Բագրատ Գալստանյանի և «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ Կիրանցից Երևան ճամփորդությունը ձախողելուց հետո երեկ կրկին որոշեցին ճամփորդել Երևանից Կիրանց, որտեղ կրկին լարված իրավիճակ առաջացրին։
Մասնավորապես Բագրատ Գալստանյանը հայտարարեց, թե իր առաջ չեն կարող ճանապարհ փակել, իսկ դրանից առաջ էլ գրեթե ամեն օր այս կամ այն քաղաքական գործչի և իշխանության աջակիցների հասցեին վիրավորանք և ատելության խոսք էր տարածում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ այնքան էր ոգևորվել, որ սկսել էր բարձրաստիճան ոստիկանների հետ «արա»-ով խոսել։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ հայտնել է, որ Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացվում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, ինչը փորձում են խոչընդոտել վերոնշյալ անձինք և նրանց հետ Երևանից գնացած քաղաքացիները։
Թեմայի վերաբեյալ Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ այն պահից, երբ այդ մարդը (Բագրատ Գալստանյանը) սկսեց քաղաքական հայտարարություններ անել և քաղաքական գործընթացներին մասնակցության հայտ ներկայացնել՝ ընդհուպ մինչև վարչապետի թեկնածու լինելը չբացառելը, արդեն կարելի է ասել, որ որոշակի չափով հեռացել է հոգևորականին հարիր վարքագծից, և այսօր էլ ու վերջին օրերին նման հայտարարությունները ավելի ու ավելի են նրան դասում քաղաքական գործընթացի մասնակցի, աշխարհիկ մարդու և շատ ավելի քիչ հոգևոր դասի ներկայացուցչի շարքերը։
«Այդ մարդը որոշել է քաղաքական կարիերա անել։ Իհարկե, Էջմիածնի իրավասությունն է՝ ինչպիսի արձագանք տալ, բայց ես ենթադրում եմ, որ կան որոշակի հիմքեր՝ տվյալ մարդուն աշխարհիկ անձանց շարքին դասելու, ու քանի որ նա աշխարհիկ գործընթացներին ներգրավվելու հայտ է ներկայացրել, իր կողմից դրսևորվող վարքագիծը ավելի նման է այլ աշխատանքով, այլ կերպ ապրող մարդու վարքագծի։ Մեկ օրինակ միայն. նախօրեին եկեղեցուց այլախոհ մարդուն, Հայ առաքելական եկեղեցու հետևորդին դուրս հանելիս տվյալ մարդը, ով փաստացի եկեղեցու սպասավորն է, որևէ առարկություն հանդես չբերեց, այլ ընդհակառակը: Անկախ քաղաքական հայացքներից՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների մուտքը կամ պաշտպանությունը եկեղեցում մշտապես, դարեր շարունակ եղել է կարևորագույն առաքելություն։ Այս դեպքում այս հոգևորականը հետևում էր, թե ինչպես են տվյալ մարդուն դուրս հանում եկեղեցուց»,- ասաց քաղաքագետը։
Բացի դրանից, նա նշեց, որ այն խոսույթը, որով հանդես է գալիս, այն գործընթացները, որոնք հարուցում են, և որոնք ղեկավարելու հավակնություն է ցուցաբերում նա, նրան բավականին հեռացնում են հոգևոր սպասավորի դիրքավորումից։
Խոսելով նաև Գառնիկ Դանիելյանի՝ ոստիկանների հանդեպ այսօրվա պահվածքի մասին՝ քաղաքագետն ասաց, որ դրան պետք է գնահատական տան իրավապահները: «Քաղաքական առումով ակնհայտ է, որ տվյալ քաղաքական ուղղության հետևորդները փորձում են սադրանքներ հրահրել, որովհետև այլ դաշտում որևէ հաջողության հասնել չեն կարողանում, և պետք է նշել, որ դա էլ կարծես թե չի ստացվում։ Թեև մյուս կողմից էլ՝ եթե ստացվեր և սադրանք լիներ, չեմ տեսնում, թե դա ինչպես էին օգտագործելու քաղաքական նպատակներով»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Վերջինս նշեց, որ քաղաքական գործընթացները ենթադրում են որոշակի գործողություններ, որոնք սերտ առնչություն ունեն անվտանգային իրավիճակի հետ, և պետության պատկան մարմինների ուղղակի պարտականությունն է թույլ չտալ, որ գործընթացները դուրս գան իրավաչափորեն հնարավորի կամ իրավաչափորեն սահմանվածի սահմաններից։
«Այս դեպքում, օրինակ, տվյալ մարդը փորձում է դուրս գալ այն հատվածից, որն արդեն սահմանազատված է, և այստեղ պետք է գործեն որոշակի օրենքներ, որոնք ենթադրում են, որ սահմանախախտի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվում։ Իհարկե, այստեղ մեկ վերապահում կա. սահմանապահները դեռևս տեղաբաշխված չեն, և այդ սյուներն էլ որ դրված են, դեռևս վերջնական ակտը ստորագրված չէ, և ճանաչված չեն երկու կողմից, որ այս կողմը Հայաստան է, մյուս կողմը Ադրբեջան է։ Մեկ այլ բան էլ կա. այստեղ երկկողմանի խնդիր կա, որովհետև, եթե այստեղ Հայաստանի իրավապահներն այդ գործընթացը սկսեն, և որոշակի իրավական հետևանքներ առաջացնի որևէ մեկի կողմից սահմանի խախտումը, դա դեռ ոչինչ, բայց հաջորդ տարբերակում, երբ սահմանապահներն արդեն վերջնականորեն տեղաբաշխված կլինեն, նման գործողություն կատարելու դեպքում այդ մարդը կարող է հայտնվել Ադրբեջանի իրավապահների ձեռքում, և Հայաստանը ստիպված կլինի բավականին երկար տանջվել, որպեսզի տվյալ մարդուն վերադարձնի Հայաստան»,- ասաց քաղաքագետը։
Նա նշեց, որ այստեղ ոչ միայն պետության անվտանգության, այլև տվյալ անձի անձնական անվտանգության հետ կապված խնդիր կա, և ՀՀ իրավապահ մարմինները ոչ միայն պարտավոր են, այլև իրավունք ունեն ապահովելու տվյալ անձանց անվտանգությունը նույնիսկ նրանց կամքին հակառակ, և դրանից բխող գործողությունները պետք է իրականացվեն։