով զբաղվող «Էլկոմպ» ՍՊԸ-ն։ Արաբկիրում՝ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի հարևանությամբ, գտնվող այս տարածքը Կարապետյանի սեփականությունն է։ Ի դեպ, «Հայկական ժամանակ»-ը նախքան կուսակցության առաջին համագումարը նյութ էր հրապարակել այն մասին, որ «Համահայկական ճակատ» անունով քաղաքական նորահայտ կազմակերպությունը իր ծրագրի հիմնադրույթների մեծ մասը՝ ընդհուպ ճիշտ նույն ձևակերպումներով, «գողացել» է՝ պատճենել է «հին» կուսակցությունից՝ ՀՀԿ-ի ծրագրից։ Կարճ ասած, նախկին նախարարի ղեկավարած պրոյեկտը որոշել էր «հին «բորշչը» մատուցել թարմ «վինեգրետ»-ի անվան տակ»։
Հարկ է նկատել, որ քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարարը իր աջակցությունն է հայտնել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած շարժմանը, ավելին՝ «ճակատի» անդամ հանդիսացող մի խումբ մարդիկ՝ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի գլխավորությամբ, մասնակցում են շարժման հավաքներին, ավելին՝ բերման ենթարկվում։ Այդ շարժման՝ այս կիրակի տեղի ունենալիք հանրահավաքին մասնակցելու համար, ըստ մամուլի, մի խումբ հայեր ՌԴ-ից ավտոշարասյունով գալիս են Երևան։ Հետաքրքիր է՝ Կարապետյանն արդյոք այդ՝ ինչպես ասում են, հայրենանվեր հայորդիների ցանկում և՞ս կլինի, թե՞ որոշել է ցկյանս ընտրել հայրենիքը հեռուներեն պաշտող, բայց հայրենիքի քաղաքական կյանքին իր՝ նախկին ՀՀԿ-ական ադեպտների միջոցով մասնակցելու եղանակը։
Ի դեպ, ժամանակ առաջ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՌԴ-ում ապաստանած գեներալի՝ ժամանակ առ ժամանակ մամուլում հայտնվող վիդեոհարցազրույցներին և դրանցում արվող ամպագոռգոռ հայտարարություններին (ինչ-որ տրիբունալի ստեղծում և այլն), հորդորել էր վերջինիս՝ «Արշա՛կ, տուն արի»։ Օրերս էլ Կարապետյանը իրեն ուղղված հորդորը լսելու և տուն գալու փոխարեն հայտարարել էր, թե «Համահայկական ճակատ» կուսակցությունն ու շարժումը առաջարկում են որպես հայ ժողովրդի նոր ներկայացուցչի ընտրության հարթակ օգտագործել մեր նախաձեռնած «Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի» մեխանիզմը: Առաջին քայլը պետք է լինի Տրիբունալի Խորհրդի ստեղծումը՝ նրա կազմում բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական, երիտասարդական և տեղական կազմակերպությունների լայն ներգրավմամբ: Առաջարկում եմ հենց այսօր դրա կազմում ընդգրկել հայ ժողովրդի հարգանքն ու համակրանքը վայելող Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Բագրատ Գալստանյանին»։
Սա այն դեպքն է, երբ պետք է ասել՝ «մուկն իր ծակը չի կարողանում մտնել, ցախավելն էլ պոչից է կախ տվել»։ Ասել կուզի՝ նախ կուսակցությունդ գրանցիր, հետո նոր տարատեսակ տրիբունալների ստեղծման և դրանցում սրբազաններին ընդգրկելու հարց քննարկիր։