Ռեժիսոր, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը զարմացած է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի գործողություններից, նրան առավել ապշեցրել է հատկապես այն, որ վերջինս իրեն թույլ է տվել քողարկված ձևով վիրավորական արտահայտություններ հնչեցնել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի հասցեին զուր տեղը:
Մանուկյանն այն համոզմանն է, որ հոգևորականի առաքելությունը սեր և խաղաղություն տարածելն է, սակայն այլ բան ենք տեսնում այս օրերին: Վերջինս 15 տարի ծառայել է եկեղեցուն, եղել դպիր և այդ ընթացքում չի լսել, որ քահանան «Խաղաղություն ամենեցուն» արտահայտությունից շեղվի, այլ բան ասի:
«Մեր պատարագների ընթացքում հիմնական քարոզը դա է, որ ուղղում է ժողովրդին հոգևորականը։ Ինձ թվում է՝ այս հոգևորականը Վազգեն (Բագրատ) Գալստանյանը այնքան է կրկնել այդ տեքստը, որ այլևս չի զգում բառի իմաստն ու տրամաբանությունը: Կրկնում եմ՝ քահանաների գործը ատելությունը մերժելն է, այն չեզոքացնելը, սակայն այս դեպքում պատկերը հակառակն է»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Մանուկյանը կարծում է, որ ամեն մարդ, այդ թվում՝ քաղաքականություն մտնելու հայտ ներկայացրած արքեպիսկոպոս Գալստանյանը, պատասխան է տալու Աստծո առաջ իր գործողությունների և խոսքերի համար:
«Ես քաղաքականության մասին ավելի լուրջ կարծիք ունեմ, մինչև ասելը, որ այս հոգևորականը քաղաքականություն է մտել։ Մանկամիտ խոսակցություններ են, թե՝ սպարապետի «քույրն» ես, եղբայրը չես, էժան քայլ է հոգևորականից, էլ չեմ ասում, որ մահացած մարդու միջոցով խոսելը տգեղ արարք է։ Խոսում է արծաթից, եկեք ընդհանրապես արծաթից չխոսենք. բոլորս էլ գիտենք, թե ով ու ում է դավաճանել արծաթի դիմաց։ Ինքս Արամ Սարգսյանին բազմաթիվ անգամներ լսել եմ, հետևում եմ և տեսնում եմ, որ շատ խելացի մարդ է, որևէ մեկին չի վիրավորում, կամ վիրավորել»,- նկատում է նա:
Հարցադրմանը՝ ըստ իրեն՝ ինչո՞ւ է Վազգեն Գալստանյանը թիրախավորել Արամ Սարգսյանին, նրա մեղադրում հարազատ եղբորը ուրանալու համար՝ այն դեպքում, երբ իր հետևում, ըստ տարբեր փորձագետների և հանրության ծանրակշիռ մասի, «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը կազմակերպած ուժերն են, զրուցակիցը պատասխանում է. «Գուցե մոռացել է, բայց ես մի քանի բան եմ հիշում․ մեկը պարզապես ասել էր «Պրիվետ Ռոբ», իրեն սպանել էին, մյուսը փորձել էր ինչ-որ հոդված գրել, ոտքերի տակ ռումբ էին տեղադրել։ Ամոթ է, պարզապես աբսուրդ»։
Մանուկյանը անհիմն է համարում ընդդիմության այն պնդումները, թե գործող իշխանությունը 2018 թվականի հեղափոխության ժամանակ պաշտոնյաններին թիրախավորել է:
«2018 թվականին շատ մարդիկ կային, որոնք ատում էին նախկին իշխանություններին, բայց հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ միշտ ասում էր՝ սա սիրո և համերաշխության շարժում է, ագրեսիա չէ։ Մենք փորձում էինք նախկինների ցանած ատելությունը փոխել, կանխել հետագա տարածումը, քարոզել միայն սեր, իսկ ատելությունը իրենք են մինչ այսօր քարոզում։ Սև ու սպիտակի մասին են խոսում․ բազմաթիվ անգամներ ասել ենք՝ Մարությանը ոգևորված էր, առաջին անգամ էր նման հաղթանակ ունենում, երբ հայտարարեց սև ու սպիտակների մասին, անզգույշ արտահայտություն էր, բայց վեց տարի անցել է, իրենք դեռ հիշում են։ Աստվածաշնչի հետ կապ չունեցող խոսքեր են ասում, նախադասություններ կրկնում։ Այսինքն՝ Գալստանյանը հիմա շատ դժվար վիճակում է, պետք է սթափվի»,- կարծում է նա։
Նախկին պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը եկեղեցիները չի կառուցել, որ հոգևորականները փողոցներով ման գան, իշխանափոխություն պահանջեն: Մանուկյանը հորդորում է հոգևորականին հետ վերադառնալ եկեղեցի, ապաշխարել: