«Դժվար կյանքս ու խաբված սերերս են, որ ինձ դարձրին այն, ինչ կամ, ու համարձակվում եմ ասել և թող ինքնագովություն չթվա՝ ես ինձ դուր եմ գալիս»,-մի առիթով այսպես է արտահայտվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի երգերը մինչ օրս ջերմացնում են հոգին, ապրեցնում են, թևեր տալիս:
Ամեն տարի շանսոնյեի ծննդյան կապակցությամբ Հայաստանում Ազնավուրի արվեստն արժևորող միջոցառումներ են կազմակերպվում:
«Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ, մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ է նախաձեռնել Երևանում՝ Կասկադում (Գաֆէսճեան քանդակների պարտեզ): Համերգային երեկոն, որի ընթացքում հնչելու են արտիստի սիրված երգերը, կմեկնարկի ժամը 20:00-ին:
Կամերային թատրոնը շանսոնյեին կանդրադառնա նոր ներկայացմամբ: «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» բեմադրությամբ հանդիսատեսը Շառլ Ազնավուրի սիրված երգերի ներքո կծանոթանա լեգենդար շանսոնյեի կյանքի վերելքներին և վայրէջքներին: Դերերում՝ Ներսես Մարկոսյան, Լառա Բաբայան, Դավիթ Աբրահամյան:
Երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանը, որ երկար տարիներ կատարում է Ազնավուրի ստեղծագործությունները, մայիսի 22-ին «One & Only» թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով: Երեկոյին բեմում կլինեն նաև Վահագն Հայրապետյանը, Դավե Գեոդակյանը, Արման Մնացականյանը, Դանիել Մելքոնյանը: Կներկայացվեն Ազնավուրի կյանքի հետաքրքիր դրվագները, իսկ համերգի վերջում կկազմակերպվի վիկտորինա, որի հաղթողներին անակնկալներ են սպասվում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էլ մայիսի 24, 25-ին տոն կնվիրի Ազնավուրի երկրպագուներին՝ «Լոտրեկ» ներկայացմամբ ներկայացնելով հոգեթով և գունագեղ ազնավուրյան աշխարհը՝ համեմված մեծանուն ֆրանսիացի գեղանկարիչ Տուլուզ Լոտրեկի խելահեղ գույների հրավառությամբ։