Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ։ Առկա է մի հատված, որին զուգահեռ մեկ այլ հատված է պետք կառուցել։
Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք արդեն որոշակի նախագծային պատկերացումներ ունենք, թե ինչպես պետք է այդ լուծումները տալ։ Նախնական կարող եմ ասել, որ խոսքը մոտավորապես 700-750 մետր հատվածի մասին է։ Գործող ճանապարհին զուգահեռ, ոչ այնքան հեռու, քանի որ սահմանային գիծը մոտիկ է անցնում։ Որոշակի լուծումներ պատկերացնելուց զատ, այդ հատվածում մենք արդեն սկսել ենք որոշակի շինարարություն, որպեսզի հասցնենք ժամկետում նորմերին համապատասխան ճանապահ ունենալ։ Մեր նպատակն է կառուցել այնպիսի ճանապարհ, որը կբավարարի այն նորմերին, որին պետք է բավարարի հանրապետական նշանակության ճանապարհը։
Աշխատանքներն ընթացքի մեջ են, նախանշել ենք մոտ 2 ամիս ժամանակ, որպեսզի կարողանանք կառուցել ու երթևեկությունը հանգիստ տեղափոխել»,- ասաց Սանոսյանը։
Այս ճանապարհի կառուցմամբ որոշ սեփականատերերի հողատարածքներ կտուժեն, ինչի համար կլինի փոխհատուցում, քանի որ մի մասը համայնքային հողերով է անցնում, մի մասը կարող է անցնել սեփական հողատարածքներով։
Ըստ նախարարի, մինչ շինարարության ավարտը այն ճանապարհը, որը հիմա կա, նախնական պայմանավորվածությամբ շարունակելու է գործել, կա նաև փոխարինող ճանապարհ։
«Դա մինչև Կիրանց հասնելը Աճարկուտ գնացող և հետադարձով դուրս եկող ու հանրապետական ճանապարհին միացնող հատվածը, որի շինարարությունն ավելի վաղ էր նախատեսված՝ անկախ այս գործընթացից»,- ասաց Գնել Սանոսյանը։