Մի անգամ Կառավարության շենք է մտնում, մի կին հետևից վազում է, թե՝ «խոդը (вход) էստեղից է»: Շիրազը շրջվում է դեպի այդ կինն ու ասում․ «Խոտը դու ես, ընձի մուտքը ցույց տուր»:
Չէր սիրում, երբ խոսում էին հայերենախառն ռուսերեն: Կարող էր հայհոյել անգամ, բայց բոլորովին դեմ չէր օտար լեզու իմանալուն, ինքն էլ հրաշալի տիրապետել է ռուսերենին:
Այն, ինչը վերաբերում էր հային ու հայկականին, պետք է անխախտ ու անբասիր լիներ, անձեռնմխելի, առանց ձևախեղումների։ Սա շիրազյան սկզբունք էր, որը քայլեց բանաստեղծի հետ ողջ կյանքի ընթացքում։
Ըմբոստ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, երկու կարևոր փաստաթուղթ, որոնք մեկ անգամ ևս եկան փաստելու, որ Շիրազը բռնկուն ու անհանդուրժող է եղել դեռ ուսանողական նստարանից, պայքարի ոգին ու շունչը նրա էության անբաժանելի մասն են եղել մշտապես և ամենուր։
Շատ պատահական գտնվել են Լենինականի մանկավարժական ինստիտուտի (ներկայիս Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարան) 1935-1936 թթ. հրամանագրքում առկա ուսանող Հովհաննես Շիրազին վերաբերող երկու հրամանները։
«Հայոց լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանող ընկեր Հովհաննես Շիրազին տրվում է վերջին նախազգուշացումը պարապմունքի ժամանակ խոսելու, ավելորդ բացակայությունների և միջամտությունների համար։
Կրկնվելու դեպքում՝ հեռացնել»։
Սա առաջին հրամանն է եղել։ Երկրորդն արդեն հեռացման մասին է՝ հետևյալ բովանդակությամբ․
«Ուսանող Հովհաննես Շիրազին հեռացնել ինստիտուտից ստուգումները չհանձնելու և անկարգությունների համար»։
Երկու հրամանագրերն էլ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի նախաձեռնությամբ արդեն Շիրազի թանգարանում են՝ որպես ցուցանմուշներ։
«Այս փաստաթղթերը մենք հայտնաբերեցինք, երբ որ Շիրակի պետական համալսարանի 90-ամյակի առիթով արխիվային փաստաթղթերի հետ էինք աշխատում։ Գտանք, և շատ կարևոր պատմական այս վկայությունները ռեկտոր Երվանդ Սերոբյանը սիրոհոժար կերպով տրամադրեց թանգարանին։ Դրանք այժմ յուրաքանչյուրը կարող է տեսնել, մշտական ցուցադրության են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Թովմասյանը։
Այս երկու հրամանները, թեև Շիրազին տրվել են անկարգությունների, դասերից բացակայելու, շատ խոսելու համար, չունեն բացասական երանգներ, դրանք ճիշտ հակառակը՝ բանաստեղծի դրական ու էմոցիոնալ կողմերի բացահայտումներն են ու նրա էության իրական վկայությունները։
«Ավագները պատմում են, որ հիմնականում այդ անկարգությունները լինում էին այն պարագայում, օրինակ, երբ մեկի անունը հայկական ծագման չէր լինում, և Շիրազը ակտիվ բանավիճում էր, գնում բռնկուն խոսակցությունների։ Այսօրինակ դեպքերի բերումով է, որ եղել է ինստիտուտից հեռացման հրամանը, որն այսօր մեր ձեռքի տակ է հայտնվել»,- նշում է Թովմասյանը։
Թեև Շիրազը հեռացվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտից, սակայն այնպես չէ, որ կրթությունը չի շարունակել. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում ուսանել։
Երևանյան կյանքը ևս ի զորու չի եղել փոխել Շիրազին։ Որտեղ էլ եղել է, միշտ սիրտը դեպի Գյումրի է ձգտել։
Շիրազագետ Սամվել Մուրադյանը հիշում է, թե ինչպիսի կարոտ է տածել Շիրազն իր մանկության հուշերի քաղաքի նկատմամբ. «Ականատես եմ եղել, թե ինչպես է Գյումրու կարոտը Շիրազն ապրել Երևանում։ Կնստեր, կնստեր, մեկ էլ կասեր՝ էլի պիտի Գյումր էրտամ, քեֆ անելու հավես ունիմ»։
560 դիտում , 1 դիտում այսօր