Թավշյա հեղափոխության տեխնոլոգիաները նմանակող «սրբազան շարժում»-ը այդպես էլ չի կարողանում կոնդիցիայի հասնել՝ հանրային-քաղաքական դաշտի լայն համախմբում արձանագրել, որի պարագայում էլ, ըստ պլանի, պետք է հրաժարական պարտադրել ՀՀ վարչապետին, ինչպես նաև մինչև այս պահը չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ վարչապետացուի անձի շուրջ։ (Չմոռանանք՝ ՀՀ-ում կա մոտ երեք միլիոն վարչապետի թեկնածու)։ Բայց, դատելով շարժմանն աջակցող ուժերի ներկայացուցիչներից ոմանց հայտարարարություններից (նրանց, ովքեր այս շարժման միջնորդավորված շահառուներն են և լիազորված են բարձրաձայնել ներքին որոշումները), «կա ըմբռնում», որ վարչապետի թեկնածուն հենց ինքը՝ Բագրատ արք. Գալստանյանն է լինելու։ Ընդ որում, ուշադրություն դարձնենք, վերջինս վարչապետ դառնալու դեպքում, ինչպես վերջինիս թեկնածությունը պաշտպանողներն են շեփորում, լինելու է ժամանակավոր, և որոշ ժամանակ անց տեղի են ունենալու նոր ընտրություններ՝ ձևավորվելու են նոր խորհրդարան, նոր վարչապետ և կառավարություն։ Մենք այս «ժամանակավոր վարչապետության»՝ հետևողականորեն քարոզվող տրյուկին դեռ կանդրադառնանք, հընթացս հիշեցնենք՝ Բագրատ Գալստանյանը ոչ մի կերպ չի կարող հավակնել ոչ ժամանակավոր, ոչ միջնաժամկետ և ոչ էլ անժամկետ կառավարության և դրա ղեկավարի պաշտոնին, քանի որ բախվել է Սահմանադրությամբ նախատեսված անհաղթահարելի պատնեշին՝ երկքաղաքացի է՝ ՀՀ-ի և Կանադայի, իսկ Մայր օրենքը պահանջում է, որ վարչապետի թեկնածուն լինի վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը։ Սահմանադրական այս հստակ ձևակերպված պահանջը ամեն կերպ շրջանցելու, այն իրավիճակային մեկնաբանման ենթարկելու, ավելին՝ «տեխնիկական լուծվող խնդիր» համարելու խոսույթն է, որ վերջին շաբաթներին գեներացվում է ընդդիմության «խոսող գլուխների» կողմից։ Քոչարյանի օրոք արդարադատության նախարար աշխատած Գևորգ Դանիելյանն, օրինակ, օրերս ընդարձակ հարցազրույց է տվել և մասնագիտորեն մեկնաբանել՝ «2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն»: Ապա, վկայակոչելով Սահմանադրության համապատասխան նորմը, մասնավորապես հավելել է. «Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի»: Սահմանադրությունը մեկնաբանելիս դրա ոգուն և տառին հավատարիմ լինելու փոխարեն վաստակաշատ իրավաբանը առաջարկել է առաջնորդվել «գերֆորմալիզմ» չցուցաբերելու սկզբունքով և… «օկ» համարել սրբազանի թեկնածությունը։ Եթե Քոչարյանը լիներ ՀՀ վարչապետն ու նրա օրոք որևէ հոգևորական ռիսկ աներ վարչապետանալու ամբիցիաներ ցուցադրել, և անուն հանած որևէ իրավաբան որոշեր Սահմանադրությունը մեկնաբանել «Երազահանի» օգնությամբ, ապա, վստահ ենք, այդ հոգևորականը կանվանվեր «редиска» (нехороший человек), իսկ իրավաբանի այդօրինակ մեկնությունն էլ՝ «իրավական սյուրռեալիզմ», արժանի «Կուշտունիցայի երևակայությանը»։
Գալստանյանին խորհրդարանի վրա որպես վարչապետացու «սաղացնելու» ջատագովներից է նաև ոչ դես, ոչ դեն… ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Այդ նա էր, հիշեցնենք, որ առաջին անգամ շրջանառեց Գալստանյանի թեկնածությունը, ինչին ի պատասխան էլ Կանադայի թեմի նախկին առաջնորդը ստիպված եղավ բացատրել՝ ինքը երկքաղաքացի է, սակայն եթե ժողովուրդը ցանկա, Աստված կամի, Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ օրհնի, ի՜նչ է եղել, պատրաստ է առաջադրվել։ Եվ բացի դրանից, սրբազանն առաջարկում է հանուն իր քաղաքական այսրոպեական կապրիզի փոփոխել Սահմանադրությունն ու այն հարմարեցնել ստեղծված իրավիճակին, այն է՝ երկքաղաքացին նույնպես իրավունք ունի հավակնելու երկրիս կառավարության ղեկավարի պաշտոնին։ ԱԺ-ում, ի պատասխան հարցի, թե Բագրատ Գալստանյանը Կանադայում հոգևոր առաջնորդ լինելու հիմքով է, որ ստացել է այդ երկրի քաղաքացիություն, չի մեկնել այդ երկիր բնակվելու և կամ բիզնեսով զբաղվելու նպատակով, ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը նկատեց՝ «ինչի համար ուզում է ստացած լինի, այլ երկրներում հոգևոր առաջնորդները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն, չեն կարող հավակնել ՀՀ-ում վարչապետի կամ պատգամավորի պաշտոնին։ Ով էր իրեն ասում՝ երկքաղաքացի ես, երբ որ ինքը Կանադայի հոգևոր առաջնորդն էր։ Բայց ինքը եկել ասում է, կամ՝ ասում են, որ ինքը պետք է դառնա վարչապետ, բայց մինչև այսօր դեռ չի էլ հրաժարվել այդ քաղաքացիությունից, հասկանո՞ւմ եք»։ Մենք հասկանում ենք, իսկ այ, ԱԳ նախարարի 10 տարվա փորձով Վարդան Օսկանյանը և նրա օրինակով «գալստանյան շարժման» «բալելշիկները» կարծես թե՝ ոչ։ Այս ժամանակավրեպ քննարկումը, անկեղծ ասած, հիշեցնում է սայլը ձիուց առաջ կապելու մասին դարձվածքը, երբ խախտված է գործողության տրամաբանական կարգը։
Այն է՝ գործող վարչապետը հրաժարական չի տվել և, ինչպես տեսնում ենք, չի պատրաստվում տալ, ավելին՝ չկա դրա նախադրյալը, նրան անվստահություն հայտնելու գործընթացն էլ զուտ իրավական առումով անհնար է, սեփական ոտքին կրակելու գործընթաց է լինելու, սակայն արդեն իսկ քննարկվում է Բագրատ Գալստանյանի թեկնածության «ընդունելի լինելը» վարչապետացուի պաշտոնում։ Սրբազանը, նկատենք, հո մատաղ չէ՞, որ «ընդունելի լինի»։ Ընդդիմության և այս դեպքում՝ Օսկանյանի հաշվարկն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լսելով սրբազանի բարեմասնությունների և առաքինությունների մասին, կհուզվի, կբռնի ու… հրաժարական կտա։ Բայց այս հրապարակման նպատակը ոչ թե սրբազանի թեկնածության ընդունելի լինել-չլինելու, նրա առաջադրման իրավական նախադրյալների բացակայության մասին է, այլ սրբազանի ջատագովների՝ օրենքի, օրինակարգության վերաբերյալ ընկալումների, Սահմանադրության նկատմամբ ունեցած վերաբերմունքի։ Այս ամենի վառ արտահայտումը Օսկանյանի՝ նախօրեին ֆեյսբուքյան լայվում արած հետևյալ հայտարարությունն է. «Օրեցօր Բագրատ սրբազանը իսկապես ցույց է տալիս ժողովրդին, որ ունի պետք եղած լուծումը ժողովրդին համախմբելու, առաջնորդելու։
…Այնպես որ, եկեք այլ տեղ այլ մարդ չփնտրենք, Բագրատ սրբազանն է (այդ մարդը), հատկապես որ սա, ես կարծում եմ, անցումային կառավարություն է լինելու, 5 տարով ընտրվող կառավարություն չի, և ղեկավարը մի տարում պետք է ուղղակի փորձի իրավիճակը շտկել և գնալ արտահերթ ընտրությունների։ Այնպես որ, ղեկավարի հարցում ակնհայտ է, որ նա ճիշտ մարդն է այս պահի համար։ Եվ, ուղղակի, եթե կան այս պահի համար որոշ տեխնիկական խնդիրներ, դրանք լուծելի խնդիրներ են»։ Գրեթե համոզված ենք, որ «տեխնիկական խնդիր» ասելով Քոչարյանի կառավարության ԱԳ նախարարը նկատի ունի ՀՀ բարձրագույն օրենքի՝ Սահմանադրության հետ կապված վերոհիշյալ արգելքը։ Վարչապետի թեկնածուի՝ Մայր օրենքի պահանջին չբավարարելը, փաստորեն, 10 տարվա ԱԳ նախարարի, դիվանագետի պատկառելի փորձով պաշտոնյայի համար ոչ դես, ոչ դեն… «տեխնիկական խնդիր» է, որը կարելի է հեշտ ու հանգիստ արհամարհել, տո՝ թքած ունենալ, առաջնորդվել «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով և ՀՀ քաղաքացիների գլխին փաթաթել ոչ օրինակարգ, ոչ լեգիտիմ, քաղաքականությունից անտեղյակ, ապաքաղաքական սուբյեկտի՝ նստեցնելով վարչապետի աթոռին։ Օսկանյանը օրենքի հետ խնդիր ունենալուն մատների արանքով է նայում, քանի որ նա, ինչպես ասում է ժողովուրդը՝ «սովոր ջան է», չէ՞ որ նա ԱԳ նախարար է աշխատել մի նախագահի օրոք, որը պալատական հեղաշրջման միջոցով ՀՀ նախագահ դարձավ օրենքի հետ լրջագույն խնդիր ունենալով՝ «ԺԷԿ»-ի կեղծված տեղեկանքով։ Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ նախագահի թեկնածուն ընտրությանը նախորդող 10 տարիների ընթացքում պետք է բնակված լիներ Հայաստանում և լիներ Հայաստանի քաղաքացի: Քոչարյանը չէր բավարարում այս երկու պահանջներից և ոչ մեկին: 1992-1997 թթ. Քոչարյանը նախ Արցախի վարչապետն էր, հետո նախագահը: Միայն 1997-ին էր նա տեղափոխվել Հայաստան և զբաղեցրել վարչապետի պաշտոնը։ 1998-ի նախագահական ընտրություններում իր առաջադրումը Քոչարյանը հիմնավորեց ՀՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի՝ Հայաստանի հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ։ Սակայն Քոչարյանի փաստարկը լրջագույնս կաղում էր, քանի որ անտեսում էր փաստը, որ Լեռնային Ղարաբաղն իրեն անկախ էր հռչակել 1991 թվականի սեպտեմբերին և անկախության հանրաքվե անցկացրել: Բայց, ի վերջո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Քոչարյանի թեկնածությունը։
Եվ հիմա Քոչարյանի և ռևանշիստների խմբակի մյուս անդամների կողմից «ընդունելի» վարչապետացուն, փաստորեն, պետք է անցնի նույն «ոդիսականով», ինչով որ 1998-ին անցել է ինքը՝ երկրորդ նախագահը՝ օրենքն ու օրինականությունը շրջանցելով իշխանություն զավթի։ Նախկին ռեժիմի իներցիան, սակայն, առնվազն 2018-ից չի գործում։ Հետևապես այս պահին «սրբազան շարժման» շտաբի համար օրակարգային է սրբազանի համար «ԺԷԿ-ի թուղթ» սարքելը… ա տամ դալշե բուդետ վիդնո։