Մայիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ավիավթարի հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և երկրի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հիշատակը։
Հանդիպումը հեռարձակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրո Կոմիսարիո Աֆոնսոն հայտարարել է 9629-րդ նիստի սկիզբը և Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և Ալժիրի պատվիրակության խնդրանքով, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների անունից՝ բոլոր ներկաներին առաջարկել է հոտնկայս միանալ լռության րոպեին:
«Մենք ցավակցություն և զորակցություն ենք հայտնում նրանց ընտանիքներին և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին»,- հավելել է Աֆոնսոն:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս նիստում քննարկվել են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգները։
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ թվով 9 մարդ, զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմըև այլ պաշտոնյաներ: