![]()
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գնահատականը՝ Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ, և այն «մտահոգությունը», թե իբր ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, և Վրաստանի դեպքում Արևմուտքը ահազանգում է, Հայաստանի դեպքում՝ աչք փակում, քաղաքագետ Էդգար Առաքելյանը համարում է ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին:
«Զախարովայի հայտարարությունները ևս մեկ անգամ ու վերջնականապես ապացուցեցին, թե ովքեր են կանգնած Հայաստանում ներկայումս ընթացող, այսպես կոչված, ընդդիմադիր գործընթացների հետևում, և ցավում եմ այն մարդկանց համար, որոնց պաշտպանում է Զախարովան՝ և՛ քաղաքական առումով, և՛ մարդկային»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:
Վերջինիս կարծիքով՝ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը իրավունք չունի քաղաքական գնահատական տալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հետն էլ նշել, թե ընդդիմության դեմ բռնաճնշումներ են կիրառվում այն դեպքում, երբ ՌԴ-ում ոչ միայն փաստացի չկա ընդդիմություն, այլ այնտեղ ընդդիմությանը սպանում են կա՛մ փողոցում, կա՛մ բանտերում. «Կարծում եմ՝ տիկին Զախարովան բարոյական իրավունք չունի խոսել նման իրադարձությունների, ճնշման, բռնի կամ ոչ բռնի մեթոդներից»:
Ըստ Առաքելյանի՝ Զախարովայի հայտարարությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել իբր սահմանագծման կամ սահմանազատման դեմ պայքարելու, ՌԴ-ից ուղղորդվող, ղեկավարվող ուժեր են:
«Ու ցավալիորեն Հայ առաքելական եկեղեցին՝ իր գլխավոր հոգևորականով և մյուս այլ հոգևորականներով հանդերձ, այդ ուժի ներկայացուցիչներն են: Այն պահից, երբ եկեղեցին մտավ այս գործընթացների մեջ, դարձավ քաղաքական կողմ, և այս բոլոր գնահատականները եկեղեցուն քաղաքական գնահատական են: Զախարովայի հայտարարությունը ուղիղ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, դրանից հետո ավելի ուղիղ միջամտություն կարող է լինել միայն այն, որ անձամբ գա ու սրբազանի հետ մասնակցի այս գործընթացներին»,- ասում է քաղաքագետը:
Միաժամանակ Առաքելյանը նկատում է՝ անկախ Զախարովայի՝ բռնության մասին պնդումների, ոստիկանությունը գործել է բացառապես օրենքի շրջանակներում:
«Ոստիկանության գործառույթն է օրենքի շրջանակներում պահպանել հասարակական կարգը: Չի կարող երկրում ամեն ամիսը, երկու ամիսը մեկ կամ էլ սեզոնային ինչ-որ քաղաքական սրացումներ լինեն, և ինչ-որ մարդիկ դուրս գան ու խանգարեն երկրում անդորրը, ճանապարհներ փակեն, չնայած, որ 1-2 օր հետո ցուցարարներից մնացել էին միայն աղբամանները: Եթե իրենք ունենային հանրային աջակցություն, գործընթացը այլ ուղով կգնար: Ավելին՝ ոստիկանությունը մեծ ջանքեր չի էլ գործադրում, այս գործընթացը մարել է ու մարում է բնական հունով: Տեսնում ենք, որ այսօր փողոցներում մի քանի հարյուր մարդ է հավաքվում, և սա անվանել ինչ-որ համաժողովրդական սրբազան պայքար, մեղք է և չի համապատասխանում իրականությանը»,- ասում է քաղաքագետը:
Նա ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Ռուսաստանում, օրինակ, բանտարկում կամ ձերբակալում են անգամ այն մարդկանց, ովքեր ուղղակի պաստառի վրա ինչ-որ բան գրած բողոք են արտահայտում:
«Երբ ՌԴ-ում բիրտ ուժով ցրում են ցուցարարներին, երբ սպանված ընդդիմադիր գործչի թաղման արարողությունն է դառնում ոստիկանության բիրտ վերահսկողության առարկա, այդ պարագայում խոսել այլ երկրների կողմից ընդդիմությանը ճնշելու կամ չճնշելու մասին, առնվազն բարոյական չէ: ՌԴ-ում փողոցում սպանում են ընդդիմադիրին, թունավորում, Նեմցովի օրինակը, ամենաթարմը՝ Նավալնու օրինակը, և բազմաթիվ ընդդիմադիրներ, ովքեր այսօր բանտերում են գտնվում, կամ արտաքսման ու փախուստի մեջ»,- ասում է նա:
![]()