«Կիրանցիներն ինձ ասացին՝ մինչև վերջ գնացեք, մենք ձեր թիկունքին ենք»։ Բագրատ արք. Գալստանյանի մտքի այս արգասիքը վերջինիս «հեղափոխական» անտուրաժով լուսանկարին կից տիրաժավորել է «սրբազան» շարժման անցուդարձը լուսաբանող «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը։ Նկատենք, որ նույն լուսանկարն ու գրությունը տարածել է նաև Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը, որը, փաստորեն, այս ողջ ընթացքում, ինչ թեմի առաջնորդը մտել է քաղաքականություն, վերածվել է վերջինիս քաղաքական արշավը լուսաբանող էջի։ Հիմա ուղիղ մեջբերում անենք սրբազանի՝ երեկ կիրանցիների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո։ Երբ տեղում գտնվող ԱԺԲ-ականներից մեկը հարցրեց՝ «ի՞նչ ասացին ձեզ կիրանցիները», ի պատասխան Գալստանյանը ծոր տվեց. «Ասեցին՝ մինչև վերջ գնացեք, ոչ մի տեղ չկանգնեք, մենք էլ ձեր թիկունքին ենք։ Էդ մարդիկ, ովքեր այսօր արտասվում են։ Էդ արցունքները պետք ա պատասխան տրվեն, չի կարող էդ արցունքները հենց այնպես անցնել։ Մարդկային ողբերգություն է կյանքերի։ Սա անընդունելի է, մեր երկրում այսպիսի բան պիտի տեղի չունենա երբեք։ Մարդկանց տներն են ձեռքներից խլում, մարդկանց ողբերգության մեջ են դրել, գյուղը ամբողջությամբ, պետությունն ամբողջությամբ։ Էս արհավիրքն ու աղետը պիտի կանգնի»։
Մի կողմ թողնելով ասվածի ռազմահայրենասիրական սենտիմենտը, որով սրբազանն ամեն անգամ շաղախում է իր պսևդոքաղաքական ելույթները, կենտրոնանանք մեր ու շատերի ականջներին արդեն իսկ ծանոթ «մինչև վերջ գնալ» արտահայտությանը։ Հետաքրքրական է՝ ի՞նչ նկատի ունի Տավուշի թեմի առաջնորդը «մինչև վերջ» ասելով, ո՞րն է այդ «վերջը» և մինչև ո՞ւր, ո՞ւմ կամ ինչի՞ վերջին հասնելը, որից հետո պետք է արձանագրել՝ «ահա և վերջ»։ Սա հարցնում ենք՝ հաշվի առնելով եկեղեցու սպասավորին աջակցող և սատարող ուժերից ոմանց հետագիծն ու մինչև այժմ ցուցաբերած ոչ ստանդարտ, պրոբլեմատիկ վարքագիծը և հատկապես դրանց ներկայացուցիչների շուրթերից պարբերաբար թափվող ատելությունը իշխանության հանդեպ։ Մասնավորապես ԱԺԲ-ի (անվանափոխված «Սասնա ծռեր»-ի) համար կար ժամանակ, որ «մինչև վերջ»-ը ահաբեկչությունն էր՝ երեք ոստիկանի կյանք արժեցած ՊՊԾ գնդի գրավումը:
ԱԺ-ում մանդատներ ունեցող հայ ավանդական կուսակցության ներկայացուցիչներից ոմանց համար էլ «մինչև վերջը» «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության պարագլուխ լինելն ու գլուխ բերելն էր, 1996-ի նախագահական ընտրություններից հետո էլ սրբազանին սատարող, «Հայրենիքի փրկության շաժման» վարչապետի չկայացած թեկնածու Վազգեն Մանուկյանի և նրա կողմնակիցների համար էլ «մինչև վերջ»-ը ԱԺ-ի շենքը, որտեղ տեղակայված էր ԿԸՀ-ն, գրոհելն էր՝ ի կատարումն Մանուկյանի՝ «եթե 10-20 րոպեից չգամ՝ եկեք իմ հետևից»-ի. բորբոքված բազմությունը, հիշեցնենք, տապալեց ԱԺ արտաքին ցանկապատի հատվածը, ներխուժեց ԱԺ շենք, բռնություն գործադրեց ԱԺ նախագահի և փոխնախագահի նկատմամբ։
Ինչ է ենթադրում այս դեպքում «մինչև վերջ»-ը, եթե իշխանությանն առաջադրված պահանջը՝ հրաժարական, շարունակի տեղի չունենալ։ Գուցե «սրբազան» շարժման առաջնորդը, կիրանցիների խոսքը գետնին չգցելու համար, հրահանգելու է գրոհե՞լ ԱԺ-ն և կամ Կառավարության շենքը՝ հարկադրաբար հրաժարական պարտադրելով կառավարության ղեկավարին, թե՞ ԱԺ նախագահության և կամ պատգամավորների նկատմամբ որոշել են բռնության ակտեր կիրառել, ասենք՝ առևանգելու են ՔՊ-ական պատգամավորներին և նրանց ստիպելու միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին և կողմ քվեարկել…
«Մինչև վերջ գնալու», «ոչնչի առջև կանգ չառնելու» վերոթվարկյալ սցենարները կամ պետք է հերքվեն, կամ էլ հաստատվեն սրբազան շարժման լիդերի և քարոզչական շտաբի կողմից, հատկապես որ ՀՀ հանրությունն արդեն իսկ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո արդեն իսկ առերեսվել է Կառավարության և ԱԺ շենքերը գրոհելու, հեղաշրջում իրականացնելու քստմնելի փորձին։ Ի դեպ, այսօր ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, որ «Սպիտակցի Հայկո» մականունով հայտնի երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին, «լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, …քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ ԱԺ-ի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը»։
Ե՞րբ է գալու «մինչև վերջ»-ի վերջը
Եվ մինչ սրբազանը կպարզաբանի «մինչև վերջ»-ի վերաբերյալ իր հայտարարությունը, հիշեցնենք, որ հիշյալ կապակցությունը հոլովվել է նախքան այս տեղի ունեցած շարժումների ժամանակ, դրանց կարկառուն ներկայացուցիչներից կողմից։ 2020-ի դեկտեմբերի 27-ին, օրինակ, «Հայրենիքի փրկության շարժումը», որին, ի դեպ, միացել էր նաև Հայ առաքելական եկեղեցին, հայտարարություն էր տարածել, որում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկին, մասնավորապես ասվում էր. «Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդների, գիտակրթական և մշակութային մտավորականության, փաստաբանական համայնքի և հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ վարչապետի հրաժարականի միասնական պահանջն է, որ պարտադրել է Փաշինյանին հանդես գալ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգով: …Ինչպես նախապես հայտարարել ենք, վարչապետի հրաժարականին հաջորդող ժամանակավոր անցումային կառավարությամբ է հնարավոր երկրում ձևավորել հանրային համերաշխության մթնոլորտ և հակաճգնաժամային քայլերով կասեցնել պետականության կորուստը, որից հետո կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Մեր պայքարն արդար է, մեր պահանջը՝ հիմնավոր: Հայրենիքի փրկության համար պայքարելու ենք մինչև վերջ»: «Մինչև վերջ»-ը, նկատենք, այն արտաբերած քաղաքական շարժման մասնակիցների դեպքում ավարտվեց ԿԸՀ-ի դարպասների մոտ (որտեղ էլ շարժումը կնքեց իր «վերջը՝ մահկանացուն»)՝ արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր ներկայացնելով։ Բայց այ «ժամանակավոր կառավարություն» ձևավորելու թեզը, ինչպես զարգացումներն են ցույց տալիս, կենսունակ է նաև այսօր, քանի որ գրեթե նույն ուժերն այսօր արդեն համախմբվել են նոր անունով առանցքի շուրջ և կրկին փորձում են առաջ բրթել հին՝ վարչապետի հրաժարականի մասին օրակարգը։
2022-ի «Դիմադրության» շարժման օրերին էլ դրա առաջնորդներից ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը մեկ անգամ չէ, որ հոխորտում էր «մինչև վերջ գնալու» մասին՝ արտաբերելով գրեթե նույնպիսի բառապաշար ու ձևակերպումներ, որոնք այս օրերին հնչում են Բագրատ սրբազանի շուրթերից։ Նախքան «Դիմադրության» շարժման գլուխն անցնելը պարոն Սաղաթելյանն ազդարարել էր՝ «սխալվելու, մինչև վերջ չհաշվարկված քայլեր անելու որևէ հնարավորություն այլևս չունենք»։ Իսկ արդեն «Դիմադրության» շարժման մեկնարկին խրոխտ հայտարարեց՝ «ունենք մեկ ուղի՝ համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։ Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ։ Երեկ ես հայտարարել եմ՝ գնալու ենք մինչև վերջ։ Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը»։ Արդեն մայիսի կեսերին պարզ դարձավ, որ շարժումը փակուղում է և գնալով օքսիդանում է, քանի որ պարոն Սաղաթելյանն ու նրա խորհրդատուները, փաստորեն, հաշվակի մեջ չարաչար սխալվել էին՝ մոտ էր ոչ թե իշխանության, այլ՝ ՀՅԴ-ի նախաձեռնած ավանտյուրայի «վերջը»։ Ի դեպ, 2022-ի նոյեմբերին, երբ ԱԺ աշխատանքները բոյկոտած, փողոց դուրս եկած ընդդիմադիր պատգամավորները «լիզեցին իրենց թքածն» ու վերադարձան աշխատավայր, Իշխան Սաղաթելյանը հարցազրույց տվեց ու հառաչեց. «Ինձնից շատ ոչ ոք չգիտի մեր սխալներն ու թերությունները։ Դրանք բազմաթիվ են։ Կարո՞ղ էինք ավելի լավ անել՝ իհարկե։ Կարո՞ղ էինք ավելի լայն համախմբում ստեղծել, բոլոր բացերը վերացնել, ավելի լուրջ արդյունքներ ունենալ, միանշանակ՝ այո։ …Ու միշտ իմացեք, որ, անկախ իրավիճակից, անկախ ներքաղաքական բազմաթիվ հարցերից, ՀՅԴ-ն էս պայքարում իր բաժին կռիվը տալու է մինչև վերջին շունչը»։ Պարոն Սաղաթելյանը (երբ ասում ենք Իշխան, ուրեմն ողջ ընդդիմությունը հետն է) որոշեց «վերջին, թե նախավերջին շնչի» շրջանակներում ևս մեկ անգամ փորձել հեռացնել «այս աղետաբեր իշխանությանը»՝ օգտագործելով ԼՂՀ-ի նկատմամբ 2023 թ. սեպտեմբերյան ագրեսիայի փաստը։ Երբ բողոքական մասսան ընդդիմության և անդրպետական հրահանգիչների ցուցումով կրկին փողոց թափվեց՝ ուղղությունը բռնելով դեպի կառավարության շենք, հարթակում կրկին հայտնված Իշխան Սաղաթելյանը ազդարարեց. «Մի բան եմ ձեզանից խնդրում՝ այս օրերին տեմպը պահեք, եթե սա պահենք ու ավելացնենք, նրանք չեն դիմանալու։ Գնալու ենք մինչև վերջ»։
Ինչպես երևում է՝ ընդդիմության կողմից գեներացվող «մինչև վերջ»-ի վերջը չի երևում։ Բայց ակնհայտ է, որ պետք է վերջ տալ այս հետևողական անլրջությանը (թող որ այն այս անգամ փորձ է արվում լրջացնել «սրբազան» էպիտետով պատվելով) ու ցրվել տներով՝ մինչև կգա գործող խորհրդարանի ժամկետի՝ օրենքով նախատեսված վերջն ու դրանով պայմանավորված՝ հաջորդ ընտրությունների օրը։